×


Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմին միացել են Հայնո Ֆերչը, Մայա Մորգենշտերնը եւ Արմանդ Ասանտեն

Արցախի մասին պատմող «Վերածնվածը» ֆիլմում նկարահանվում են հանրահայտ դերասաններ Հայնո Ֆերչը, Մայա Մորգենշտերնը եւ Արմանդ Ասանտեն, այդ մասին տեղեկացրել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը:

Նա ընդգծել է, որ Հայնո Ֆերչը հայտնի է որպես «գերմանացի Բրյուս Ուիլիս» եւ ամենապահանջված դերասաններից է, որին ճանաչում են Եվրոպայում եւ Հոլիվուդում:

«Երկու տարի շարունակ կապի մեջ եմ եղել նրա հետ, քանի որ ցանկանում էի ընդգրկել «Վերածնվածը» ֆիլմի դերասանական կազմում՝ ֆիլմերում եւ հեռուստատեսությամբ ունեցած բացառիկ դերակատարումների համար։ Մեր ունեցած շարունակական քննարկումների ընթացքում երեւաց նրա ոգեւորությունը՝ միանալու այս ֆիլմի ստեղծմանը։ Ես ու իմ թիմն անչափ ոգեւորված էինք, որ Հայնոն, չնայած իր խիտ գրաֆիկին, ամեն ինչ արեց Կիպրոսի նկարահանումներին ներկա լինելու համար»,- Ֆեյսբուքում գրել է Ավետիսյանը:

Հայնո Ֆերչը՝ «Վերածնվածը» ֆիլմի նկարահանումներին


Ռեժիսորը խոստովանել է, որ Ֆերչը բացառիկ դերակատարում է ունեցել՝ խորություն բերելով իր կերպարին ու ավելի բարձրացնելով Արցախի մասին պատմող ֆիլմի որակը:

Հայնոն 12 անգամ առաջադրվել է տարատեսակ կինոփառատոններում, նրա աշխատանքներից առավել հայտնի է «Անկումը», որը 2005 թվականին «Օսկար»-ի է առաջադրվել «Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում»։

Մայա Մորգենշտերնը, որը համաշխարհային ճանաչում է ստացել Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմում Հիսուսի մոր՝ Մարիամ Աստվածածնի դերով, «Վերածնվածը» ֆիլմում մարմնավորել է Արաքսի Առաքելյանի կերպարը:

Մայա Մորգենշտերնը


«Նրա նվիրվածությունն ու արհեստավարժությունը նկարահանման հրապարակում իսկապես ոգեշնչող էին: Նրա կատարումը հանդիսատեսը անկասկած կհամարի գրավիչ ու հիշարժան, եւ Արաքսիի կերպարի նրա պատկերումը կնպաստի, որ Արցախի մասին պատմող ֆիլմը խորապես տպավորիչ լինի դիտորդի համար»,- նշել է ռեժիսորը:

Մայա Մորգենշտերնը եւ Ջիվան Գասպարյանը


Ջիվան Ավետիսյանը նաեւ խոստովանել է, որ երազել է աշխատել հոլիվուդյան իր սիրելի ֆիլմերից մեկի՝ 1997 թ.-ին էկրաններ բարձրացած «Ոդիսեւս»-ի գլխավոր դերակատար Արմանդ Ասանտեի հետ: Դերասանը հայտնի է «Գոտտի», «Մամբոյի թագավորները» եւ այլ ֆիլմերով:

«Կիպրոսում հնարավորություն ունեցանք երկու հիասքանչ շաբաթ անցկացնել նրա հետ նկարահանման հրապարակում։ Բացառիկ դերասան եւ հրաշալի մարդ է։ Նրա տաղանդն ու նվիրումը լուսավորում էին յուրաքանչյուր տեսարանը: Հպարտ եմ, որ կարող եմ նրա հետ աշխարհին պատմել Արցախի մասին»,- նշել է ռեժիսորը:

Արմանդ Ասանտեն եւ Ջիվան Գասպարյանը


«Վերածնվածը» ֆիլմում խաղում են Բաբկեն Չոբանյանը, Արթուր Կարապետյանը, Արաքսյա Մելիքյանը, Նարինե Պետրոսյանը, Նարեկ Բաղդասարյանը, Մարիամ Ադամյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Վաչե Երիցյանը եւ ուրիշներ:

Լուսանկարները՝ «Վերածնվածը» ֆիլմի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW