Հայկական եւ արտասահմանյան լավագույն հեղինակային ֆիլմերով, անվանի դերասանների, ռեժիսորների մասնակցությամբ, վարպետաց դասերով ու կինոսեր հանրության մեծ ոգեւորությամբ Երեւանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը։ Հոբելյանական միջոցառումների, հանդիպումների, Կաննի, Բեռլինի, Վենետիկի ամենասպասված ֆիլմերի պրեմիերաների պակաս այս տարի էլ չկա. մինչեւ հուլիսի 14-ը երեւանցիներն ու քաղաքի հյուրերը կվայելեն ծիրանահոտ ամառվա գլխավոր կինոտոնը։
Ավանդական կարմիրի փոխարեն՝ հայկական մոտիվով գորգեր
Բացման միջոցառումը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում էր, որտեղ հյուրերը չանցան կարմիր գորգով. փառատոնի կարեւոր դետալն այսուհետ կկրի լրացուցիչ իմաստավորում։ Կարմիր գորգին փոխարինել էին արվեստագետ Դավիդ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործների պատրաստած գորգերը, որոնք կազմում են «Տեղորոշում» հավաքածուն։ Սա նպատակ ունի ներկայացնել հայկական գորգագործության լավագույն ավանդույթներն ու ժամանակակից տաղանդաշատ դիզայներների, նկարիչների ներուժը։
Առաջին մրցանակը՝ փառատոնի պատվավոր հյուր Քեւին Սփեյսիին
Համերգային դահլիճում ներկայացվեցին մրցութային եւ արտամրցութային ծրագրերը, մրցանակներ հանձնվեցին պատվավոր հյուրերին, այնուհետեւ ցուցադրվեց բացման ֆիլմը։ Առանձնահատուկ անդրադարձ կատարվեց երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի եւ Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:
Այս տարի որպես պատվավոր հյուր Երեւան է հրավիրվել կրկնակի օսկարակիր, թատրոնի եւ կինոյի հանրահայտ դերասան Քեւին Սփեյսին։ Փառատոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կարեն Ավետիսյանն առաջին մրցանակը հենց նրան հանձնեց՝ համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար։ Դերասանը շնորհակալություն հայտնեց իրեն ջերմորեն ընդունելու համար եւ ասաց՝ երջանիկ է այստեղ գտնվել, հատկապես որ բացման արարողությունը համընկել է Վարդավառի հետ․ ինքն էլ հասցրել է մասնակցել տոնին ու մի լավ թրջվել Համալիր գալուց առաջ:
«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել այսքան պատվարժան կինոգործիչների հետ։ Երբ էկրանին դիտում էի իմ մասնակցությամբ տարբեր ֆիլմերից հավաքված կադրերով հոլովակը, մտքումս հիշում էի այն մարդկանց, որոնք ստեղծել են դրանք՝ ռեժիսորներին, սցենարիստներին, խաղընկերներիս ու նկարահանող թիմերին։ Ինձ պատվելով՝ իրականում պատվում եք այն մարդկանց, որոնք նկարահանել են այդ ֆիլմերը, որոնք իմ կյանքը մեծապես ու շրջադարձային փոխել են»,- նշեց Սփեյսին։
Ատոմ Էգոյանի «Յոթ քողը»
Տասներկու տարի անց «Ոսկե ծիրան» է վերադարձել կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը, որի նոր կինոնկարով էլ բացվեց փառատոնը։ Մինչ այդ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն էլ Փարաջանովյան թալեր հանձնեց նրան ու հիշեց, որ 21 տարի առաջ հենց Էգոյանն է առաջին մրցանակը ստացել փառատոնում՝ որպես հաղթող ֆիլմի հեղինակ։ Ջերմ գրկեցին միմյանց ու խոստովանեցին, որ քչերն էին հավատում «Ոսկե ծիրանի» ապագային։
Շուտով պիտի ցուցադրվեր Էգոյանի «Յոթ քողը», որի գլխավոր դերում ամերիկացի հայտնի դերասանուհի Ամանդա Սեյֆրիդն է։ Ռեժիսորն իր խոսքում պատմեց, որ ֆիլմը նկարահանելիս ոգեշնչվել է երկու մեծ արվեստագետների գործերով՝ Օսկար Ուայլդի եւ Ռիխարդ Շտրաուսի, որոնք ստեղծել են «Սալոմե» պիեսն ու օպերան։ «Սա իմ փորձն է վերցնել այս գլուխգործոցը եւ դիտարկել այսօրվա խնդիրների լույսի ներքո»,- ասաց Էգոյանը։
Ժյուրիի կազմերը՝ անվանի ռեժիսորների նախագահությամբ
Անվանի կինոգործիչների ներգրավվածությամբ է աչքի ընկնում նաեւ մրցութային ծրագրերի ժյուրիների կազմը։ 21-րդ «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է հնդկական ծագմամբ ամերիկացի ռեժիսոր Թարսեմ Սինգհը, որը հայ հանդիսատեսին գուցե առավել հայտնի է որպես Լեդի Գագայի փարաջանովյան գեղագիտությամբ ոգեշնչված «911» երգի տեսահոլովակի հեղինակ։ Լեդի Գագայից բացի, Թարսեմի ռեժիսորական աչքով են տեսողական մարմին ստացել «R.E.M.»-ի «Losing My Religion» երգը, Վանեսա Պարադիի «Be My Baby»-ն, Լու Ռիդի «What’s Good»-ը եւ այլն։
Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է կրկնակի oսկարակիր Ալեքսանդր Փեյնը, որի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի, այդ թվում` 4 անգամ «Լավագույն ֆիլմ» եւ 3 անգամ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։ Փառատոնի շրջանակում կկայանա նրա հինգ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։
Ատոմ Էգոյանն այս տարվա կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահն է։
Ցուցադրություններն ու տոմսերը
Կինոդիտումների մեկնարկը տրված է, դրանք տեղի են ունենում Երեւանի Կինոյի տանը եւ Մոսկվա կինոթատրոնում, իսկ տոմսերը հասանելի են ինչպես առցանց, այնպես էլ տեղում։ Փառատոնի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: