Երգչուհի Արմինկան հյուրընկալվել է Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարին եւ անկեղծ խոսել ընտանիքի, մայր լինելու, ԱՄՆ տեղափոխվելու, կարիերայի հին ու ակտիվ շրջանի, Նադեժդա Սարգսյանի հետ աշխատանքի եւ կոնֆլիկտների մասին։
«Նադյան ուներ ֆանտաստիկ կարողություն՝ տալու իր բեմական բոլոր հմտությունները։ Ինձ որ ասում էին՝ «ժամանակն է, դուրս արի», պատասխանում էի՝ «Դեռ բան ունեմ Նադյայից վերցնելու»։ Նա առաջին հերթին արտիստ էր, իր գործի նվիրյալ ու պրոֆեսիոնալ։ Դրա համար չեմ կարող ասել՝ շատ պահանջկոտ էր, որովհետեւ այդպիսին էլ պիտի լիներ։ Ուղղակի հաջողակ եմ եղել, որ այդ դպրոցն անցել եմ։ Ամենաերկար աշխատողներից մեկն եմ եղել, շատ քչերն են հինգ տարի դիմացել այդ ակտիվ ռեժիմին։ Եվ նա այնպես արեց, որ ես սիրահարվեցի այս գործին ու մասնագիտությանը»,- պատմել է Արմինկան՝ խոսելով Նադեժդա Սարգսյանի հետ համագործակցության մասին։
Նա, սակայն, անդրադարձել է նաև իրենց ընդհարումներին ու երգչախմբի կազմալուծման պատճառներին․ «Իհարկե, եղել են անհամաձայնություններ, եղել են բախումներ։ Հետո եղել է շատ մեծ կոնֆլիկտ, որ մենք տարիներով իրար չենք բարեւել անգամ։ Հինգ տարվա քրտնաջան աշխատանքից ու մոսկովյան մեծ համերգներից հետո մեր խումբն իր զարգացման բարձրակետում էր, բայց հենց այդտեղից Նադյան քանդեց խումբը։ Երեւի, ժամանակն էր Էմկայի անհատական կարիերայի վրա կենտրոնանալու (նկատի ունի երգչուհի Էմմիին՝ Նադեժդա Սարգսյանի դստերը,- հեղ․)։ Նա դա միանգամից չարեց, կամաց-կամաց խումբը քանդեց՝ նախ հանելով երաժիշտներին, հետո սկսեցինք մինուսներով երգել, որին սովոր չէինք։ Տղաներին կրճատեց, հետո ասաց՝ երգչուհիներին պիտի կրճատի։ Հասկացա՝ ժամանակն եկել էր, որ նա ստեղծի մի ուրիշ բան, արդեն նոր, ավելի երիտասարդ կազմով, որպեսզի Էմմին լինի գլխավոր կետում։ Դրա համար քանդեց հինը եւ կառուցեց նորը։ Ես, իհարկե, առաջին «Դո-Ռե-Մի»-ից հետո ասացի՝ ցտեսություն»,- անկեղծացել է երգչուհին։
Արմինկան նաեւ խոսել է ծնողավարության լուսավոր ու բարդ կողմերի մասին․ «Մայր լինելը հրաշալի բան է։ Մեծ պատասխանատվություն է, երեւի դժվարությունը դա է։ Օրը 24 ժամ աշխատանք է ծնող լինելը, բայց հիանալի բան է։ Երեւի, կյանքում ինձ բաժին ընկած ամենասքանչելի դերն է, առաքելությունը։ Իսկապես մայր լինելը մեծագույն օրհնություն է»։
Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: