Օգոստոսի 10-ին եւ 11-ին «Հաղթանակ» զբոսայգու տարածքում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ փառատոնը, որի նպատակն է ազգային հագուստի, մշակույթի, ավանդույթների զարգացումն ու ցուցադրումը թե´ մայրաքաղաքի հյուրերին, թե´ Հայաստանի բնակիչներին:
Միջոցառման առաջին հատվածում նախատեսվում է ցուցահանդես-վաճառք արհեստագործ վարպետների, Հայաստանի թանգարանների, հայկական արտադրանքը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ։
«Բարի ավանդույթ է նաեւ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների եւ ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների մասնակցությունը։ Ընթացքում կանցկացվեն ազգային խաղեր, ուսուցողական ժամանցային ծրագրեր, ցերեկային ցուցադրություններ՝ ներկայացնելով երիտասարդ դիզայներների հավաքածուները»,- նշված է մամուլի հաղորդագրությունում:
Փառատոնի երկրորդ մասում կլինի ազգային հագուստի ցուցադրություն՝ ժամանակակից ներկայացմամբ։ Կցուցադրվեն «Տերյան մշակութային կենտրոն»-ի, տեղացի եւ միջազգային դիզայներների տարազային եւ հայկական զարդանախշերի ու գորգանախշերի բաղադրիչ պարունակող հագուստների անհատական հավաքածուները։
«ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն իրականացնելու գաղափարը «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ինն է:


×
1,497






