Լիալուսնի օրը՝ հուլիսի 20-ին, Full Moon Fest երաժշտական եւ ժամանցային ամենամյա փառատոնն այս տարի արտերկրից հյուրընկալել էր Outlandish, Vintage, 5Sta Family, Banderos խմբերին, իսկ երեկոն եզրափակեց հայկական Reincarnation-ը։
Չնայած միջոցառման մեկնարկից առաջ եղանակը կտրուկ վատացավ ու սկսվեց հեղեղային անձրեւ եւ քամի՝ Dalma parking 2-ում հավաքվածները համառորեն վայելեցին իրենց երաժշտական օրը։ Փառատոնը բացելու գործը վստահված էր D'Litte-ին (Լիլիթ Օսիպյան), որի ելույթը համընկավ անձրեւի ամենաթեժ պահին։
Ելույթից հետո երգչուհին նշեց․«Փառատոնների շնորհիվ արտիստները ծանոթանում են միմյանց հետ, հետո ինձ համար, որպես հեղինակ-կատարողի, շատ կարեւոր է հանդիսատեսի հետ կապը: Անկախ եղանակից եւ իմ առողջական թեթեւակի խնդրից՝ դրական լիցքեր ստացա։ Հանդիսատեսը երբեք չպետք է իմանա, թե ինչ վիճակում ես եկել: Ինձ համար կարեւոր էր նրանց հետ հույզեր կիսել, քանի որ ելույթիս 45 րոպեի ընթացքում չորս տարի ավելի եմ ապրում»։
D'Litte-ը տեղեկացրեց, որ նոր տեսահոլովակ կներկայացնի, որի նկարահանումների մի մասն անցկացվել են Հայաստանում եւ կշարունակվեն Միացյալ Նահանգներում:
Եղանակը եթե տրամադրության վրա չէր ազդում, ապա տեխնիկական առումով, կարծես, փորձում էր խաթարել փառատոնի ընթացքը, բայց կազմակերպիչներն ամեն ինչ արեցին ստեղծված իրավիճակում համերգային ծրագիրը փրկելու համար։ The Moon Production-ի տնօրեն Լուսինե Աչոյանը նշեց, որ միջոցառումների ոլորտում ֆորսմաժորային իրավիճակներն անխուսափելի են։
«Շնորհակալ եմ մասնակիցներին, որ չնայած եղանակային վատ պայմաններին, ելույթ ունեցան ու այսքան ուրախացրին ներկաներին։ Չորրորդ տարին է՝ ինչ անցկացվում է փառատոնը։ Այս անգամ ընտրել ենք ամենասիրելի փոփ խմբերին։ Մեր նպատակն է աստիճանաբար էլ ավելի զարգանալ եւ միջազգային շատ արտիստների հրավիրել Հայաստան»,- նշել է Լուսինե Աչոյանը:
Փառատոնի կեսից երաժշտական ռիթմերը, կարծես, գրավեցին արեւին, որը եկավ ու միացավ տրամադրությանը՝ ստեղծելով մայրամուտի գեղեցիկ պատկեր։ Ռուսական հանրահայտ Banderos-ը բեմում կատարեց ինչպես նոր, այնպես էլ հին ու սիրելի երգերը՝ «Коламбия Пикчерз не представляет» , «Манхэттен»։
Ելույթից հետո BRAVO.am-ի հետ կիսվելով տպավորություններով՝ խմբի անդամներն ասացին․ «Աներեւակայելի էներգետիկայով հանդիսատես է, որը լիցքավորեց մեզ։ Հուզիչ էր նաեւ, թե որքան ջերմ ու գեղեցիկ մեզ դիմավորեցին եւ ընդունեցին։ Այս կազմով առաջին անգամ են այստեղ, իսկ Երեւանը հին ու գեղեցկագույն քաղաք է՝ իր համեղ խոհանոցով»։
Տարիներ առաջ «Աիշա» երգով համաշխարհային ճանաչում ձեռք բերած Outlandish խումբը հանդիսատեսի մեջ արթնացրեց լավ հուշեր, դե, իսկ ռուսական Vintage խմբի մեներգչուհի Աննա Պլետնյովան եւս մեկ անգամ խոսեց իր հայուհի տատիկի մասին, որն արդեն 94 տարեկան է:
Full Moon Fest-ը տեղի է ունենում բացառապես լիալուսնի օրերին։ 2022-ին այն ներգրավեց ռուսաստանաբնակ երգիչ Xcho-ին եւ հայկական մի շարք խմբերի, իսկ 2023-ին D'Litte-ը, Սեւակ Խանաղյանը եւ Mot-ը հայտնվեցին նույն բեմում:
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/ եւ Full Moon Fest-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: