Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը կիսվել է գեղեցիկ նոր լուսանկարներով, որոնք արվել են Սեւանա լճի տարածքում:
«Սեւանի «մյուս» կողմում իմ տեսած ամենասիրուն ջրերն են ու Հայաստանը: Հայոց աղի արցունքներին հակառակ՝ ամենաքաղցր ջուրը: Վայրկյանում հազար գույն ու եղանակ փոխող Սեւանը հաստատ կին է. չէ, տրամադրության փոփոխությամբ չէ, այլ իր հաստատուն էությամբ՝ միշտ տեղում, միշտ սպասող ու շատ տարբեր, ամեն վայրկյան տարբեր ու այդքան մերը, իմը:
Տաք ավազներին թողնում ես կարոտներն ու մտնում ջուրը՝ գիտակցելով, որ ամենաքաղցր գիրկն ես մտնում, հասկանում ես, որ հավերժությունն այդտեղից է սկսվում, որ երկինքի պատկերը հենց Սեւանն է, որ կա, որ ամենաբարձր լեռների գրկում ծվարած այս գեղեցկուհին քո արյան կոդից ունի, ու որ սիրագարի պես ուզում ես բանաստեղծություններ ձոնել նրան, բայց իր ալիքների երգն ավելի քաղցր է ու զիլ, քան աշխարհի բոլոր բառերը:
Չի պահանջում, չի ստիպում, լուռ կամ փոթորկոտ միշտ սպասում է ու, երեւի, այդպես էլ չգնահատված ապրում է՝ երկնքի «ստվերի» ներքո: Չէ՞ որ մարդիկ վերեւ են նայում երազելիս, կամ անգամ ցավի մեջ: Իմ երկնային գեղեցկուհին Սեւանն է, ու պետք չեն հազարավոր «երկինքներ», երբ կա նա: Մանկությունից մինչեւ հասունություն՝ մի անծայրածիր կապույտ երջանկություն, որը երկրիդ կյանքի խորհուրդն է, որին այդպես էլ չճանաչեցին լիարժեք, չգնահատեցին ըստ արժանվույն, չսիրեցին նրան վայել, որին ուզում ես գրկել ու սեղմել սրտիդ մեջ, որ չտանեն... երբեք:
Սեւան-կինը՝ այդքան ուժեղ ու այդքան պաշտպանության կարոտ իր մարդկանցից, թշնամուց, անտարբերությունից, աղտեղություններից, իրեն օգտագործող ու մոռացողներից... Սեւան-կինը՝ շոյանքի ու սիրո սպասող, օվկիանոսներից անջատ, բայց իր սրտով բոլոր օվկիաններից էլ մեծ ու անսահման:
Հ.Գ. Դարանակ գյուղից էլ այն կողմ է այս ափը, թե Ծափաթաղից վերեւ չեք եղել, ուրեմն՝ չեք ճանաչում հարստությունը, որն ունենք»,- գրել է Հովհաննիսյանը:
Լուսանկարները՝ Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: