×


Լուսանկարը՝ moulinrouge.fr

Մուլեն Ռուժ․ երբ Փարիզը սկսեց հորինել իր գիշերային կյանքը

Ավելի քան մեկ դար առաջ երկու կառույցներ, որոնք հետագայում պետք է դառնային Փարիզի խորհրդանիշները, իրենց դռները բացեցին միմյանցից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա. Մուլեն Ռուժն ու Էյֆելյան աշտարակը երկուսն էլ ծնվել են 1889 թվականին։

Բայց եթե երկաթե հսկան աշխարհին պետք է ցուցադրեր արդյունաբերության ուժն ու ինժեներական մտքի հանճարը, Մուլեն Ռուժը ներկայացնում էր արդիականության մեկ այլ՝ ավելի ազատ ու համարձակ դեմքը. քաղաք, որը պարում է, զվարճանում եւ համարձակվում։

Լուսանկարը՝ moulinrouge.fr «Մուլեն Ռուժ»


1889 թվականի հոկտեմբերի 6-ին Մոնմարտր թաղամասում իր դռներն է բացում նոր կաբարեն: Հսկայական կարմիր հողմաղացն անհնար էր չնկատել: Այն շատ արագ դառնում է քաղաքի տեսարժան վայրերից մեկը։ Առաջին ներկայացումը սկսվում է երեկոյան ժամը 8-ին՝ այն ժամանակ, երբ շենքի աշխատանքները դեռ ամբողջությամբ ավարտված չէին։

Այն ժամանակվա Մուլեն Ռուժը շատ ավելի խենթ ու արտասովոր էր, քան այսօր կարելի է պատկերացնել։ Այգում կանգնած էր հսկայական փիղ՝ այնքան մեծ, որ նրա ներսում հնարավոր էր հանդիսատես ընդունել եւ ներկայացումներ կազմակերպել։ Այցելուները կարող էին նաեւ ավանակներով զբոսնել։ Դահլիճը զարդարված էր հայելիներով եւ նախագծված էր շարժման ու շքեղության զգացողություն ստեղծելու համար։

Լուսանկարը՝ moulinrouge.fr «Մուլեն Ռուժ», 1988 թ. պաստառներից


Սակայն Մուլեն Ռուժը հատկապես հայտնի դարձավ իր պարուհիներով եւ այն ժամանակ համարձակ համարվող մի պարով՝ ֆրանսիական կանկանով։ Ոտքերը վեր էին բարձրանում, կիսաշրջազգեստները պտտվում, եւ դրանց հետ կարծես շրջվում էին նաեւ հասարակական կանոնները։ Ներկայացումները գրավում էին ե՛ւ հարուստ այցելուներին, ե՛ւ գիշերային կյանքի սիրահարներին, ե՛ւ պարզապես հետաքրքրասերներին, որոնք ցանկանում էին բացահայտել այս նոր աշխարհը։

Նկարիչները գալիս էին այստեղ՝ ոչ միայն բեմը, այլեւ հանդիսատեսին տեսնելու։

Լուսանկարը՝ moulinrouge.fr Սալվադոր Դալին, Ամանդա Լիրը եւ Լյուդմիլա Չերինան՝ «Մուլեն Ռուժ»-ում, 1970 թ.


Իսկ որոշ ներկայացումներ բավական հեռու էին այն գլամուրից, որի հետ այսօր ասոցացվում է Մուլեն Ռուժը։ Ամենաանսպասելի աստղերից մեկն արտիստ էր, որին անվանում էին Պետոման: Նա կարողանում էր մարմնից արձակվող ձայները վերածել յուրօրինակ բեմական համարի։

Լուսանկարը՝ Վիքիպեդիա Պետոմանը


Մուլեն Ռուժը զերծ չի մնացել դժբախտություններից եւ պատմական ցնցումներից. 1915 թվականին հրդեհը ոչնչացրեց շենքը։ Այնուհետեւ կաբարեն վերածնվեց, մի քանի անգամ փոխեց իր տեսքը եւ անցավ պատերազմների, ճգնաժամերի ու մշակութային հեղափոխությունների միջով։

Լուսանկարը՝ AP «Մուլեն Ռուժը»՝ առանց հողմաղացի թեւերի, 2024 թ.


Նույնիսկ նրա կարմիր թեւերն ունեն իրենց պատմությունը. 2024 թվականին դրանք գիշերվա ընթացքում խորհրդավոր կերպով պոկվեցին շենքի ճակատից։ Մի քանի ժամ շարունակ Փարիզը տեսավ Մուլեն Ռուժն առանց իր ամենահայտնի խորհրդանիշի։

Լուսանկարը՝ moulinrouge.fr «Մուլեն Ռուժ»


137 տարի անց այս յուրահատուկ հողմաղացի կարմիր թեւերը դեռ պտտվում են, իսկ Փարիզը շարունակում է իր գիշերային պատմությունը։

Պատրաստեց՝ Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/

Կարդալ ավելին

Quality Sign BW