×


Հովհաննես Ներսեսյան. «10 տարեկանում նման որոշում կայացրի ու մինչ օրս անդադար ծառայում եմ»

Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու սարկավարգ Հովհաննես Ներսեսյանի հետ BRAVO.am-ի զրույցը բազմաբովանդակ ու տարբերվող ստացվեց: Խոսեցինք օպերայի եւ եկեղեցու նմանությունների, հոգեւորական դառնալու որոշման, տարբերվող ձայնի, որդուն փոխանցվող արժեքների, օպերաների ծնունդի ու, իհարկե, հայրենիքի նկատմամբ սիրո մասին:

- Հովհաննես, ինչպե՞ս է, սովորաբար, սկսվում Ձեր օրն ու ի՞նչն է հատկապես կարեւոր հասցնել անել:

- Առավոտյան անպայման տղայիս՝ 2,5 տարեկան Դավիթին, ուղեկցում եմ մանկապարտեզ, հետո գալիս եմ Օպերա՝ ձայնավարժության կամ փորձերի, ապա եկեղեցում եմ լինում, երեկոյան տղայիս վերցնում եմ մանկապարտեզից, միասին տուն ենք վերադառնում։ Նշածս յուրաքանչյուր գործողություն ինձ համար կարեւոր է, բոլորն էլ առաջնային են եւ արվում են ներկայի ու ապագայի համար։  

- Առաջին անգամ Ձեր տատիկի հետ 90-ականներին եք եկել եկեղեցի ու յուրահատուկ կապ զգացել, ի՞նչ հիշողություններ ունեք այդ օրվա հետ կապված։

- Նույնիսկ չեմ հիշում, թե քանի տարեկան էի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի առաջին այցելության ժամանակ. ինձնից մեկ տարով փոքր քույրս էլ մեզ հետ էր։ Քայլել սովորելուց սկսած՝ տատիկի հետ ամեն կիրակի գնացել ենք պատարագի. մերոնք հայրենադարձ են ու եկեղեցու հետ կապը միշտ պահել են։ Հաճախ էինք տարբեր եկեղեցիներում պատարագների կամ ուխտի օրերին լինում, եւ հերթական անգամ Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցուց վերադառնալուց հետո տատիկին հայտնեցի եկեղեցում ծառայելու ցանկությանս մասին։ 10 տարեկանում նման որոշում կայացրի ու մինչ օրս անդադար ծառայում եմ, ինչը, որպես հոգեւորականի, իմ կենցաղի լրջագույն մասն է։

Հովհաննես Ներսեսյանը


- Ինչպե՞ս հասկացաք, որ ուզում եք հոգեւորական դառնալ։

- Եկեղեցիներում ծառայող երեխաներ կան՝ ուխտի մանուկներ, միգուցե, նրանցից էի ոգեշնչվել ու ամեն կիրակի այդ կապն ավելի էր ամրապնդվել։ Իսկապես մեծ սպասումով էի կիրակիից կիրակի գնում պատարագների, մինչ օրս այդ զգացողությունը չի սպառվել կամ նվազել, նույնիսկ ավելացել է։ Օպերան եւ եկեղեցին որքան էլ տարբեր են, բայց նաեւ ընդհանրություններ ունեն՝ գործող անձինք, ժողովուրդ... Բայց որքան էլ հանդիսատեսը սիրի, միեւնույն է, ամեն շաբաթ չի գնա նույն բեմադրությունը դիտելու: Եկեղեցու հրաշքն ու ֆենոմենը նրանում է, որ մարդն ամեն կիրակի նույն գործողության ականատեսն է լինում, բայց չի հոգնում, որովհետեւ այն աղոթք է ու Աստծո հետ կենդանի հաղորդակցություն։

- Ասում եք, որ դասական արվեստը հոգեւորի ծնունդն է:  

- Իսկզբանե մարդիկ երաժշտության եւ նվագարաններով երգեցողության միջոցով մի նպատակ ունեին՝ փառաբանել Աստծուն։ Թատրոնում կամ դասական երաժշտական միջավայրում երեւում է Սուրբ հոգուց ստացած աստվածատուր շնորհը, որը վեր են ուղղում դեպի Աստված՝ ոմանք գիտակցաբար, ոմանք անգիտակցաբար։ Եվ մարդիկ հրաշքի են ականատես լինում, թե որքան բազմազան շնորհներ է Աստված պարգեւել։ Չեմ ասում՝ լավն եմ, քավ լիցի, թող լեզուս պապանձվի, եթե այդպես ասեմ կամ մտածեմ։ Բայց ամեն մեկն իր աստվածատուր շնորհն է օգտագործում, Դուք էլ նույնն անում եք իբրեւ լրագրող։ Մանավանդ մկրտության ժամանակ բոլորը պարգեւների են արժանանում: Ինչպես Պողոս առաքյալն է ասել, մենք այն անոթներն ենք, որոնց մեջ լցվում է քաղցրահամ ջուրը, որովհետեւ եթե ջուրը լցված չէ բաժակի մեջ, այդ բաժակը ոչ մեկին պետք չէ։ Մարդը հոգեղեն արարած է ու առանց Աստծո հետ կապի եւ Սուրբ հոգու շնորհների չի կարող գոյատեւել։

- Ինչպե՞ս եք զգում Աստծո ներկայությունը երկրի վրա։

- Աստծո ներկայությունը զգում ենք ամեն քայլափոխի, ամեն երեւույթի ու նույնիսկ ամեն մարդու մեջ։ Առաջին արարիչն ինքն էր ու նույն ունակությունն էլ մեզ է տվել՝ կարող ենք մարդ ստեղծել։

- Վերջերս հասկացել եմ, որ Աստծուն սկսում ենք մոտենալ այն ժամանակ, երբ ինքներս մեզ ենք առավել լավ ճանաչում եւ ընդունում, միայն դրանից հետո ենք զգում նրա ներկայությունը մեր կյանքում։

- Հաճախ ինքներս մեզ հետ անկեղծ չենք եւ փորձում ենք մեր սխալներն արդարացնել։ Ապացուցված է, որ ամենաքաջ մարդը նա է, ով կարողանում է իսկապես ներողություն խնդրել եւ խոստովանել իր մեղքը։ Սա նաեւ ամենամեծ սերն է ու Տիրոջ պատգամը՝ սիրել մերձավորին:

Հովհաննես Ներսեսյանը եւ Հասմիկ Բաբայանը


- Ինչպիսի՞ փորձ ու գիտելիքներ եք ձեռք բերել Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում:

- 14 տարեկանում եմ մեկնել ուսանելու Երուսաղեմի Հայոց պատրիարքության ենթակայության ներքո գտնվող Ժառանգավորաց վարժարանում, վերադառնալուց հետո ուսումս շարունակեցի Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում։ Ամեն տեղ ու յուրաքանչյուր հոգեւորականից, աշխարհական դասախոսից ու, իհարկե, իմ դասընկերներից շատ բան եմ սովորել։ Յուրաքանչյուրից՝ մեծից ու փոքրից սովորելու բան ունենք։ Անգամ եթե կարճ ժամանակով ենք հանդիպում ու բաժանվում, միեւնույն է՝ օգուտ ենք քաղում. երբեք մարդկանց հանդիպումները պատահական չեն լինում։ Գուցե, շատերի համար տարօրինակ հնչի, բայց միշտ ասում եմ, որ ամեն հարաբերության հիմքում շահն է, նույնիսկ ամուսնության մեջ կամ ծնողների ու զավակների միջեւ։ Երբ ծնողը խնամում ու մեծացնում է իր զավակին, ակնկալում է, որ այդ հոգատարությունը փոխադարձ է լինելու։

- Հայրենադարձների ընտանիքից եք, որտեղի՞ց են սերում Ձեր արմատներն ու ի՞նչ արժեքներով եք դաստիարակվել, որ փոխանցելու եք նաեւ Դավիթին։

- Հորս արմատները Մուշից են, մորս կողմը՝ Սասունից եւ Քիլիսից, տատիկներս ու պապիկներս ծնվել են Հալեպում, 1946-ին ներգաղթել են հայրենիք, որտեղ էլ ծնվել են ծնողներս։ Ես հավատքով, մշակույթով ու ազգային արժեքներով եմ դաստիարակվել, որոնք անպայման պետք է նաեւ Դավիթին փոխանցեմ։

- Ի՞նչն եք ամենաշատը սիրում Ձեր աշխատանքում:

- Ամեն ինչն էլ հոգեւորի ու մշակույթի մեջ ինձ հետաքրքրում է։ Բնականաբար, նաեւ դժվարություններ եւ դժգոհություններ են լինում, բայց դրանք էլ յուրահատուկ են դարձնում գործը: Նույն կերպ էլ եկեղեցում է՝ ծառայակից ընկերների հետ ամեն մի պահը յուրահատուկ է անցնում, ամեն մի քահանա, որպես պատարագիչ, տարբեր է ու իրեն հատուկ կերպով էլ վարում է արարողությունները: Ամեն ինչի մեջ էլ կարելի է գեղեցկություն գտնել, պարզապես պետք է կարողանալ այն տեսնել, իսկ դժգոհ մարդն ամեն ինչից էլ կբողոքի։

- Ինչպե՞ս եք հասկացել, որ տարբերվող եւ ազդեցիկ ձայն ունեք, Ձեզ ասե՞լ են, թե՞ ինքներդ եք բացահայտել։

- Չեմ էլ մտածել, որ տարբերվող ձայն ունեմ, մինչ օրս մարդկանց նկատառումն է։ Ճիշտ չեմ համարում իմ ձայնի մասին նույնիսկ հոգուս խորքում այդպես մտածել։ Պարզապես փառաբանում եմ Աստծուն, որ կարողանում եմ մարդկանց ուրախություն պարգեւել. եկեղեցում ձայնս լսելով՝ աղոթքի են մոտենում, իսկ թատրոնում հաճելի ունկնդրում ունենում։ Փոքր տարիքից հայրս ինձ ֆիդայական ու ազգագրական երգեր է սովորեցրել, որոնք կատարում էի ընտանեկան հավաքույթների ժամանակ, իհարկե, ստիպում էին, որովհետեւ միշտ ամաչում էի (ծիծաղում ենք,-հեղ։)։ Ուրախանում եմ, որ նոր սերունդն այդպիսի բարդույթներ չունի, խնդրելու դեպքում միանգամից արտասանում կամ երգում են։ Իսկ ինձ ժամերով համոզում էին, մինչեւ որ երգում էի (ծիծաղում ենք,-հեղ։)։ Երբ եկեղեցում ավելի լայն լսարանի առաջ շարականներ երգեցի ու միասին աղոթեցինք, մարդիկ սկսեցին իրենց կարծիքն ասել ձայնիս մասին, ինչից մինչ օրս խուսափում եմ: Որովհետեւ եկեղեցին նման գովասանքներ հնչեցնելու վայր չէ։

Հովհաննես Ներսեսյանը


- Պարզապես, երբ եկեղեցու լռության մեջ հզոր ձայն ես լսում, անբացատրելի վերապրում ես ունենում։ Եվ մարդիկ ուզում են իրենց ստացածին ի պատասխան շարունակել բարության շղթան:

- Երբ գովում են, ասում եմ՝ փառք տվեք Աստծուն, եկեղեցում ինձ ծափահարություններ պետք չեն, Օպերայում էլ իրականում պետք չեն, բայց հաճելի են։ Թատրոնում իմ աղոթքում դիմում եմ Աստծուն. «Բոլոր փառաբանությունները եւ ծափահարությունները քեզ են ուղղված»։ Երբ դուրս եմ գալիս հանդիսատեսի առաջ խոնարհվելու, եւ ծափահարություններ կամ դրվատանքի խոսքեր են հնչում, էլի ասում եմ. «Բոլորը քեզ համար են հնչում: Այն անոթն ու կապը, որ դու ես ստեղծել ու քո շնորհն ես հղում մարդկանց համար ու մարդկանց վրա, այդ խողովակով էլ թող դեպի քեզ վերադառնա»։ Որովհետեւ որեւէ շնորհ որքան հեշտ տրվում է, այնքան էլ հեշտ վերցվում է:

- Ինչպիսի՞ն էր օպերային երգիչ դառնալու ճանապարհը՝ Կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժին ընդունվելուց սկսած:

- Ուզում էի ձայնս մշակել եւ ծանոթացա շատ սիրելի երգիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ, բարիտոն Գեւորգ Հակոբյանի հետ։ Մինչեւ հիմա նրա ձայնը շատ եմ սիրում, մեր թատրոնի եւ համաշխարհային բեմի աստղերից մեկն է, մեծ վարպետություն ու հսկայական ձայնային տվյալներ ունի։ 24 տարեկան էի, երբ Գեւորգին խնդրեցի հետս պարապել, մի քանի դաս հետո նա ինձ առաջարկեց ընդունվել կոնսերվատորիա։ Մեր թեմակալ առաջնորդի՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ Սրբազան արքեպիսկոպոսի՝ իմ հոգեւոր հոր օրհնությամբ ու թույլտվությամբ ընդունվեցի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա եւ ավարտեցի Գեւորգ Հակոբյանի դասարանը: Դեռ ուսանող էի, երբ մաեստրո Կարեն Դուրգարյանի առաջարկով ընդունվեցի աշխատանքի եւ այս տարի լրացավ 10-ամյակը, որ թատրոնի մեներգիչ եմ, իսկ օգոստոսին եկեղեցական ծառայությանս 28-րդ տարին կլինի։

- Հիշո՞ւմ եք առաջին ելույթն ու դրա հետ կապված ունեցած անհանգստությունները եւ վախերը:

- Առաջին ելույթիս ժամանակ դեռ ուսանող էի եւ Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմ»-ում մեներգիչներից մեկն էի: Այն հոգեւոր ստեղծագործություն է: Շատ հուզումնալից էր, բայց գիտեք, եկեղեցական ծառայությունն ինձ շատ օգնեց. արդեն հաղթահարել էի մեծ զանգվածների առաջ ելույթ ունենալու դժվարությունը։ Երբ մասնակցեցի առաջին միջազգային նախագահական մրցույթին, հաղթող ու ոսկե մեդալակիր եղա, հետագայում 4 միջազգային մրցույթի դափնեկիր եմ դարձել. հետաքրքիր զգացողությունն ունեցա: Հասկացա, որ ինձ համար ամենակարեւորն ու մեծը սուրբ խորանի բեմն է, տա Աստված՝ դրանից երբեք չզրկվեմ։ Մեր օպերային թատրոնինն էլ շատ կարեւոր ու արժեքավոր բեմ է ինձ համար, իհարկե, կան նաեւ համաշխարհային բեմեր՝ «Լա Սկալան», «Մետրոպոլիտենն» ու մյուսները, բոլորն էլ շատ լավն են, բայց այդ բոլորից առավել է Աստծո խորանի բեմը, որտեղից երբեք չեմ ցանկանա իջնել։  

Հովհաննես Ներսեսյանը


- Միջազգային բեմերում հանդես գալիս պատասխանատվությունն ու զգացողություններն ա՞յլ են:

- Ոչ: Նույնիսկ հանդիսատեսի քանակը կարեւոր չէ։ Երգը բխում է հոգում եւ պահանջում ազնվություն, այդ կանոնները պահպանելով էլ պետք է կատարել, նույնիսկ եթե մենք երկուսով լինենք ու Ձեզ համար պիտի երգեմ: Ուզում եմ իմ կատարումով հուզել, դա անել ազնվորեն ու բարձր գիտակցումով՝ անպայման հիմքում դնելով բառերի իմաստն ու երաժշտական գիծը:

- Ունե՞ք տարբերվող կատարումներ, որոնց ամեն անգամ անհամբերությամբ եք սպասում։

- Բոլոր երգերն էլ բառերի իմաստով յուրահատուկ են, կան դերերգեր, որ շատ կուզեմ երգել, կան նաեւ այնպիսիք, որ կատարել եմ, բայց նորից ցանկություն կա, ինչպես դեկտեմբերի 7-ին «Ռեքվիեմը» կատարեցի։ Օպերաների մեջ այնպիսի մեներգեր կան, որ շատ են հուզում, օրինակ «Իոլանտա»-ում թագավոր Ռենեի արիան, թե ինչպես է նա աղոթում Աստծուն, որպեսզի բժշկի իր աղջկան։ Օպերային արվեստը մի գաղտնիք ունի՝ այն մարդը, ով դեռ հայր չի, այդքան էլ լավ չի գիտակցում հոր կերպարը։ Իոլանտայի հորը՝ Ռենեին, խորապես կարող ես հասկանալ, երբ ինքդ ես հայր։

- Ի՞նչ եք կարողանում վերցնել Ձեր դերերից։

- Օպերաները գլուխգործոց են: Այսօր օպերաներ գրեթե չեն ստեղծվում, ժամանակակից որոշ գործեր կան, բայց ինձ թույլ կտամ ասել, որ դրանք օպերա չեմ համարում։ Առհասարակ, ժամանակակից ամեն բան այնքան էլ չեմ սիրում, հնի սիրահար եմ, այս սենյակում էլ տեսաք, թե որքան հնություններ կան. խենթանում եմ նման բաների համար՝ առարկաներից սկսած, ավանդույթներով վերջացրած: Դրանցում հետաքրքիր շունչ կա, նույնն էլ հին եկեղեցիների դեպքում է, որովհետեւ այնքան մարդ է աթողել այնտեղ: Այդպես է նաեւ օպերաների ու դերերգերի դեպքում, բավական է պատկերացնել, թե ովքեր են դրանք գրել եւ ինչպիսի անվանի կատարողներ են երգել։

- Իսկ ինչո՞վ էր առանձնանում այն բուռն շրջանը, որն այդքան ազդեցիկ ու մնայուն օպերաների ծնունդ տվեց։  

- Հոգեւոր, մշակութային եւ ազգային արժեքներով ու թե ինչպես են դրանք գնահատել եւ դավանել։ Դա ե՛ւ համաշխարհային մակարդակով եմ ասում, ե՛ւ առանձին ազգերի դեպքում: Որքանով այդ արժեքները կարեւոր են քեզ համար, այդքանով էլ դրանք զարգացնում ես։ Այն ժամանակ մարդիկ, թատրոնները, ստեղծագործությունները, հավատքը, ազգային արժեքներով են սնուցվել եւ կյանքի կարեւորագույն մասնիկ են եղել։ Հիմա տեխնոլոգիաներն են կարեւոր, մարդը նյութապաշտ է դարձել, հոգեւորն էլ կարեւոր չէ։

Հովհաննես Ներսեսյանը


- Ասենք՝ քիչ կարեւոր է, որովհետեւ ինչպես ամեն ժամանակաշրջանում, հիմա էլ կան մարդիկ, որոնց համար իսկապես արժեքավոր է:

- Այդ մարդիկ ազգերի կամ աշխարհի դիմադրողականությունն են, երբ այն թուլանում է  կամ նվազում, գլուխ է բարձրացնում հիվանդությունը: Պիտի այնպես անենք, որ դիմադրողականությունը միշտ բարձր լինի, պիտի վերագտնենք այն ու վերասնենք։

- Նախկինում Օպերային թատրոնի տեղում եղել է Գեթսեմանի մատուռն ու Թամանյանը շենքը նախագծելիս եկեղեցական ճարտարապետությունից է օգտվել: Ինչո՞ւմ է Ձեզ համար այս շենքի յուրահատկությունը։

- Տարբերվող մթնոլորտ ունի: Ի պատիվ լուսահոգի Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի՝ Օպերայի ներսում մարմարյա փոքրիկ խաչքար է տեղադրվել՝ ի հիշատակ Սուրբ Գեթսեմանի մատուռի: Այս տարածքում մատուռից բացի, գերեզմաններ են եղել, եւ մեծն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն այդ քարերը համարակալելով է քանդել, որպեսզի հետագայում մեկ այլ վայրում վերականգնի։ Բոլշեւիկների հրամանով գերեզմանի փոխարեն այս շինությունը պիտի կառուցվեր։ Եթե չեմ սխալվում, այն ամֆիթատրոնի տեսքով նիստերի գումարման դահլիճ էր, ֆիլհարմոնիայի ու օպերայի միջեւ եղած պատը հետո են կառուցել: Թամանյանն իր ճարտարապետական խորամանկ հմտություններն է կիրառել, եւ եկեղեցական ու ազգային ճարտարապետական տարրերն արտահայտել այս շինության մեջ: Համաշխարհային ճարտարապետության առումով եւ օպերային թատրոնների մեջ այն լավագույն շինություններից մեկն է:

- Մեր ազգային ու հոգեւոր մշակութային արժեքներից որո՞նք են առավել թանկ Ձեզ համար:

- Մեր միս ու արյան մեջ մտած են հավատքը եւ անմնացորդ հայրենասիրությունը։ Սերը հայրենիքի հանդեպ ամեն առումով է՝ մաքուր պահել այն, պաշտպանել ու խնամել, ինչպես մարդն իր անձին է հետեւում, հոգալ ապագայի մասին: Մշակութայինն, իհարկե, դասական արվեստն է, թեեւ մի քիչ էլ ջազ եմ սիրում։

- Ի՞նչ եք սիրում անել ընտանիքով ու որքա՞ն ժամանակ է ստացվում միմյանց տրամադրել:

- Առօրյան այնքան հագեցած է, որ հատուկ անելու բան էլ չի մնում: Եթե մի քիչ ժամանակ ենք ունենում, հազիվ հասցնում ենք մի տեղ ժամանակ անցկացնել: Առավոտյան փորձի եմ, հնարավոր է՝ ցերեկն էլ առանձին պարապեմ, իսկ երեկոյան ներկայացում եմ ունենում։ Հիմա նաեւ ցերեկներն եմ զբաղված լինում, քանի որ մանկական ներկայացում ունենք՝ «ՄուկՕպերա»-ն։


- Ձեր տղային տանո՞ւմ եք թատրոն ու եկեղեցի։  

- Անցած տարի հունիսի 1-ին «ՄուկՕպերա»-ի պրեմիերային եղել է, այս տարի եկավ «Չիպոլինո» բալետը նայելու եւ շատ հավանեց։ Մանավանդ մանուկ հասակում շատ կարեւոր է եկեղեցական ծառայությունը, Դավիթն էլ որպես դպրոց անցնելու է, ինչը չի նշանակում, որ հոգեւորական է դառնալու կամ ճեմարանում սովորելու։ Մյուս կարեւոր բաղադրիչներից է որեւէ երաժշտական գործիքի տիրապետելն ու նվազագույն երաժշտական կրթություն ունենալը, որպեսզի կարողանա տարբերել օպերան, սիմֆոնիան ու համերգը: Ժողովրդական երգն ու արվեստն էլ առաջնային են։

- Ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր կնոջ՝ Անիի հետ, որը եւս կապ ունի այս ասպարեզի հետ:

- Ծանոթացել ենք 2012 թվականին, երբ նա կարճ ժամանակով աշխատում էր հոգեւոր գրախանութում: Կապ չի ունեցել ո՛չ եկեղեցու, ո՛չ էլ օպերայի հետ, մասնագիտությամբ  թանգարանագետ-մշակութաբան է: Հիմա մշակութային գործունեությամբ եւ համերգների կազմակերպմամբ է զբաղվում, «Սանկտ Պետերբուրգի պալատներ» միջազգային փառատոնի հայաստանյան մասնաճյուղի տնօրենն է: Այստեղ կայացած փառատոնի շրջանակում ելույթ եմ ունեցել Շալյապինին նվիրված համերգին։

- 3 հոգեւոր գիրք, որ խորհուրդ կտաք կարդալ։

- Աստվածաշունչ, «Խրատանի ապաշխարության» եւ «Հայազգի սուրբեր»:

- Ֆիլմերի՞ց։

- Պյոտր Մամոնովի «Կղզի»-ն։

- Օպերային եւ հոգեւոր կատարումներից:

- Յուրաքանչյուր օպերա խորհուրդ կտամ լսել տարբեր լեզուներով՝ իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն եւ հայերեն: Գերմաներենով ու ֆրանսերենով այդքան էլ չեմ սիրում երգել, որովհետեւ դժվար լեզուներ են, բայց օպերաները ֆանտաստիկ են, իսկ ահա իտալերենով, ռուսերենով ու հայերենով շատ սիրելի են: Լեզուները սովորում ենք, չեմ ասի՝ լավ տիրապետում ենք, բայց այնքան ենք երգել, որ ամեն ինչ հասկանում ենք: Իսկ հոգեւոր երգերից խորհուրդ կտամ լսել մեր գեղեցիկ շարականները:

- Ու մի քանի արագ հարց. ի՞նչն է Ձեզ երջանկացնում:

- Հայրենիքս, իմ ընկերներն ու շրջապատը։

Հովհաննես Ներսեսյանը


- Ի՞նչ եք տեսնում հայելու մեջ նայելիս:

- Ինձ եմ տեսնում։ Այնպիսին եմ, ինչպիսին կամ, չեմ կարող կեղծել:

- Առավել հաճախ ինքներդ Ձեզ ի՞նչ հարցեր եք տալիս։  

- Գաղտնիք է (ծիծաղում ենք,-հեղ.):

- Ի՞նչն եք ամենաշատը սիրում մարդկանց մեջ:

- Ազնվությունը, անկեղծությունը, բարությունն ու ժպիտը:

- Իսկ հակառա՞կը:

- Դրանց հակառակը եւ ստախոսությունը:

- Էմոցիա, որ ամենադիպուկն ու ճիշտն է բնութագրում Ձեզ:

- Ասում են՝ ժպտերես եմ: Թեեւ շատերն առաջին անգամ ինձ տեսնելիս մտածում են՝ մեծամիտ եմ, բայց իրականում այդպիսին չեմ:

- Ի՞նչն է ընկած արվեստի ու կյանքի միջեւ:

- Խորիմաստ հարցեր եք տալիս (ծիծաղում ենք,-հեղ.): Մարդն է ընկած, առանց նրա ամեն ինչ անշունչ է: Ահա այնտեղ նոտաներով դրված է Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան (ցույց է տալիս,-հեղ.), այդպես էլ կմնա, եթե չկատարեն։ Նույն կերպ էլ կտավների դեպքում է, գեղեցիկ են, բայց առանց մարդկանց կենդանություն չեն ունենա ու պատկերասրահներում կախված կմնան։

- Ընտրեք մեկ հոգու ու մաղթեք նրան ինչ կուզեք:

- Կարո՞ղ եմ, չէ, ազգիս ընտրել իբրեւ մեկ մարմին (գլխով եմ անում,-հեղ.)։ Ուզում եմ, որ միասնական լինենք, ուժեղ, Աստվածապաշտ, հայրենասեր, ես էլ՝ այդ թվում, հաղթահարենք մեր առջեւ ծառացած խնդիրներն ու մարտահրավերները, որոնք միանշանակ հաղթահարելի են:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW