×


«Մենակ ապրելու մեջ կա երկու լավ բան, վատ բաներն ավելի շատ են»․ Նազենի Հովհաննիսյանի նոր հարցազրույցը

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը հյուրընկալվել է Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդաշարին եւ խոսել տարիքի, երիտասարդ հասակում ծնողներին կորցնելու, միայնակ ապրելու, երեխա չունենալու, դժվարություններն ինքնուրույն հաղթահարելու եւ երջանկության իր բանաձեւի մասին։

42-ամյակը նշելու եւ տարիքի մասին հաճույքով խոսելու մասին

Ամեն տարիք իր հետ բերում է իր խնդիրները, իր հմայքն ու իմաստությունը։ Ինչո՞ւ պիտի վախենամ իմ տարիքը բարձրաձայնելուց կամ ինքս ինձ այդ տարիքը խոստովանելուց։ Տարիքը կոնկրետ թվեր են, քո ապրած կյանքերն են, քո արած սխալներն են, այդ թվերը քո կորցրած մարդիկ են, քո ձեռքբերած ընկերներն են կամ կորցրած պահերը։ Ամեն տարիք իր հետ բերում է նոր անելիքներ, ու ես ուզում եմ հասցնել։

42-ի ամենակարեւոր անելիքները

Չբարկանալ աշխարհի վրա, որովհետեւ ինչքան ավելի շատ բան ես հասկանում, այդքան գիտակցում ես, որ շատ բան կա փոխելու, ու դու թերացել ես, որովհետեւ քեզ թվում է՝ քեզնից էր կախված այդ փոփոխությունը։ Կարեւորը չբարկանալն է առաջին հերթին ինքդ քեզ վրա այն ամենի համար, ինչ չես հասցրել անել, եւ այն բոլոր երեւույթների համար, որոնց հետ դու համակարծիք չես, չես կարողանում ընդունել։

29-ում մայրիկին կորցնելու մասին

Եթե որեւէ մեկը կասկածի, ապա ես ձեզ վստահ եմ ասում՝ կա հոգու անմահություն, ես տեսել ու զգացել եմ դա, որովհետեւ երբ գրկել էի մայրիկիս տաք մարմինը, հիշում եմ՝ տպավորություն էր, թե ինչ-որ մեկը ջե՜րմ բռնեց ուսերիցս, տարիների ծանրության բեռ վերցրեց ու տարավ։ Գուցե դա ինձ օգնեց ավելի տանելի տանել այն, ինչն անտանելի է։ Բայց ես շատ չարացել էի, երեւի, ինչպես բոլոր նորմալ մարդկանց դեպքում է լինում. կորստից հետո չարանում ես։ Առանց այդ էլ շատ շփվող չեմ, բայց այդ շրջանում ամիսներով չէի շփվում։ Ու հետո փոխեցի տան վայրը, աշխատավայրը, որովհետեւ այդ ճանապարհը, որն ինձ տանում էր իմ հին ու հարազատ վայրեր, ինձ շատ խոցում էր, նեղացնում։

Մայրս երիտասարդ էր իրականում ու կարող էր ապրել շատ երկար, ու բոլոր հայ մայրերին իմ միակ խնդրանքն այն է, որ պարզագույն առողջական հարցերը լուծելուց չխուսափեն. դա մեր նկատմամբ ազնիվ չէ։ Բժշկի այցելեք պարբերաբար։ Իհարկե, խոսքը հայրերին էլ է վերաբերում։

Միայնակ ապրելու դրական ու բացասական կողմերը

Մենակ ապրելու մեջ կա երկու լավ բան՝ երբ գնում ես տուն, ոչ ոք փեշերիցդ չի քաշքշում, չի պարտադրում ճաշ սարքել եւ այլն, ու դու կարող ես ուղղակի նստել բազմոցին՝ «հետ գալու» համար (ժպտում է,- հեղ)։ Երկրորդն էլ լռությունն է։ Վատ բաներն ավելի շատ են։ Դու գնում ես տուն, ու ճաշ չկա եփած։ Եթե ինչ-որ բան թափել ես, բարի եղիր ինքդ հավաքել, որովհետեւ կողքից օգնող չկա։ Եթե ունես վարձի խնդիր, այդ վարձը քո ուսերին է։ Դու, քո ծախսերը, քո հոգսերը, քո հարկերը, քո վարկերն ու քո խնդիրները։ Բարի եղիր, լուծիր։

Երեխաներ չունենալու մասին

Դե, դա մեր ձեռքերում չէ, բաներ կան, որ վերեւում են գրվում։ Ցանկությունը միշտ կա։ Ես դժվարությունների մասին նախընտրում եմ մասնակի խոսել։ Երկար տարիներ է՝ իմ անձնականի մասին չեմ խոսում. իմ սխալի վրա եմ դա սովորել։ Մարդիկ, միեւնույն է, ցանկանում են լսել անձնականի մասին՝ իր երջանիկ ավարտով։ Երբ որ լինի «Happy End»-ը, կխոսեմ դրա մասին։

«Եթե լինի յուրահատուկ աշխատանքային հրավեր արտերկրից, սիրով կընդունեմ»

Շատ եմ սիրում ճամփորդել, բայց երբեք չեմ մտածել Հայաստանից գնալու մասին։ Հիմա եթե լինի յուրահատուկ աշխատանքային հրավեր արտերկրից, մեծագույն սիրով կընդունեմ։ Բացի թշնամի երկրներից, ինձ համար աշխարհը բաց է, ու ես ցանկացած երկրում իմ կարիերայի առաջխաղացմամբ սիրով կգտնեմ ինչ-որ մի յուրահատուկ բան։ Եթե լինի անձնականի թեման, հնարավոր է՝ մտածեմ։ Բայց գիտեմ մի բան, էլի չեմ կարող ինքս ինձ խաբել, այո, որպես զբոսաշրջիկ ես ինձ շատ լավ եմ զգում տարբեր երկրներում, հատկապես ծովափնյա, բայց մի քանի օր հետո նորից սկսում եմ պլանավորել, թե ինչեր եմ անելու, երբ վերադառնամ Երեւան։ Իմ պորտալարը կապված է իմ երկրի հետ։ Ու սա բնավ պաթոսային հայրենասիրություն չէ, ամպագոռգոռ բառեր, ինչը նաեւ իմ մեջ է եղել մինչեւ վերջին տարիները։ Ես դա մաքրել եմ, զտել։

«Ինձ երջանիկ լինելու համար առիթ պետք չէ»

Բոլոր նորմալ մարդիկ փլվում են, բայց կարեւոր է, թե ոնց են ոտքի կանգնում։ Ինձ թռիչքի համար առիթ ու պատճառ պետք չէ, ու ոչ էլ երջանիկ լինելու համար է պետք։ Ես իմ ծնողների կորստից հետո հասկացա, որ մարդը միայնակ է իր ներսում, ոչ թե ֆիզիկապես, որ իր կողքին մարդ չկա, կամ որովհետեւ ինչ-որ բանը կյանքում չի դասավորվել։ Ու հասկացա, որ ես իմ ներսում միայնակ չեմ, այդպես է ստացվել, դա բացատրելու չէ։ Հասարակության ստեղծած բոլոր չափորոշիչներով ես ամեն օր պիտի լացեմ գիշերները, բայց չէ, էլի (ծիծաղում է,- հեղ․)։ Երջանկությունն ինքդ քեզ հետ հաշտ լինելն է։

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW