Աբովյան փողոցի հենց վերջնամասում է գտնվում մի յուրահատուկ թանգարան, որը կրում է նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես Շարամբեյանի անունը։ Այն միավորում է ժողովրդական արվեստների տարբեր նմուշներ ու բացառիկ աշխատանքներ, որոնք BRAVO.am-ին ներկայացրել է թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Ժենյա Քալանթարյանը, իսկ տնօրեն Լուսինե Թորոյանը պատմել է կրթական ու մշակութային ծրագրերի մասին։
Թանգարանի երկու հարկերի 3 սրահները՝ ասեղնագործության եւ ժանյակագործության, փայտի մշակման ու մետաղի, դասավորված են ըստ նյութերի, որպեսզի ընկալման տեսանկյունից հեշտ լինեն: Եվս 2 սրահ ժամանակավոր ցուցադրությունների համար է նախատեսված, իսկ կենտրոնականը 19-դարի վերջի, 20-րդի սկզբի բնակելի տան ոճով է:
Գորգերը
Մեր ուսումնասիրությունը սկսում ենք առաջին հարկի գորգերի սրահից: Ժենյա Քալանթարյանը բացատրում է, որ ժողովրդական մշակույթը ոչ միայն գեղեցկությունն ու էսթետիկան է ապահովում, այլ նաեւ ֆունկցիոնալ նշանակություն ունի՝ ամեն ինչ մտածված ու հնարավորինս ռացիոնալ է: Մեծ դեր ու նշանակություն ունեն խորհրդանիշները, որոնք հիմնականում պահպանիչ դեր են կատարում:
«Այնպիսի տպավորություն է, որ անկողնապարկին ձեռք չի կպել. բավական մանր ու նուրբ աշխատանք է կատարված, կիրառվել է կարպետի տեխնիկան, իսկ ներսում կրկնաշերտ չկա, եւ առաջին հայացքից թելերը դուրս են եկած, բայց դա միտումնավոր է արված, ինչի շնորհիվ օդի շերտ է գոյանում, ու ցեց ընկնելու հնարավորությունը չեզոքանում է»:
Քալանթարյանի խոսքով՝ հայկական գորգերից ամենատարածվածը վիշապագորգն է, որի շրջանակը կարող է 3 կամ 7 մասերից բաղկացած լինել: Մյուս տարածված տեսակներն են երկրաչափական գորգերը՝ գերիշխում են եռանկյունները, ատամնավոր գործվածքները, ծաղկագորգերը կամ աստղագորգերը:
«Գորգերը կարող ենք դասակարգել նաեւ պաշտոնականի կամ գեղեցիկի եւ այդ նույնի ժողովրդական տեսակի: Դա կախված է նրանից, թե ում են պատկանել: Մեր ունեցած ակնհայտ գյուղական գորգերից մեկի վրա ընտանի կենդանիներ են պատկերված, անգամ գրած է «հավ», նաեւ տարբեր ատրիբուտներ են երեւում, օրինակ՝ մկրատ, ինչից ենթադրում են, թե այդ ընտանիքն ինչով է զբաղվել»:
Հայերի համար գորգը ոչ միայն ջերմացնելու եւ գեղեցկություն ապահովելու համար է եղել, այլ նաեւ ընտանիքին պաշտպանել է չար ուժերից: Թանգարանի փոխտնօրենը գորգերից մեկի վրա մանրակրկիտ բացատրում է խորհրդանիշների նշանակությունը: Այսպես՝ 18-ն ուղիղ է գրված, իսկ ահա 99-ը՝ շեղատառ եւ հայելային կարդացվում է 66, որպեսզի չար ուժը չկարողանար կարդալ ճիշտ տարեթիվը, այլապես ըստ ժողովրդական մտքի՝ կարող էր մտնել դրա մեջ, ապրել այնտեղ ու տարածվել ընտանիքի վրա:
Հավաքածուի ամենահին գորգը 18-րդ դարի է ու բերվել է Արցախից: Այնտեղի գորգերը տարբերվում են իրենց պատկերներով՝ գերիշխում են բույսերն ու ծաղիկները: Բնականաբար, այդ ամենը պայմանավորված էր աշխարհագրական դիրքով ու բնության գույներով:
«Մեր լավագույն կարպետներից մեկը չափերով շատ մեծ է. 19-րդ դարում Տավուշում է ստեղծել։ Կարպետը ստանալու համար նման մեծ գործիք չի եղել, երկու տարբեր մարդիկ են գործել եւ միացրել իրար: Ընտանիք խորհրդանշող կարպետ է, վրան մեծ կենդանի ու իր ձագերն են պատկերված, ինչը շարունակականությունն է խորհրդանշում, տեսնում ենք նաեւ ցորենի հասկերը, որը առատության նշան է, իսկ վերեւում մարդուկներ են: Բարի մաղթանք էր այն ընտանիքին, որի համար կարպետը գործվել է»:
Քալանթարյանը մեզ նաեւ սովորեցրեց, թե ինչպես է պետք տարբերել կարպետը գորգից: Գորգը դիմացի մասում թավ վարսեր ունի, իսկ հակառակ կողմից հարթ է, իսկ կարպետը երկու կողմից էլ հարթ է, որովհետեւ գործելու եղանակն է տարբեր:
Թելարվեստի խմբակը
Անցնում ենք կողքի սրահ, որտեղ իր դասն է վարում թելարվեստի խմբակի ղեկավար Լուսինե Մխիթարյանը՝ ասեղնագործության գրքերի հեղինակ, ժողովրդական վարպետ ու, ինչպես ինքն իրեն ներկայացրեց, պարզապես խելառ մեկը, որն ուզում է ասեղնագործության բոլոր ձեւերը զարգանան:
«Թելարվեստի խմբակում տարբեր տեսակի ասեղնագործություն ենք անում, հիմա սովորում ենք Մարաշի ասեղնագործություն: Անպայման պետք է խոսեմ ժանյակի մասին. եթե թանգարանային նմուշի դեպքում արգելվում է շոշափել, այս մեկի վրա կարող եք զգալ, թե ինչ նրբություն ենք ստանում (մի փոքրիկ կտոր շոշափում եմ ու տպավորվում թեթեւությամբ եւ եթերայնությամբ,-հեղ. ): Այն ընդամենը մեկ ասեղով ենք ստանում, հմտությունից բացի ուրիշ ոչինչ պետք չէ»:
Մխիթարյանը պատմում է, որ հայկական ասեղնագործությունը բացառիկ է ու հարուստ տարբեր տեսակներով, որոնք մեկը մյուսից գեղեցիկ են: Առանձնանում է նաեւ երկկողմանի ասեղնագործությունը, որը թարս ու շիտակ կողմ չունի: Նա ընդգծում է, որ աշխարհում տեքստիլի որքան տեսակների ծանոթ ենք, բոլորն էլ հայաստանյան թանգարաններում կան։ Բայց կան նաեւ ասեղնագործություններ, որոնք բացառիկ են Հայաստանի համար, ինչպիսիք են Վանի եւ Կարինի գործերը:
«Միայն թել ու ասեղով կարող եք ստանալ ծավալային ծաղիկներ եւ պտուղներ, հայուհիները իրենց տարազները զարդարել են այդպիսի գլխանոցներով: Նրանք ասեղնագործել են տարբեր նյութերով՝ մետաքսաթել, ոսկեթել, վուշի թելով գործել են ժանյակներ, դա մի առանձին ու հսկայական ուղղություն է, որն առանձին ուսումնասիրություն է պահանջում: Այստեղ մի քանի կարատեսակ ենք սովորում: Շնորհակալություն, որ ուշադրություն դարձրիք մեր աշխատանքին»:
Ապա պատմեց Հենրիկ Իգիթյանի մտահղացման մասին, որ ցանկացած նկար կարելի է վերարտադրել ազգային որեւէ տեխնիկայով: Գեղագիտության ազգային կենտրոնում ստեղծված տարեր խմբերի՝ կարպետի, ասեղնագործության, հելյունագործության, կավի, ոսկերչության, հիմքում նկարչությունն է: Իսկ իրենք նույն սկզբունքը կիրառում են ասեղնագործության միջոցով:
Մեր այցելության ընթացքում խմբակի մասնակիցներից Արփի Գահմանյանը հանելուկ էր նկարում, որում ձին հանդիսանում է արեւը, իսկ նրա սանձը՝ ծիածանը, որը կախված է ամպից:
Կենտրոնական սրահը
Դասը երկար չընդհատելու եւ չխանգարելու համար անցնում ենք կենտրոնական սրահ, որտեղ բնակելի տան տիպն են փորձել ստանալ՝ 4 հիմնական սյուներով, երդիկով, գորգ գործելու դազգահով. գրեթե բոլոր ընտանիքներում աղջիկները, սովորաբար, գորգագործությամբ կամ կարպետագործությամբ էին զբաղվում: Եվ հավաքված են գյուղական կենցաղում հանդիպող իրերը՝ խնոցին, բուրդ գզելու սարքը, երկանքը:
Սրահում է գտնվում նաեւ երազանք պահելու աթոռը, որը բերվել է Տավուշի մարզի Չորաթան գյուղից: Երբ տեղի եկեղեցին այրվել է, մնացել է աթոռի միայն մի մասը, որը վերականգնել են ու նախ պահել թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում, ապա տեղափոխել Երեւան: Քալանթարյանը նշում է, որ աթոռն իսկապես իրականացնում է երազանքները. շատ այցելուներ են եկել ու շնորհակալություն հայտնել։
«Ձեր ուշադրությունը կուզեի դարձնել պատերի վրա, որոնք հարթ չեն ու ելուստներ ունեն, որպեսզի միաժամանակ ապահովեն ձայնամեկուսացումը եւ տաքությունը: Իսկ վերեւում հազարաշեն երդիկ է՝ հայկական ժողովրդական ճարտարապետության ամենամեծ նվաճումներից մեկը, որը հնարավորություն է տալիս մեծ տարածությունը թեք դրած իրերի շնորհիվ փոքրացնել եւ նաեւ լույսը ճիշտ բաշխել: Վերեւի մասը նեղ է, ներքեւը՝ լայն, դրա համար էլ լույսը սփռվում է»:
Շենքի պատմությունը
Առաջին հարկում ամեն ինչ ուսումնասիրելուց հետո բարձրանում ենք վերեւ: Քալանթարյանը պատմում է, որ թանգարանը Երեւանի ամենահին՝ 1939 թվականի շենքերից մեկում է տեղակայված, որտեղ գործել են ժողովրդական տարբեր վարպետների արհեստանոցներ։
Մինչ 1944 թվականն այս շենքում էր գործում Գեղարվեստի ինստիտուտը, որին հետագայում միացավ նաեւ Թատերականը, հետագայում դրանք տեղափոխվեցին քաղաքի այլ հատվածներ:
Այս շենքում է իր գործունեությունը ծավալել նաեւ ժողովրդական վարպետ Հաբեթնակ Բաբայանը, որը տարբեր գյուղեր էր այցելում ու գորգեր հավաքում: 1959 թվականին Մոսկվայից ժողովի եկած պատվիրակության կազմում էր նաեւ Անաստաս Միկոյանը. հարուստ հավաքածուին ծանոթանալուց հետո հենց նա է առաջարկել թանգարան ստեղծել: Շարամբեյանի կապերի շնորհիվ էլ 1979 թվականին պետական կարգավիճակով բացվեց թանգարանը:
Կենցաղային տարբերվող իրերը
Երկրորդ հարկի՝ Գրիգոր Խանջյանի էսքիզով արված դռներով ներս մտնելով հայտնվում ենք կենցաղային տարբեր իրերով հարուստ սրահում: Քալանթարյանը նախ պատմում է դաջերի մասին, որոնք բավական տարածված էին հայերի կենցաղում ու դրանցով հագուստների վրա էին նախշեր ստանում: Գտնված առաջին նմուշները դեռ մեր թվարկությունից առաջվա են, որոնց վրա պատկերված է արեւի պտույտը՝ հավերժության խորհրդանիշը, հետագայում նաեւ քրիստոնեական թեմաներով են եղել։ Դրանք ստանում էին փայտի պինդ տեսակներից ու դաջելու համար բնական ներկեր օգտագործում, ինչպիսին էր որդան կարմիրը, իսկ կտորներից բամբակն եւ վուշն էին կիրառում։
«Լայն տարածում ունեին նաեւ սկուտեղները, որոնք հանդիպում էին բոլորի տներում, դրանցով միրգ կամ աղանդեր էին մատուցում: Շատ ավանդական էին թռչնի տեսքով աղամանները, մեզ մոտ կան կավից ու փայտից նմուշներ: Տանը որքան անդամ կար, այդ քանակությամբ էլ արվում էին: Կարող եք իրարից առանձնացնել ու հովհարի պես բացած առանձին դնել: Հայաստանում աղը մեծ պաշտամունք եւ նաեւ բուժիչ հատկություն ուներ, նույնիսկ նորածին երեխայի պորտին էին լցնում՝ հակավարակիչ էր համարվում: Ըստ միջին դարերում Վանի ու Կիլիկիայի հայերի շրջանում եղած ավանդույթի՝ տղաները նախընտրում էին ամուսնանալ այն աղջիկների հետ, որոնց ձեռքերը մեծ էին: Քանի որ աղջկա հայրն այնքան աղ էր օժիտ տալիս, որքան նրա ձեռքերում էր տեղավորվում, իսկ աղն այն ժամանակ շատ թանկ էր»:
Հայաստանում մեծ տարածում ունեին գաթանախշերը, վաղագույն օրինակների բռնիչը կողքից էր, իսկ 18-րդ դարի վերջին հակառակը՝ կնիքների հատվածից էին պատրաստում։ Վրան որպես հավերժության խորհրդանիշ արեւն էր պատկերված եւ բազմապատկված խաչեր կային: Ամեն ընտանիք իր նախշն ուներ, եւ տոնական օրերին գաթա նվիր ստանալիս իմանում էին, թե ում բերած ընծան է:
Մյուս պահպանիչ թալիսմանները դաղդղաներն էին՝ դաղել բառից, որոնք չար ուժերին էին վանում: Միջին չափը նախատեսված էր ընտանի կենդանիների, օրինակ՝ կովերի վզերին կախելու համար, փոքրերը՝ մարդկանց, իսկ մեծերը՝ տան մուտքի համար: Ըստ ավանդույթի՝ այն մասնագետը, ով դաղդղա էր պատրաստում, անպայման գիշերը պիտի աներ՝ փակելով բոլոր դռներն ու պատուհանները, որ հանկարծ դրսից ոչ մի բան ներս չմտներ: Դրանից մեկ օր առաջ էլ ոչ մեկի հետ չէր շփվում, որպեսզի էներգիան չվատներ:
Խաչքարերը
Թանգարանում տիպիկ հայկական արվեստի՝ խաչքարերի նմուշներ կան, որոնք փայտից են: Քալանթարյանը նշում է, որ ըստ հին գրքերի բացատրության՝ Հայաստանը շատ քարքարոտ երկիր է, դրա համար էլ խաչքարերն այդքան տարածված են։ Սակայն նա այդ մեկնաբանության հետ համաձայն չէ եւ նշում է, որ Պերուն եւ Վրաստանն էլ քարքարոտ են, սակայն խաչքարեր չունեն։
«7-րդ դարում հունական Նիկեա քաղաքում մեծ գագաթնաժողով հավաքվեց, որտեղ քննարկվում էր՝ արդյոք եկեղեցում պատկերներ պետք են, թե ոչ: Մի մասը հավատացյալների գործը հեշտացնելու համար դրական պատասխան տվեց, մյուսները համարեցին կռապաշտություն: Եկեղեցին մեկ հայտարարի չեկավ ու երկու մասի բաժանվեց՝ պատկերամարտերի եւ պատկերապաշտերի: Մենք ընտրեցինք Աստծո հետ հոգեւոր շփումն առանց պատկերների եւ դիմեցինք խորհրդանիշների: Խաչքարը բաղկացած է 3 մասից. ներքեւինը խորհրդանշում է մեզ՝ երկրային կյանքը, հավատքի մասում, որն ամենամեծն է, պատկերված է խաչը, իսկ առաջ եկած վերեւի մասը երկինքն է, որին հասնելու համար պետք է մեծ հավատք ունենալ: Հետեւի կողմը հարթ է, որի վրա գրվում է, թե ինչ առիթով է տեղադրվել՝ հաղթանակի, կառուցված կամրջի կամ էլ փորված ջրհորի»:
Քալանթարյանը նաեւ պարզաբանում է, որ խաչքարը մահվան հետ ոչ մի կապ չունի եւ գերեզմանատներում տեղադրելու համար չի նախատեսված, հակառակը՝ հոգու հավերժության եւ անմահության խորհուրդ ունի:
Զարդերն ու հագուստները
Թանգարանի ամենագայթակղիչ ու յուրահատուկ սրահը, բնականաբար, զարդերինն է: Շատերի պես ես էլ անտարբեր չեմ կարող լինել տարատեսակ գոտիների, ականջօղերի ու թեւնոցների հանդեպ: Թանգարանի նմուշներից մեկն արված է կարպետի նախշով, հեղինակը յուրահատուկ կերպով միացրել է ժողովրդական արվեստի երկու ճյուղերը:
Քալանթարյանը շեշտում է, որ հայերը միշտ էլ մեծարել են արծաթը, ոսկին այդքան էլ հարիր չէր ու հանդիպում էր հիմնականում թագավորական ընտանիքի գավազանների կամ էլ թագերի վրա: Որպես երկրորդական տարր կիրառելի էին թանկարժեք քարերը, հատկապես տարածված էին կապույտ, կանաչ եւ մանուշակագույն երանգները: Հայաստանում մոտ 60-ը գերազանցող փիրուզի տեսակներ կան, որոնք զարդերում էլ հաճախ են հանդիպում։
«Սա բավական բարդ տեխնիկա է՝ արծաթը շատ տաք վիճակում սարքում են բարակ լար, ու քանի որ արագ է սառչում, միանգամից ձեւ են տալիս: Ցավոք, այսօր այդ տեխնիկայով ընդամենը 2 հոգի է աշխատում, որովհետեւ բավական բարդ է: Հատկապես առանձնանում է Վանի արծաթագործությունը, այն առաջին հերթին տարբերվում է նրանով, որ միասնական չէ ու կազմված է առանձին մանր կախազարդերից, որոնք կամ բուսական ծագման են՝ տերեւիկներ, կամ կենդանական՝ գլուխներ, բայց արված շատ նուրբ ու գեղեցիկ»:
Արծաթյա գոտիները կրում էին ե՛ւ տղամարդիկ, ե՛ւ կանայք: Գոտու վրա ամենակարեւորը ճարմանդն էր՝ միացման տեղը, այն աչքի նման ելուստավոր է՝ էլի չար ուժերին վանելու եւ պաշտպանիչ խորհրդով։ Սեւով արվածները հիմնականում Ռոստովի եւ Կուբանի շրջանի հայերի մոտ էին հանդիպում, Վանինն ավելի զուսպ էր, բայց որոշ գոտիների վրա քաղաքի տեսարժան վայրեր կամ էլ բնապատկերներ կային։ Եվ կախված մարդու հարստության աստիճանից, երեւում էր նաեւ գոտու ճոխությունը:
Ցուցադրված նմուշներից տղամարդու հագուստը Սասունի է, իսկ կնոջ հագուստը՝ Կարինի: Հայկական տարազում կարեւոր բաղադրիչ էին գոտիները, որոնք նվազագույնը 3 մետր երկարություն պետք է ունենային:
«Դրանք փաթաթվում էին մեջքի շուրջն ու նույնպես պաշտպանիչ նշանակություն ունեին: Բոլոր տարազների թեւերի եւ վզի մասը ոսկեթելով է արված, որովհետեւ մարմնի այդ հատվածները բաց են ու հաղորդակցվում են արտաքին աշխարհի հետ: Իսկ ոսկեգույնը հայելու նման արտացոլում է ու հետ մղում չար ուժերին: Հագուստների մեջ ամեն դետալն իմաստ ուներ ու հենց այնպես չէր արվում»:
Գիտական գծով փոխտնօրենն ավելացնում է, որ թանգարանում է արդեն 8 տարի, զուգահեռ մոտ 30 տարի դասավանդում է Գեղարվեստի ակադեմիայում: Թանգարանում նրա համար հատկապես փայտի բաժինն է առանձնանում, որովհետեւ այն շատ ջերմ նյութ է համարում, իսկ ամենասիրելի նմուշը 2 մասից բաղկացած կարպետն է:
Իսկ երբ նորից ենք հայտնվում առաջին հարկում, պատմում է մուտքի մոտ կախված տարատեսակ զանգերից, որոնք բոլորն էլ տարբեր հնչողություն ունեն. հերթով փորձարկում ենք ու համոզվում դրանում:
Կրթական առաքելությունը
Քալանթարյանի հետ շրջայցն ավարտելուց հետո հայտնվում ենք տնօրեն Լուսինե Թորոյանի աշխատասենյակում ու շարունակում զրույցն այնտեղ: Նրա խոսքով, թանգարանի կարեւոր առաքելություններից մեկը կրթականն է, դրա համար էլ «Ինքնության դարբնոց» անունով կրթարան են ստեղծել: Այն 2 ուղղությամբ է աշխատում՝ առաջինը կարճաժամկետ դասընթացներն են, որոնք ինչպես տեղացիներին, այնպես էլ զբոսաշրջիկներին հնարավորություն են ընձեռում որեւէ արհեստի ծանոթանալուց հետո սեփական ձեռքով հուշանվեր պատրաստել։ Մյուսները երկարաժամկետ դասընթացներն են, որպեսզի ցանկացողներն արհեստները հնարավորինս խոր ու մանրամասն ուսումնասիրեն։
«Թանգարանի առաքելությունը նաեւ ոչ նյութական մշակութային ժառանգության հետ է կապված, դրա համար էլ տարբեր միջոցառումներ, ծեսեր ու փառատոններ ենք կազմակերպում: Նաեւ շատ մեծ տեղ ենք տալիս ներառականությանը: Մարզերում ու Երեւանում երեխաների խնամքի կենտրոն ու մեծահասակների տուն ունենք։ Նաեւ զինվորների ընտանիքների անդամների համար նախագծի շրջանակում անվճար արհեստներ ենք սովորեցնում: Հետագայում լավագույն աշխատանքները թանգարանը գնում է»:
Նախորդ տարի «Ինչպես են ստեղծվում արհեստները» 2 րոպեանոց ֆիլմեր են ստեղծել 6 արհեստների մասին, թանգարանում ցուցադրելուց բացի, դրանք նաեւ դպրոցներ են ուղարկել, որպեսզի ծանոթանան նաեւ դպրոցականները:
Թանգարանը նաեւ ժողովրդական վարպետի վկայական է հանձնում, միջոցառումը 2 տարին մեկ է անցկացվում, եւ դիմել կարող են բոլոր ոչ պրոֆեսիոնալ մասնագետները։ Նախորդ տարի մոտ 20 հավաստագիր են տվել, եւ կարգում փոփոխություն են նախատեսում, որպեսզի այսուհետ կարողանան դիմել նաեւ Սփյուռքի վարպետները։
Թանգարանում ոչ մի պրոֆեսիոնալի աշխատանք չկա, բոլորը ժողովրդական վարպետներ են՝ տոհմական կամ էլ ինքնուս, ինչպես, օրինակ, ցուցադրված նմուշներից մեկի՝ գրակալի, հեղինակն օդաչու է:
«Նախատեսում ենք թանգարանի խանութը մեծացնել, որտեղ ավելի շատ վարպետների աշխատանքներ կկարողանանք ներկայացնել։ Մտադիր ենք նաեւ վարպետների քարտ ստեղծել, որպեսզի նրանք ավելի մոտիվացվեն ու ձգտեն աշխատել»:
Թորոյանը թանգարանի տնօրենն է 2020 թվականից, նրա նշանակումից մի քանի օր անց պատերազմն է սկսվել ու հենց սկիզբը բավական դժվար է ստացվել։ Սակայն ամեն ինչ հաղթահարել նրան օգնել է սերը մշակույթի նկատմամբ, իսկ այդ կապը դեռ մանուկ հասակից է սկսվել։ Նա հաճախել է «Ծիլ բուսաց» կենտրոն, որտեղ երեխաները նկարում են, երաժշտություն սովորում եւ ծանոթանում համաշխարհային մշակույթին, ինչը հետագայում արտահայտում են նկարներով, համերգներով ու ներկայացումներով։
«Մի կառույց ենք, որը կարող է հայկական մշակույթը ներկայացնել տարբեր երկրներում ու փառատոնների շրջանակում: Նաեւ արհեստների փառատոն ենք անցկացնում. հունիսին առաջինն էր, որին տարբեր երկրներից մասնակիցներ եկան, նաեւ մի քանի անգամ Հայաստանը տաղավարային ձեւաչափով տարբեր երկրներում ենք ներկայացրել: Փորձում ենք նորարար լինել եւ օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները»։
Թորոյանի խոսքով՝ թանգարանը յուրահատուկ ակուստիկայով աստիճաններ ունի, որի վրա էլ երեխաները կանգնել ու երգել են «Աստիճան» համերգի ժամանակ։ Այդ ամենից ոգեշնչված՝ ստեղծել են «Մանել» անունով երգչախումբը, որն իր առաջին մեծ ելույթն ունեցել է այս տարվա թանգարանների գիշերը: Ասում են. «Մենք մանում ենք մեր պատմությունը եւ մեր ճանապարհը»:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: