Դաշնամուրի հնչյուններին միախառնվում է խոսքն ու գնում, դիպչում հանդիսատեսի սրտին՝ հույզեր, պոռթկումներ, հիշողություններ արթնացնում։ Մեղավորները երկուսն են` դաշնամուրի մոտ՝ ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը և դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։ Պոեզիան այս անգամ դուրս էր եկել բեմից ու հանգրվանել ակումբային ձևաչափում։
«Ամեն բանաստեղծություն առանձին կերպար է։ Այս ձևաչափում խոսքը չի կարող կորչել, եթե բեմում կանգնած միջնորդն իր գործը լավ գիտի»,- ասում է դերասանուհին։
Կապը հանդիսատեսի հետ ստացվեց հենց առաջին պահից. անկաշկանդ զրույց, մտերմիկ միջավայր, իմպրովիզներ, երկխոսություն։ Երկու արտիստներն իրենց երեկոն անվանել էին հենց այդպես՝ «Հազար ու մի կյանք»։
Նազենին հայ անվանի պոետների ու ժամանակակիցների ստեղծագործությունները մատուցեց իր յուրօրինակ բանաձևով։ Կամրջեց ու բանաձևեց բանաստեղծների սերը, ապրումները, կարոտներն ու այն հրամցրեց հանդիսատեսին։
Երկու ժամ նա խոսեց իր հանդիսատեսի հետ` համադրված երաժշտությամբ։
«Մարդը կարող է իր ստեղնաշարով զգալ քո տողերը, քո հնչյունները, շունչը, դադարը. երբեմն ավելի լավ, քան դու ինքդ։ Ես նրան անվանում եմ համաժողովրդական վարպետ, բայց նա կոչումով ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարտիրոսյանն է։ Այսօր նրա երաժշտությունն ամբողջական է դարձնելու մեր երեկոն»։
Հետո հորդորեց հանդիսատեսին երջանկացնել իրեն։
«Կերջանկացնեք ինձ, եթե ձեզ ծանոթ բանաստեղծություններն ինձ հետ ընթացքում կարդաք։ Եթե ձեր հույզերն ու ապրումները, բարկությունը ցանկանում եք դուրս թողնել, այսօր սա հենց այդ տեղն է»։
Առաջին իսկ վայրկյանից հանդիսատեսը մտավ պայմանական խաղի մեջ։ Դերասանուհին երեկոն սկսեց Ավետ Բարսեղյանի բանաստեղծությամբ՝ ասելով, որ վարպետ Ավետը դահլիճում է։
«Նա'զ, շատ սիրուն ես բեմում»,- հետևեց Ավետի պատասխանն ու ծաղիկները հայտնվեցին դերասանուհու գրկում՝ շատ հետաքրքիր մատուցմամբ։ Կամուրջը հանդիսատեսի հետ ստեղծված էր։
Նրա մտերիմները գիտեն, որ անակնկալ ասվածն իր համար չէ, չի սիրում նման բաներ, բայց երգչուհի Սոֆի Մխեյանը խախտեց այդ ավանդույթը և բարձրացավ բեմ։ Պատմեց, որ 17 տարի առաջ երիտասարդ մի տղա` Վահագն Ստեփանյանը երաժշտություն է գրել ու այն ուղարկել Սոֆիին։
«Ես այն ուղարկեցի Նազենիին, ասացի՝ խնդրում եմ, կարո՞ղ ես խոսքեր գրել։ Նա գրեց, բայց դա այդպես էլ մնաց թղթի վրա։ Չի սիրում, որ իր գրածները ներկայացնում են, բայց այսօր, կարծում եմ, ամենահարմար ու հրաշալի պահն է . տասնյոթ տարի հետ գնալ ու Նազենիի խոսքերով ներկայացնել այս երգը՝ Արմեն Մարտիրոսյանի նվագակցությամբ»։
«Շնորհակալ եմ իմ 20 տարվա ընկերուհի, անհավանական սիրուն ու գժական անակնալ է. մարդու ընկերուհին պետք է այդպիսին լինի՝ համարձակ, պարզ է չէ՞ հետո ինչ է լինելու, բայց, Ավե'տ, ես չեմ ուզում խոսքեր գրել, դաշտը թողել եմ քեզ ու բոլորին, ես ուրիշի դաշտ չեմ մտնում»,- իրեն յուրահատուկ հումորով ասաց դերասանուհին։
Երբ կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանին տեսնում ես, ականջիդ միանգամից հնչում է «Կյանք ու կռիվ» ֆիլմի սաունդթրեքը։ Երեկոն ամբողջական չէր լինի, եթե այդ երաժշտությունը չհնչեր։ Այն միախառնվեց Ալիսա Կիրակոսյանի՝ «Նամակ առ Հայաստան» բանաստեղծությանը, որն էլ դարձավ երեկոյի ակորդը։
«Կան գործեր, որոնք կարդալիս հանդիսատեսից պահում եմ հեռավորությունն ու փակում ինձ, այն ներկայացնում իբրև մենախոսություն, ու կան բանաստեղծություններ, որոնք ուզում եմ երկխոսության վերածել, այն դառնում է մասնակիցը քո խաղի, խաղիդ կանոններն էլ շատ սիրվում ու ընկալվում է։ Այստեղ չորրորդ պատ մեզ բոլորովին պետք չէ»,- «Bravo.am»-ին պատմեց դերասանուհին։
Կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի համար այս ձևաչափով բեմում լինելը միանգամայն նորություն էր։ Շեշտում է` սա ուղղակի ասմունքողին նվագակցել չէր, այլ երկկողմանի կապ արտիստի հետ, ով զգում է ռիթմը, հնչյունը, երաժշությունն ու այն փոխանցում իր հանդիսատեսին։
«Մի ամբողջ կյանք ոճից ոճ եմ թռչել՝ ջազ, ռոք, կինոերաժշտությունից մինչև գործիքավորում։ Բայց ես ունեի սիրելի հարթակ ու դրանից մեկը դաշնամուրով նվագակցելն էր։ Նազենին առաջարկեց նման բան անել։ Նա գտավ բանաձևը, վերակենդանացրեց այս արվեստը, որը հավակնում է դառնալ ու մաս կազմել իմ գործունեությանը։ Բեմում ես ուղղակի երանելի վիճակում եմ գտնվում»,- ասում է կոմպոզիտորը, ապա արտիստներով շտապում են վայելելու հանդիսատեսի ծափերն ու գրկախառնությունները։
Արմինե Գեւորգյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: