×


«Դու լցրիր այս մեծ համերգասրահը քո կրքով». ժյուրին՝ Հայկ Հեքեքյանի ելույթի մասին

Նորվեգիայում երեկ անցկացվեց «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024» միջազգային մրցույթը։ Հայաստանը ներկայացնում էր 18-ամյա հոբոյահար Հայկ Հեքեքյանը, որը կատարում էր Լյուդվիգ Օգյուստ Լեբրունի կոնցերտը հոբոյի եւ նվագախմբի համար թիվ 1, 1-ին մասը։

Մրցույթին այս տարի 11 երկիր էր մասնակցում։ Քվեարկության արդյունքներով առաջին տեղում է Ավստրիան ներկայացնող 17-ամյա ջութակահարը, երկրորդ տեղում՝ թավջութակահարը Շվեդիայից, երրորդում՝ ֆլեյտահարը Գերմանիայից։ Դասական երաժշտության այս մրցույթի հաղթող մասնակիցն ընտրվեց ժյուրիի քվեարկությամբ, որի նախագահն էր նորվեգացի դիրիժոր Թաբիթա Բերգլունդը։ Ժյուրիի կազմում էին նաեւ դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը, կլարնետահար Անդրեաս Սունդենը՝ Շվեդիայից եւ հարվածային գործիքներ նվագող ավստրիացի Մարտին Գրուբինգերը:

«Պատանի երաժիշտների Եվրատեսիլի» բոլոր մասնակիցները ելույթ էին ունենում Նորվեգական ռադիոյի նվագախմբի հետ` Էյվինդ Օդլանդի ղեկավարությամբ։

Իր ելույթին ընդառաջ Հայկ Հեքեքյանն ասել է. «Ես սկսել եմ հոբոյ նվագել 8 տարեկանում։ Պարզապես հավանում էի այդ գործիքը։ Այդ տարիքում, հավանաբար, լիովին չէի հասկանում նվագելու նրբություններն ու կարեւորությունը։ Երաժշտությունն ինքնարտահայտման, մարդկանց սրտերի եւ հոգիների հետ խոսելու կախարդական միջոց է։ Ստեղծագործությունը, որն ընտրել եմ, իսկապես շատ եմ սիրում։ Այն գերում է ինձ իր պարզությամբ, հնչերանգների արտահայտչականությամբ եւ թեթեւակի պայքարով։ Այս երեկո բեմ դուրս գալով՝ պարզապես ուզում եմ նվագել, խոսել մարդկանց հետ մեղեդու լեզվով եւ պատմել նրանց գեղեցկության մասին»։

Նրա կատարումը բուռն ծափերով ողջունեց դահլիճը, իսկ հաղորդավարները շնորհավորեցին՝ ասելով՝ «իսկապես ֆանտաստիկ էր»։

Սա էլ ժյուրիի կարծիքն էր ելույթից հետո. «Շատ հավանեցի քո ֆրազները, որոնք միեւնույն ժամանակ դասական ու էլեգանտ էին։ Վայելեցի քո ինքնավստահությունը, դու վայելում էիր այս մեծ համերգասրահի մթնոլորտը եւ լցրիր այն քո կրքով։ Դու կարող ես, երիտասարդ»:

42 տարվա ընթացքում երկրորդ անգամ է, որ մրցույթի ժամանակ հոբոյ հնչեց։ «Պատանի երաժիշտների Եվրատեսիլն» անցկացվում է 1982 թվականից՝ 2 տարին մեկ անգամ։ Հայաստանն այս մրցույթին մասնակցել էր 1 անգամ. քանոնահար Նարեկ Կազազյանը զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW