×


«Սերը տարիք չի հարցնում եւ ոչինչ հավերժ չէ»․ Աննա Հարությունյանը՝ իր եւ Միքայել Պողոսյանի նախկին սիրավեպի մասին

Դերասանուհի Աննա Հարությունյանը հյուրընկալվել է Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդաշարին, որն այս անգամ համատեղ վարում էր Մհեր Բաղդասարյանը, եւ անկեղծ խոսել ոչ միայն իր նոր ֆիլմի նկարահանումների բարդ ընթացքի, ձեռք բերած առողջական խնդիրների մասին, այլեւ Սոս Ջանիբեկյանի հետ համբույրի տեսարանի, նախկինում իրենց սիրահարվածության մասին եւ պատասխանել Միքայել Պողոսյանի հետ սիրավեպին վերաբերող հարցերին։

Կյանքն ապացուցեց

Ես համարում եմ՝ ինչ եղել է մեր միջեւ, եղել է կյանք՝ իր դրական եւ ոչ միշտ դրական պահերով։ Համենայն դեպս, կյանքն ինձ ապացուցեց հետեւյալը, որ սերը տարիք չի հարցնում, եւ հետո եկավ ապացուցելու, որ ոչինչ հավերժ չէ լուսնի տակ։

Կյանքն ինձ ապացուցեց ամենակարեւորը՝ ինքս պիտի դառնամ երջանիկ մարդ, որպեսզի երջանիկ մարդու հանդիպեմ, ու ծնվի այդ հրավառությունը։ Չեմ համարում, որ որեւէ մեկն անպայման պիտի գա մեր կյանք, որ մեզ երջանիկ դարձնի։ Գուցե գա, որ ավելի լավը դարձնի։ Հիմա կարծում եմ, որ մարդիկ երկու պատճառով են գալիս մեր կյանք՝ կա՛մ մեզ սիրելու, կա՛մ սովորեցնելու։ Երբեւէ չեմ խոսել անձնական ապրումների մասին, դրանք այնքան թանկագին են, թեկուզ վատ ապրումները, որ չգիտեմ՝ ինչ ասել։

Արդյոք նոր ֆիլմով ինչ-որ բան է պատասխանում Միքայել Պողոսյանին

Եթե նույնիսկ պատասխան է, ապա միայն շնորհակալության տեսքով։ Ոչ թե՝ ինչ էլ լինի, ես շնորհակալ եմ կյանքին, այլ այն առումով, որ առնչվելով նման արտիստի հետ՝ գոնե մասնագիտական առումով այնքան բան կարող ես սովորել, այնքան բան գեներացնել եւ այսօր վերադարձնել, որ եթե մի պատասխան լինի, ապա միայն շնորհակալության տեսքով։ Անկասկած։

Աննա Հարությունյանը եւ Միքայել Պողոսյանը


«Ես ու Սոսն ուսանողական տարիներին սիրահարված ենք եղել»

Հիմա նայում եմ ֆիլմի կադրերն ու հասկանում, որ ավելի ճիշտ ընտրություն ուղղակի հնարավոր չէր կատարել բոլոր առումներով: Սոսին ճանաչում եմ արդեն 17 տարի, նույն ինստիտուտում ենք սովորել՝ Թատերականում, եւ դեռ այնտեղից է մեր ընկերությունը։ Շատ հեռավոր անցյալում նույնիսկ սիրահարված ենք եղել (ժպտում է,- հեղ․)։ Ուսանողական տարիներին երկուսս էլ շատ էինք կարդում ու երբ հանդիպում էինք, աֆորիզմներով էինք խոսում։ Սոսն այդ ժամանակ երկար մազերով էր, քայլում էր իր անձրեւանոց-ձեռնափայտով, դե, շատ գեղեցիկ տղամարդ է եւ այն ժամանակ էլ շատ յուրօրինակ տեսք ուներ։

Նազիկ Ավդալյանի նախկին ամուսնու դերի համար Սոսին առաջարկեցի, համաձայնեց, ու երբ արդեն պետք է նկարեինք համբույրի տեսարանը, մենք հին ու բարի ընկերների պես նստած սպասում էինք, որ մեզ հրավիրեն նկարահանման տաղավար։ Սկսեցինք խոսել անձնական կյանքից, որ առհասարակ մեծ հույսեր չունենք այդ հարցում, եւ դրանով զբաղվելն անիմաստություն է (ծիծաղում է,- հեղ․)։ Խոսում էինք, որ պետք է կենտրոնանալ սեփական մտքերի, զգացմունքների վրա։ Ես ասացի՝ դե, երկու տարի է՝ մտքովս անգամ չի անցել ինչ-որ մեկով հրապուրվել, կամ ինձնով, առհասարակ, հնարավոր է հրապուրվել, թե՝ ոչ։

View this post on Instagram

A post shared by Anna Maxim (@anna_maxsim)


Եվ վերջապես մեզ հրավիրեցին նկարահանման հրապարակ, սկսեցինք նկարել համբույրի տեսարանը, ի դեպ, շատ գեղեցիկ ստացվեց կինեմատոգրաֆիայի առումով, եւ շատ ուշ «ստոպ տվեցին» սրիկաները (ծիծաղում է,- հեղ․)։ Երկուսով նայեցինք իրար ու միաժամանակ ասացինք՝ «Բայց այդքան էլ վատ չէր»։ Իմ եւ Սոսի տանդեմը ֆիլմում համարում եմ իսկապես կայացած։ Սա չեմ ասում որպես ֆիլմի պրոդյուսեր կամ ռեժիսոր, այլ որպես դերասան, եւ ինձ համար գերագույն հաճույք էր նման խաղընկեր ունենալը։

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW