Երգիչ Արամ Ասատրյանի կյանքի մասին պատմող գեղարվեստական ֆիլմի նկարահանումները մոտենում են ավարտին, հայտնում է Կինոդարանը:
Ֆիլմում անդրադարձ է կատարվում Ասատրյանի մանկությանը, ընտանիքի սոցիալական դժվարություններին ու երաժշտական ճանապարհին։ Պատմության առանցքում 1990-ականներին հայրենիքից հեռանալու դժվար որոշումն է։
Արամ Ասատրյանի դերում Միսակ Ոսկանյանն է:
«Ֆիլմը փորձ է Ասատրյանի անձնական պատմության միջոցով խոսելու նաեւ համամարդկային հարցերի մասին։ Ի՞նչ գին ունի հաջողությունը, երբ ընտանիքիդ ապագան ապահովելու համար ստիպված ես թողնել տունն ու տարիների ընթացքում կառուցած կյանքը»,- նշում են ֆիլմի հեղինակները:
Արամ Շահբազյանը
Ֆիլմի ռեժիսորը «Մի վախեցիր», «Սուրբը 2», «Չնչիկ» եւ «Մոսկվիչ, իմ սեր» աշխատանքներով հայտնի Արամ Շահբազյանն է: Շահբազյանի ռեժիսորական աշխատանքների թվում է միջազգային կինոփառատոներում մրցանակների արժանացած «Փրկության քարտեզը» վավերագրական ֆիլմը։
«Ֆիլմ նկարելու առաջարկը ստանալուց հետո սկսեցի մտածել՝ Արամ Ասատրյանի երգերը բոլորս գիտենք, բայց որանո՞վ ենք տեղյակ նրա կյանքին: Արամի կյանքի որոշ դրվագներ շատերին կզարմացնեն։ Ինքս էլ եմ զարմացրել, երբ սկսել եմ ծանոթանալ նրա պատմությանը»,- նշել է ռեժիսորը:
Պրոդյուսեր Ռաֆայել Թադեւոսյանն էլ նշել է, որ իրենց առաջին հերթին հետաքրքրել է՝ ինչ ճանապարհ է անցել Ասատրյանը մինչեւ բեմ բարձրանալը եւ ինչ որոշումներ էր ստիպված եղել կայացնել, երբ արդեն ճանաչված երգիչ էր. «Դրանցից ամենադժվարներից մեկը հայրենիքից հեռանալն էր։ Այդ որոշման մեջ շատ ընտանիքներ կարող են ճանաչել իրենց պատմությունը»։
Արամ Ասատրյանի կյանքի մասին պատմող գեղարվեստական ֆիլմը Հայաստանի կինոթատրոններում կցուցադրվի 2027 թվականի փետրվարի 4-ից։ Ֆիլմի պրեմիերաներ կլինեն նաեւ Ռուսաստանում ու ԱՄՆ-ում:
Լուսանկարները՝ Կինոդարանի


×
59





