Աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում գործող ՅՈՒՆԵՍԿՕ-ի բացառիկ նախագծերից մեկը՝ TeensLIVE-ն իր կարեւոր առաքելություններից մեկն է համարում կրթել դեռահասներին ու նրանց ծնողներին։ Այդ նպատակով ամեն տարի սոցիալական հարթակների միջոցով ու կենդանի հանդիպումներ են նախաձեռնում դեռահասների եւ նրանց ծնողների, ինչպես նաեւ հեղինակավոր մասնագետների ու ինֆլյուենսերների մասնակցությամբ։
Հերթական հանդիպումը հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Արզումանյանի եւ ինֆլյուսենսեր ու 5 երեխաների մայրիկ Գայանե Պողոսյանի մասնակցությամբ էր։
Հանդիպման ժամանակ նրանք անդրադարձան մի շարք կարեւոր ու հրատապ խնդիրների՝ տագնապային խանգարումների ու սննդային վարքի կանխման, սթրեսի ու դեպրեսիաների հաղթահարման, ինքնավնասումների նշանների ու դրանց դեմն առնելու միջոցներին, ինչպես նաեւ պատասխանեցին դեռահասների ու ծնողների այն հարցերին, որոնց անձամբ են բախվել։
Հոգեբանը մանրամասն խոսեց շեղումների բազմաթիվ նշանների ի հայտ գալու մասին եւ տեղին խորհուրդներ տվեց՝ ինչպես դրանք հասկանալ ու փորձել կանխել։
«Դեռահասների համար ֆիզիկական ու էմոցիոնալ փոփոխությունների շրջանում ծնողների համար մարտահրավեր է երեխային հասկանալն ու օգնելը։ 2026 թվականին հրապարակված ամերիկյան հետազոտությունը ցույց է տվել, որ դեռահասների 33%-ից ավելին խորը տխրություն ու հուսահատություն է ապրում, որոնց հաջորդում են սուիցիդալ մտքերը։ Իսկ Չինաստանում դեռահասները հիմնականում ընտանեկան խնդիրների պատճառով են տառապում։ Ցավոք, Հայաստանի մասով պաշտոնական տվյալներ չկան։ Մեզ մոտ դեռահասները հիմնականում տագնապ են ունենում, անապահովության զգացում, դեպրեսիա, սիրային ու միջանձնային հարաբերությունների հետ կապված խնդիրներ»,- ներկայացրել է Արզումանյանը։
Նա խոսել է երեխաների ու ծնողների միջեւ սահմանների մասին, թե որքան կարեւոր է դրանք հարգելն ու պահպանելը, փոխադարձ իրավունքների ու պարտականությունների, գերխնամքի պայմաններում մեծացած երեխաների խնդիրների եւ ինքնուրույնությունը կորցնելու, սոցիալական ցանցերի չափազանց բացասական հետեւանքների մասին։
«Էկրանային ժամանակն ուղղակիորեն անդրադառնում է ուղեղի աշխատանքի վրա, թվային թուլամտության էքսպերիմենտն ապացուցված է։ Դեռահասը կլանում է էժան դոֆամիններն ու իրական կյանքը նրա համար ձանձրալի է թվում։ Բացի այդ էլ, սկսում է չքնել, ինչի արդյունքում տուժում է մտածողությունը, կորցնում վերլուծություն անելու եւ հետագա քայլերը կանխատեսելու ունակությունը։ Պետք է էկրանային ժամանակը սահմանափակել, շատ խիստ մասնագետների կարծիքով՝ հասցնել կես ժամի, իսկ առավել ռոմանտիկների՝ 1-1,5-ի»,- կիսվել է նա։
Գայանե Պողոսյանն էլ հավելել է, որ պետք է երեխաների իրական կյանքն ավելի ակտիվ դարձնել, քանի որ դիջիթալ աշխարհում այդքան երկար ժամանակ անցկացնելը փախուստ է իրականությունից։ Նա առաջարկում է միասին որեւէ բան անել՝ պատրաստել, գնումների գնալ, աղբ թափել ու այդկերպ երեխաներին ներգրավել առօրյա կյանքում։
Նա նաեւ կիսվել է իր փորձով, թե ինչ է անում իր 5 երեխաներից յուրաքանչյուրի հետ մտերմությունն ու վստահությունը պահպանելու համար. «Ամեն երեխա իր պահանջմուքներն ունի։ Ամեն ամիս յուրաքանչյուր երեխայի հետ մեկ ամբողջական օր եմ անցկացնում, ընդ որում՝ ըստ իրենց նախասիրությունների հենց նրանք են որոշում, թե ինչով ենք զբաղվելու։ Այդկերպ կապը վերականգնվում է ու մտերմությունը պահպանվում, իսկ ծնողների համար կապը պահելն ամենակարեւորն է»։
Արզումանյանն ավելացրել է, որ ցանկացած խնդիր ավելի հեշտ է լուծել, եթե երեխաները մտերիմ են ծնողների հետ ու նրանց միջեւ էմոցիոնալ կապ կա։ Ամեն դեպքում, ծնողներին խորհուրդ է տալիս․ ինչ տեսակի խնդրի էլ բախվեն իրենց երեխաների հետ, չհուսահատվեն ու չնահանջեն։
TeensLIVE-ի ղեկավար Արուսիկ Մկրտչյանը Bravo.am-ի հետ զրույցում նշել է, որ կարեւորում են դեռահասների առողջության հետ կապված խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելն ու դրանց մասին մշտապես բարձրաձայնելը։ Նա համարում է, որ հատկապես դեռահասները պետք է լավ ծանոթ լինեն իրենց մարմնի հետ տեղի ունեցող փոփոխություններին, որպեսզի կարողանան կանխել անցանկալի հետեւանքները։
«Խորհրդային տարիներին ծնողները հոգեկան առողջության մասին որեւէ գիտելիք չունեին, նաեւ ծնողավարման իմաստով էին պատկերացումները բավական թերի։ Շատ լավ է, որ հիմա ծնողները ձգտում են կրթվել եւ հասկանում են հոգեկան առողջության կարեւորությունը։ Նրանց ցանկանում են իմանալ այն ախտանշանները, որոնք հետագայում կարող են ավելի լուրջ խնդիրների հետեւանք դառնալ։ Դրանց թվին են պատկանում ինքնավնասումները, սուիցիդալ մտքերը, բուլինգի հետեւանքները հաղթահարելը, տագնապային խանգարումները, խուճապայի նոպաները եւ այլն։ Մենք Հայաստանում միակ դեռահասային նախագիծն ենք ու 7 տարիների ընթացքում տարբեր թեմաների ենք անդրադարձել։ Ամեն տարի թեմաները հիմնականում փոփոխման են ենթարկվում, սակայն դեռահասների հոգեկան առողջությունը մեզ համար միշտ մնում է առաջնային»,- շեշտել է նա։
Գործունեության սկզբնական տարիներին հիմնականում փորձել են դեռահասներին կրթել ու բավական շատ գիտելիքներ են փոխանցել, ինչպես նաեւ գործարկել են teenslive.am կայքը, որն «Արաբկիր» բժշկական կենտրոնի բժիշկներն էին համակարգում։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կայքում ֆիզիկական ու հոգեկան առողջության մասին հոդվածներ են հրապարակվում, դեռահասները կարող են նաեւ հոգեբանին կամ բժշկին անանուն հարց ուղղել եւ ստանալ իրենց հուզող խնդրի պատասխանը։ Սակայն սոցիալական կայքերի ակտիվացմանը զուգահեռ Teenslive-ն իր գործունեության ուղղությունը փոխել է։
«Նախագիծը բաժանվել է երկու մասի, կայքը շարունակում է գործել, բայց դրան զուգահեռ ստեղծեցինք հարթակներ բոլոր սոցիալական ցանցերում։ Այս տարիների ընթացքում տասնյակ հազարավոր դեռահասների ենք կրթել։ Ամեն տարի մեզ շուրջ 500 կամավորներ են դիմում, նրանց մի քանի փուլով ենք ընտրում ու պահում 30 լավագույններին։ Հենց նրանք էլ մեր սոցիալական ցանցերի համար բովանդակություն են ստեղծում։ Իհարկե, չենք կարող կարեւոր թեմաները միանգամից վստահել դեռահասներին, եւ նրանց համար նախապես թրեյնինգ ենք կազմակերպում բժիշկների ու հոգեբանների մասնակցությամբ։ Միայն դրանից հետո նրանք ռիլերի, սթորիների կամ «թերթովի կառուսելների» միջոցով բովանդակություն են ստեղծում Տիկտոկում, Ինստագրամում, Ֆեյսբուքում, Տելեգրամում եւ Յութուբում»,- շարունակել է Մկրտչյանը։
Որքան էլ գիտակցում են, որ վերջին տարիներին առավել կարեւոր է դիջիթալ տիրույթում ակտիվ գործունեությունը, բայց նաեւ կենդանի ձեւաչափով են հանդիպումներ կազմակերպում ու նորից մեծ լսարան ներգրավում։ Ծնողների համար կարեւոր է անվճար գիտելիքներ ստանալ ու նաեւ մասնագետներին իրենց հուզող հարցերը տալ։
«Այսօր ներկա էր ամենասիրված բլոգեր-մայրիկ Գայանեն, ով իր լսարանին շատ կարեւոր գիտելիքներ է փոխանցում ու կիսվում իր փորձով։ Ինֆլյուենսերների ներգրավումն օգնում է նոր լսարան ներգրավել ու նրանց էլ ծանոթացնել այս կարեւոր խնդիրներին։ Իսկ Անահիտ Արզումանյանը դեռահասների հետ աշխատելու հսկայական փորձ ունի, այդ թվում՝ նրանց հետ, ովքեր կրիմինալիզացիային են հասել։ Մինչեւ դրան հասնելն այնքան փուլեր կան, որ ուշադիր լինելու դեպքում ծնողները նշանները կնկատեն»,- բացատրել է ծրագրի ղեկավարը։
Մկրտչյանն այս 7 տարիներին իրենց գրանցած կարեւոր ձեռքբերումներից երեքն է առանձնացնում։ Նախ՝ արդեն ունեն կրթված կամավորների 10 սերունդ, որոնք քայլող գիտակներ են։ Նրանք տարբեր կարեւոր թեմաների վերաբերյալ թրեյնինգների են մասնակցել ու տեղեկություններ ստացել անմիջապես բժիշկներից, հոգեբաններից ու մեդիագրագիտության փորձագետներից.
«Մեր քայլող դեսպաններն են, ինչի համար շատ ենք հպարտանում։ Արդեն իրենք են դպրոցներում ու համալսարաններում թրեյնինգներ անցկացնում։ Շատ կարեւոր է մեր կամավորների մասին խոսել ու նրանց շնորհակալություն հայտնել, որովհետեւ առանց նրանց այս նախագիծը չէր լինի։ Շատ մեծ վստահություն ենք սկսել ձեռք բերել, քանի որ մեր բարձրացրած խնդիրներն ամենախնդրահարույցն են ու նուրբը։ 2024-2026 թթ. սոցիալական հարթակներում 7 միլիոնից ավել դիտումներ ենք ունեցել:
Փոդքաստներ ու տեսանյութեր ենք նկարել հենց այն մարդկանց հետ, ովքեր կիսվել են սննդային խանգարումների կամ բուլինգի ենթարկվելու իրենց փորձով, ինչը հատկապես դեռահասների համար շատ դժվար է։ Նաեւ դեռահասներին ճիշտ սեռական կրթություն ենք փոխանցում, պատմում ենք, թե հասունացման շրջանում իրենց մարմնի հետ ինչ է կատարվում, որոնք ենք նորմաներն ու շեղումները, որպեսզի իմանան երբ է անհրաժեշտ բժշկի դիմել։ Բնականաբար, անդրադառնում ենք սեռական ապահով վարքագծին։ 15-17 տարեկանը հենց այդ կարեւոր տարիքային պատուհանն է, որ այդ մասին պետք է իմանան, ոչ թե միանգամից կիրառելու, այլ՝ հետագայի համար։ Խոսում ենք նաեւ սեռավարականերից ու անցանկալի հղիության կանխման մասին։ Տեղեկություններն առավել մատչելի են ու տարիքին համապատասխան, որպեսզի կարողանան յուրացնել»,- կիսվել է Մկրտչյանը։
Վերջում նա ընդգծել է լավագույն բժիշկների ու հոգեբանների, ինչպես նաեւ լսարանի վստահությունը վայելող ինֆյուսենսերների հետ համագործակցությունը։ Համատեղ ջանքերով լսարանն ավելի մեծ են դարձրել ու կարեւոր թեմաների մասին բարձրաձայնել։
Տեքստը՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի եւ TeensLIVE-ի


×
11





