Հաշված օրեր են մնացել, որ ծնվի դերասանուհի Էվելինա Շահիրյանի եւ ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի առաջնեկը։ Մինչ այդ նրանք իրենց ինստագրամյան էջերում պատասխանել են հետեւորդների հարցերին ու պատմել, թե ինչպես են պատրաստվում հետծննդյան շրջանին, ինչ անուն են որոշել իրենց տղայի համար, ինչպես նաեւ անդրադարձել են «Հատուկ դասարան» սերիալի 3-րդ եթերաշրջանում սպասվող նորություններին։
Էվելինան նշել է, որ դեռ հստակ չգիտի՝ փոքրիկը երբ կորոշի լույս աշխարհ գալ, բայց ինքն արդեն հղիության 33-րդ շաբաթում է։ Հասցրել են գնել բոլոր անհրաժեշտ իրերը՝ մանկասայլակից ու հագուստներից սկսած մինչեւ կենցաղային պարագաներ։ Ապագա մայրիկը վստահ է՝ բժշկությունն այնքան է զարգացել, որ երեխայի սեռը դժվար թե սխալ պարզված լինի։
Տղային որոշել են Դանիել անվանել։ Ասում է՝ շատ արագ են կողմնորոշվել անվան հարցում․ «Ես առաջարկեցի Արես անունը, բայց Հովոն ասաց, որ չարժե ռազմի աստծո անունը դնել։ Հետո ասաց, որ տղայի իր սիրելի անունը Դանիելն է։ Այդ անունը միանգամից կպավ սրտիս»։
Հետեւորդներից մեկը հարցրել է՝ պատրաստ է գիշերներն արթուն մնալուն, Էվելինան կեսխիստ-կեսկատակ պատասխանել է․ «Գիշերները չքնած հարգելի մայրիկներ, խնդրանք ու խորհուրդ՝ բացասական երեւույթների մասին մի պատմեք հղիներին։ Իսկապես մեր մտածմունքներն այս պահին շա՜տ-շատ են»։
Հարցերից մեկին ի պատասխան էլ ընդգծել է՝ ինքն ու ամուսինն առանձին են ապրում ծնողներից, քանի որ վստահ են՝ որպես ընտանիք կայացման հարցում կարեւոր ու անհրաժեշտ է առանձին ապրելը։
Մի քանի անձնական ու գործնական հարցի էլ Հովհաննեսն է անդրադարձել իր էջում։ «Ի՞նչն եք ամենաշատը գնահատում Էվելինայի մեջ» հարցին նա պատասխանել է․ «Երբ մարդու հետ ընտանիք ես կազմում, ուրեմն՝ կոնկրետ գնահատելու հարց չկա, բայց Ձեր հարցն անպատասխան չթողնելու համար երեւի թե առանձնացնեմ իր հոգատարությունը»։
Ոմանք նաեւ հետաքրքրվել են՝ արդյոք նոր «Հատուկ դասարան»-ի դերասաններն իրենց ծանոթ են այլ ֆիլմերից, կամ հին կերպարները լինելո՞ւ են երրորդ եթերաշրջանում։ «Ծանոթ դեմքեր էլ կտեսնեք, բոլորովին նոր դեմքեր էլ։ Անակնկալների սպասեք»,- գրել է ռեժիսորը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: