×


Սիրավեպ Փարիզի հետ. մեր ժամադրության վայրերն ու խոստովանությունները

Փարիզն իսկապես տոն է, որը քեզ հետ է, եւ այդ զգացողությունը մնում է անգամ այնտեղից վերադառնալուց հետո։ Քաղաքը կարողանում է յուրահատուկ ջերմությամբ ու քնքշությամբ դիպչել հոգուդ եւ այնպես անել, որ ձեր միջեւ սիրավեպ սկսվի։

Ու հիմա, երբ սիրելիից հեռու եմ, այդ սերն առավել ուժգին ու կարոտով եմ հիշում։ Հայաստանի Օլիմպիական հավաքականի հետ Փարիզ մեկնեցի հուլիսի 25-ին, «Շառլ դը Գոլ» օդանավակայանից քաղաքի կենտրոնում գտնվող մեր հյուրանոց ուղեւորվելու ճանապարհին դեռ շատ բան չէի հասկանում ու վստահությամբ կարող եմ փաստել, որ դա սեր չէր առաջին հայացքից։

Մեզ դիմավորելու եկած մեքենայում մեծ ճամպրուկներով նստած՝ առաջինը մեր ուշադրությունը գրավեց շատ կանաչապատ ճանապարհը. ծառերն ամենուր էին ու ամեն քայլափոխի։ Հենց առաջին ծանոթությունից հարազատ ու ջերմ բան զգացինք, այնպիսի տպավորություն էր, որ այնտեղ արդեն եղել ենք։ Որքան էլ անհամբեր սպասում էինք, բայց այդ ճանապարհով անցնելիս Էյֆելյան աշտարակն այդպես էլ չտեսանք։

Նրա հետ առաջին հանդիպումը տեղի ունեցավ այդ երեկոյան, երբ բացման արարողությունից մեկ օր առաջ որոշեցինք շրջել քաղաքով ու ծանոթանալ, թե ինչպես է Փարիզը պատրաստվում խաղերին։ Կենտրոնն ամբողջովին փակ էր, հայ լրագրողներով կարողացանք որոշակի հատվածներ մուտք գործել միայն մեր օլիմպիական հավատարմագրման շնորհիվ։


Ու հերթական փողոցով անցնելիս էլ մեր առջեւ երեւաց նա՝ Էյֆելյան աշտարակը, որի հետ հետագայում հանդիպելու, նրանով օրվա տարբեր ժամերին հիանալու ու քաղաքի ամենահեռավոր անկյուններից էլ աչքի առաջ որպես ուղեցույց ունենալու բազմաթիվ առիթներ եղան։ Ի դեպ, ցերեկն ու գիշերն այն ասեք երկու տարբեր աշտարակ լինի՝ արեւային լույսի տակ ավելի համեստ ու պարզ տեսք ունի, իսկ երեկոյան պճնվում է իր ամենագեղեցիկ լույսերով ու հմայքով, որպեսզի անտարբեր չթողնի եւ ոչ մեկին։ Իսկ խաղերի պատվին հատուկ զարդարանքը՝ Օլիմպիական օղակները, նրան էլ ավելի հմայիչ էին դարձնում:

1889 թվականին Գուստավ Էյֆելի կառուցած գլուխգործոցն իսկապես քաղաքի խորհրդանիշներից մեկն է ու արտահայտում է ֆրանսիացիների ոգին։ Նրա նշանակությունն ու կարեւորությունը քաղաքի համար զգում ես հենց աշտարակի ամենաբարձր՝ 300 մետր բարձրության վրա, երբ թռչնի թռիչքից նայում ես կոկիկ ու կուրացնող լուսավորությամբ փողոցներին, գեղեցիկ շարված շենքերին, հենց աշտարակի տակ ծովափնյա վոյելբոլ խաղացող մարզիկներին ու գիտակցում, որ առանց Էյֆելի Փարիզը լրիվ այլ կլիներ։ Այն ասեք փարոս լինի, որն ամբողջ աշխարհից դեպի իրեն է կանչում մարդկանց, որպեսզի նրանց մոռացնել տա առօրեական խնդիրներն ու հոգսերը։


Աշտարակի հետ հանդիպելիս ինքդ էլ ես ցանկանում նրա պես առանձնացող ու հմայիչ լինել, ընտրում ես ամենատարբերվող զգեստդ, կարմիր շրթներկ օգտագործում, քո ամենասիրելի օծանելիքով բուրում, ֆրանսիական բերետ կրում։ Որ կողմ էլ նայում ես, զգում ես այդ եթերային ու ֆիլմային մթնոլորտը՝ ամեն մեկն էլ Էյֆելյանի հետ ժամադրությանը պատրաստված է գալիս:

Բայց էլ ի՞նչ Փարիզ առանց նորաձեւության ու պատմամշակութային արժեքների, հատկապես, որ խաղերի կազմակերպիչները կարողացան այնպես անել, որ սպորտից բացի, ամբողջ աշխարհը խոսի նաեւ իրենց հնարամտության ու բացման արարողության մասին։ Թատերաբեմ էր դարձել ամբողջ Փարիզը՝ գլխավոր գործող անձը Սեն գետն էր, որի վրայով նավակներով անցան մարզիկները, իսկ քանի որ գետը հոսում է ամբողջ քաղաքով մեկ ու երկու հատվածները միացնում բազմաթիվ կամուրջներով, սովորական մարդիկ էլ տոնական երեկոյի մի մասը դարձան։ Դիմավորում էին երկրների պատվիրակություններին, ողջունում նրանց ու իրենք էլ վայելում խաղերի մեկնարկը։

Անգամ մի քանի ժամ տեւած հորդառատ անձրեւն ի զորու չեղավ փչացնել հավաքվածների տրամադրությունը։ Միայն պետք էր տեսնել, թե ինչպիսի ոգեւորություն տիրեց, երբ Էյֆելյան աշտարակի հարեւանությամբ գտնվող Տրոկադերոյի բեմում հայտնվեց Զիդանը։ Բոլորս՝ մինչեւ ոսկորները թրջված ու մրսած, ոտքի կանգնեցինք ու լեգենդին դիմավորեցինք «Զիզու» վանկարկումներով։ Մի քանի մետրի վրա էլ զգացվում էր, թե ինչպիսի անբացատրելի էներգիա ու խարիզմա ունի նա։

Լուսանկարը՝ Olimpics


Ֆրանսիան նաեւ մարդիկ են ու այնտեղ գիտեն՝ ինչպես նրանց ըստ արժանվույն մեծարել, ու խոսքը միայն իրենց հայրենակիցների մասին չէ: Խաղերի կազմկոմիտեն կրակի փոխանցումավազքին մասնակից էր դարձրել Փարիզի Ռոլան Գարոսի կորտերում ամենաշատ տիտղոսներ նվաճած 14-ակի հաղթող Ռաֆայել Նադալին ու եռակի մրցանակակիր Սերենա Ուիլյամսին:

Իսկ երեկոյի գլխավոր կատարումը հնչեց Սելին Դիոնի շուրթերից։ Հիվանդության պատճառով երկար ժամանակ բեմ չբարձրացած կանադացի երգչուհին իսկապես հուզվեց ու հուզեց ներկաներին եւ միլիոնավոր հեռուստադիտողներին՝ կատարելով Էդիթ Պիաֆի «Hymne a l'amour» երգը։ Երգչուհու շքեղ հագուստը պատրաստել էր Dior նորաձեւության տունն ու այն ներկայացրել Օլիմպիական խաղերին նվիրված իր հատուկ ցուցադրությունում, որտեղ ներկայացված էր նաեւ բացմանը «Մարսելյեզը» կատարած մեցցո-սոպրանո Ակսել Սեն-Սիրելի եռագույն զգեստը:

Հավաքածուն ներառում էր նաեւ Այա Նակամուրայի ոսկեգույն զգեստը. նա բացմանը մի քանի երգ կատարեց, այդ թվում՝ Շառլ Ազնավուրի «For Мe, Formidable»-ն: Աշխարհահռչակ շանսոնյեի ձայնը պարբերաբար լսվում էր խաղերի ընթացքում՝ ե՛ւ մրցումային դահլիճում էին նրա երգերը միացնում, ե՛ւ «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում փակման արարողությանը նորից Ազնավուրն իր մասնակցությունն ունեցավ:


Փարիզն իր մշակութային կյանքով ու արժեքներով Օլիմպիական ժառանգության մի մասը դարձավ: Ի պատիվ օդապարիկի ֆրանսիացի գյուտարարներ Ժոզեֆ ու Էտյեն Մոնգոլֆիե եղբայրների՝ կազմակերպիչները կրակը բարձրացրին օդ ու այն տեղադրեցին Թյուիլրի այգում՝ Լուվրի թանգարանի մոտակայքում։

Քաղաքի կենտրոնում գտնվող արվեստի ու ճարտարապետական գլուխգործոց Ալեքսանդր III-ի կամուրջը, որը պատմական տարատեսակ իրադարձությունների ականատես է եղել, խաղերի օրերին մասնակի փակ էր, քանի որ այնտեղ էին տեղի ունենում սնոուբորդի մրցումները: 107 մ երկարությամբ կամուրջն իր հերթին միացնում էր մյուս 2 օլիմպիական մրցահարթակներ համարվող Մեծ ու Հաշմանդամների պալատները, հենց այդտեղ է թաղված Նապոլեոն Բոնապարտն ու  2018-ին տեղի է ունեցել Ազնավուրի հոգեհանգստի եւ ազգային հարգանքի տուրքի արարողությունը:


Կամրջից ոչ այնքան հեռու էլ Էյֆելյան աշտարակն է, որի անմիջական հարեւանությամբ ծովափնյա վոյելբոլի մրցումներն էին: Իսկ Ալեքսանդր III-ով քայլելով դուրս եք գալիս Կոնկորդի կամ Համաձայնության հրապարակ, ապա հայտնվում Ելիսեյան դաշտերում՝ ճանապարհին հայտնվելով Օլիմպիական խաղերի  «ֆան» գոտում, լուսանկարվելով Օլիմպիական օղակների մոտ ու անգամ ծանոթանալով Աստերիքսի եւ Օբելիքսի հետ: Հենց Ելիսեյան դաշտերում է օգոստոսի 28-ին տեղի ունեցել Պարալիմպիկ խաղերի բացման արարողությունը:

Կազմակերպիչներն ամեն աննշան մանրուք հաշվի էին առել, որպեսզի հիանաք գեղեցիկ տեսարաններով, անասելի տապին զգաք Սենից փչող ու զովացնող քամին եւ հայտնվեք սպորտային արենաներում: Կամ էլ պատահաբար կարող էիք հայտնվել քաղաքի կենտրոնում ու տեսնել, որ փակ փողոցների թիվն ավելացել է՝ ամենուր երկրպագուներ են, որոնք եկել են աջակցելու վազորդներին կամ էլ հեծանվորդներին, ինչպես դա տեղի ունեցավ Մոնմարտր մեր այցի ժամանակ:


Անգամ շքեղ ու ոսկեզօծ Վերսալն էր դարձել Օլիմպիական խաղերի թատերաբեմ. ձեզ ողջունող Արեւ արքայի՝ Լյուդովիկոս XIV-ի արձանի կողքով անցնելուց հետո հայտնվում էիք շքեղ պալատում, զարմանում ու հիանում նրա աննկարագրելի ճոխությամբ, շրջում նմանը չունեցող այգիներում, վայելում դասական երաժշտության ու ֆրանսիական ճարտարապետության գոհարները եւ լսում հեռվից եկող երկրպագուների ձայները, որոնք հետեւում էին հնգամարտի կամ էլ ձիասպորտի պայքարին:

Իսկ այն կառույցները, որոնցում անմիջապես տեղի չէին ունենում մրցումներ, անուղղակի էին ներգրավված խաղերում: Օրինակ՝ Գրանդ Օպերայում Միջազգային Օլիմպիական կոմիտեի ու մասնակից երկրների կոմիտեների պատվին գալա-երեկո է անցկացվել, որի ընթացքում նրանք հիացել են Մարկ Շագալի նկարազարդած առաստաղով ու վայելել իրենց պատվին կազմակերպված նրբագեղ շոուն: Իսկ ահա Օրսե թանգարանում ընդունելություն էր կազմակերպվել միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների համար:


Որքան էլ Փարիզը բազմազգ ու բազմամարդ էր խաղերի օրերին, նույնքան էլ անաղմուկ ու խաղաղ: Թվում էր՝ ոչինչ չի կարող խանգարել քաղաքի ներդաշնակությանն ու ներքին խաղաղությանը: Անշտապ ու ինքնաբավ էին բնակիչները, որոնց թեեւ խաղերը էական անհարմարություններ էին պատճառել, բայց առավոտյան սրճարաններում վայելում էին իրենց կրուասաններն ու սուրճը, երեկոյան աշխատանքից հետո առանց շտապելու գինի խմում ու սեղանիկներով իրար կիպ-կիպ նստած զրուցում՝ չզգալով անծանոթ հարեւանների ներկայությունը:

Քաղաքը թեեւ չէր քնում, բայց նաեւ առավոտյան շատ վաղ էր արթնանում, թեեւ խանութները բացվում էին ուշ եւ փակվում շուտ: Դեռ լույսը հազիվ բացված՝ փողոցներում կարող էիք տեսնել վազողներին, կամ էլ հեծանվորդներին: Առհասարակ, հեծանիվները Փարիզի քաղաքային կյանքի բաղկացուցիչ մասն են ու ամենահարմար փոխադրամիջոցներից մեկը:


Մենք հիմնականում տեղաշարժվում էինք մետրոյով, հատուկ հավելվածի ու բարյացակամ ֆրանսիացիների օգնությամբ բավական արագ յուրացրինք առաջին հայացքից լաբիրինթոս թվացող, բայց շատ հարմարավետ ցանցը: Որքան քայլեցինք Փարիզի փողոցներով, նույնքան էլ գետնի տակ եղանք. երբեմն մի քանի կայարաններ էինք փոխում քայլելով: Բայց կարեւորն այն էր, որ մետրոն հասնում է ամենուր՝ օդանավակայաններից մինչեւ քաղաքի ծայրամաս, ցանկացած տեսարժան վայրից մինչեւ սպորտային մրցավայր: Մետրոն լիքն էր ու բազմազգ, բայց հրմշտոցի կամ էլ վիճաբանության մեջ չէիք ընկնի, որովհետեւ մարդիկ հարգում են իրենց ու դիմացինների տարածությունը:

Քաղաքի ներդաշնակությունն ապահովող մյուս գրավականն այգիներն են, որոնք կարծես թե ստեղծված են հոգեկան հանգստության ու աշխարհից կտրվելու համար: Ամենափոքրից՝ Սորբոնի համալսարանի հարմարավետ եւ գողտրիկ այգուց սկսած, որտեղ լռության մեջ նստած գրքեր ու թերթեր էին կարդում, մինչեւ ամենամեծը՝ Թյուիլրի կամ էլ Լյուքսեմբուրգյան այգիները, դրախտավայր էին հիշեցնում: Դրանցում կարող եք սպորտով զբաղվել, գիրք կարդալ, ընտանիքի ու երեխաների հետ ժամանակ անցկացնել, վայելել ընդմիջումը կամ էլ հիանալ մայրամուտի արեւի շողերով: Զարմանալի էր, թե ինչպես էր հնարավոր ամենաբազմամարդ հատվածում անգամ մեկուսանալ ու վայելել լռությունը:


Բայց պետք է խոստովանել նաեւ մեկ անկարգության մասին՝ կյանքում երբեք կարմիր լույսի տակ այդքան չէինք անցել, որքան Փարիզում: Պարզապես այդպես է ընդունված նաեւ տեղացիների դեպքում. եթե մեքենաներ չկան ու փողոցն ազատ է, համարձակ առաջ գնացեք, բայց նույնը չփորձեք կրկնել Հայաստանում, որովհետեւ ֆրանսիացի վարորդներն էլ շատ հանդուրժող ու համբերատար են։

Անգամ ձեր դիմաց հայտնված ոստիկանները թեք կամ զգուշացնող հայացքով չէին նայում, մենք էլ առիթից օգտվում էինք: Առանձին հիշատակության են արժանի նաեւ ոստիկանները կամ ժանդարմները, որոնք ասես հատուկ պարամետրերով էին ընտրված՝ բարձրահասակ, սլացիկ ու մարզված: Շրջում էին մինչեւ 4 հոգուց բաղկացած խմբերով ու պարտադիր նաեւ կին էին ներառում: Խաղերի անվտանգության համար նրանց թիվը փողոցներում առավելագույնի էր հասցված, օգնության էին եկել նաեւ Ֆրանսիայի տարբեր տարածաշրջանների ու Եվրամիության անվտանգության աշխատակիցները:


«Բոնժուղ, մադամ» կամ «Մեղսի, մադամ»՝ լայն ժպիտով բացականչությունները հնչում էին խանութներում, փողոցներում ու մրցումների տեղերում, թվում էր, թե քեզ ողջունելուց բացի, ֆրանսիացիների համար այդ պահին կարեւոր ոչինչ չկա: Դրսում անծանոթները պատրաստակամ իրենց օգնությունն էին առաջարկում, երբ նկատում էին մոլորված որեւէ վայր եք փնտրում կամ մետրոյում չեք կողմնորոշվում, սելֆի անելիս էլ պարտադիր մոտենում ու առաջարկում էին նկարել:

Այնպես չէ, որ Փարիզն ամբողջությամբ անթերի էր կամ խաղերը կազմակերպված էին առանց բացթողումների, սակայն որպես զբոսաշրջիկ՝ առաջին հերթին առավելություններին ես ուշադրություն դարձնում եւ մոռանում թանկ գների, վատ ջրի, քեզ արդեն տանջել սկսող կարոտի, երբեմն զգացվող գարշահոտի կամ բացօթյա սրճարանում հայտնված մկնիկի մասին: Ի վերջո, դու Փարիզում ես՝ Ազնավուրին մեծարած, Շանելին պաշտած, Սենտ-Էքզյուպերիի Փոքրիկ Իշխանով հիացած, Դելոնին պաշտած, Մոնեով լցված քաղաքում, ու այդ պահին միայն դա է կարեւոր:

Տեքստը եւ լուսանկարները՝ Հասմիկ Բաբայանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW