Լիլիթ Բասյանը որդու՝ Ալեքսանդր Բաբասյանի հետ հյուրընկալվել է Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդաշարի «ՍԷՐ» խորագրով նախագծին եւ անկեղծ խոսել ԱՄՆ մեկնելու, որդուց 4 ամիս հեռու լինելու, հաղթահարած առողջական խնդիրների, այս շրջանում մենակ լինելու եւ նախկին ամուսնու՝ Ալեքսանդր Բաբասյանի հետ հարաբերությունների մասին։
Որդուց առաջին երկար բաժանումը
Լիլիթ. Մի օր Ալեքսին պատմեցի, որ երազում եմ՝ իմ բիզնեսը ճանաչելի դառնա ամբողջ աշխարհում, բայց ինձ դրա համար պետք է առաջին քայլն անել՝ լինել ԱՄՆ-ում։ Հարցրեց՝ «Ինչո՞ւ չես գնում», ասացի՝ «Ո՞նց քեզ թողնեմ»։ Ու ինքն ինձ գրկեց, ասաց՝ «Չեմ ուզում քեզ քո երազանքից կտրել»։ Ու դա ինձ այնպիսի հավատ ու էներգիա տվեց քայլ անելու։ Երբ արդեն ԱՄՆ-ում էի, զանգում էի, խոսում էինք, ասում էի՝ շատ եմ կարոտել, ինքն ասում էր՝ «Մամ, ես էլ եմ լավ, ես էլ եմ շատ կարոտել, բայց դու ինձ ասա՝ քո երազանքը կատարվե՞ց» (ժպտում է,- հեղ․)։ Ու դա ինձ ուժ տվեց, որ կարողանամ այդ կարոտին դիմանալ։
Ալեքսանդր. Դե, որ լսեցի իր երազանքի մասին, ուզեցի, որ կատարվի, իր նպատակին հասնի։ Մի պահ մտածեցի, որ իզուր ասացի՝ գնա, բայց հետո հասկացա, որ դա իր երազանքի համար եմ արել։ Այդքան էլ չեմ ուզում Ամերիկա գնալ։ Երազում եմ Հայաստանում նավթ գտնել, որ մեր երկիրն ավելի ուժեղ լինի (ժպտում են,- հեղ․)։
Լիլիթ. Իրեն ինձ հետ ԱՄՆ տանելը չեմ դիտարկում, որովհետեւ նախ՝ չի ուզում գալ, եւ հետո՝ չեմ կարող նրան կտրել իր պապայից կամ էլ իմ ծնողներից, որոնք իր համար ուղղակի տատիկ-պապիկ չեն. շատ կապված է։ Ես չեմ կարող իմ էգոն միացնել ու ամեն ինչին դեմ գնալ։ Վստահ եմ՝ երբ ժամանակը գա, կլինի այնպես, ինչպես ճիշտ է թե՛ իր համար, թե՛ ինձ համար։
«Չեմ ուզում ապրել այնպես, ինչպես ապրել եմ նախկինում»
Մեկ տարի առաջ մի դեպք տեղի ունեցավ իմ կյանքում, որ ես շատ ուժեղ հիվանդացա։ Հայտնվեցի հիվանդանոցում իմ նյարդային անհանգստության ու ծանր հոգեվիճակի պատճառով։ Իմ ոտքերն ու ձեռքերը չէին աշխատում, եւ նույնիսկ հիշողությունս էր գնում-գալիս։ Հիմա եմ հասկանում, որ բուժումը ոչ միայն ֆիզիկական մակարդակում էր, այլեւ գլխավորապես հոգեկան առողջության։ Այնքան շնորհակալ եմ այդ շրջանին, որ ինձ հետ կատարվել է այդ ամենը։
Ես, որ սիրում էի աղմուկ, շատ մարդիկ, լիքը ընկերներ կողքիս, հիմա սիրում եմ լռություն, մենակ լինել։ Սովորեցի ասել ճիշտը՝ առանց մտածելու, որ կնեղացնեմ ընկերներիս, սովորեցի ասել՝ ուզում եմ մենակ մնալ։ Այդպես եղավ նաեւ իմ անձնական կյանքում, ասացի՝ ուրիշ բան եմ այս կյանքից ուզում, այլ կերպ եմ տեսնում իմ կյանքը, ուզում եմ մենակ լինել։ Չեմ ուզում ապրել այնպես, ինչպես ապրել եմ նախկինում։ Այդ մարդն ինձ շատ թանկ մարդ է ու կլինի հավերժ, իմ լավագույն ընկերն է։ Նա ուղղակի կա իմ կյանքում, ու կապ չունի՝ սեր է դա, թե ոչ։ Չեմ կարող ասել՝ ինչ կլինի հետագայում։ Ներկա պահին ուզում եմ մենակ լինել ու արդեն մեկ տարի է, ինչ մենակ եմ։
Գիտեմ՝ կա այս աշխարհում մի մարդ, որը նայելու է այս կյանքին ինձ պես։ Կա մարդ, որը կտա ինձ այդ հանգստությունը։ Չեմ ուզում արթնանալ ու մտածել՝ նա այսօր տուն հասնելու է, թե ոչ։ Ներդաշնակություն եմ ուզում։
Նախկին ամուսինների միջեւ մրցակցության եւ ներկայիս հարաբերությունների մասին
Իհարկե, մրցակցություն կա։ Անընդհատ զգացել եմ, որ Սաշը սպասում է, թե որտեղ պիտի սայթաքեմ, որտեղ պիտի ընկնեմ, որովհետեւ ես պատ եմ, մինչեւ վերջ գնում եմ այն ամենի համար, ինչը ճիշտ եմ համարում։ Այդ պարագայում զոհ էի, կուլ էի գնում, որ երեխայի վրա հանկարծ չազդի։ Օրինակ՝ նա ինչ-որ բան էր ասում, մտածում էի՝ չպատասխանեմ, որ այդ հարձակումն ու մանիպուլյացիան ավելի չխորանա։ Այդ ամենն արդեն անցյալում է, դա փոխել հնարավոր չէ, բայց ասում ենք մեծ շնորհակալություն այդ անցյալին ու անցնում առաջ։ Այժմ նա միայն մի կետում առնչություն ունի, որ երեխայի հայրն է ու դրանով հանդերձ լավագույնն է։ Մենք հիմա Սաշի հետ նորմալ հարաբերություններ ունենք։ Հեռավորություն պահելով՝ ընդամենը կապ ունենք երեխային առնչվող հարցերով։
Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: