×


Լուսանկարը՝ Cosmo Deus

Հարձակվել են Տիգրան Համասյանին եւ նրա համերգային խմբին տեղափոխող մեքենաների վրա

«Հող եւ ջուր»-2 միջոցառման կազմակերպիչները հայտարարել են, որ երեք անձ խաթարել են օգոստոսի 29-ին Արագածի լանջին իրենց համերգ-նկարահանման ընթացքը, իսկ վերադարձի ժամանակ 3 ավտոմքենայով փակել 10 ավտոմեքենայից կազմված իրենց շարասյան ճանապարհը եւ հարձակվել համերգային խմբի վրա. կոտրել են մեքենաներից մեկի ապակին, որում երաժիշտ Տիգրան Համասյանն է եղել, հարվածել են մյուս մեքենայի վարորդին։

«Շուրջ 70 հոգի ջազ երաժիշտ Տիգրան Համասյանի եւ «Խազեր» երգչախմբի հետ Ռապի լճի տարածքում նկարահանում իրականացնելիս է եղել, երբ միջոցառման հետ կապ չունեցող 3 անձ տեղավորվել է լճի հակառակ ափին եւ հայտնվել կադրում: Նրանց խնդրել են չաղմկել, հրավիրել են լուռ դիտել: Հրաժարվել են, խոստացել չաղմկել, սակայն հետո նորից են սկսել աղմկել, դիտավորությամբ գոռգոռալ եւ սուլել՝ խանգարելով նկարահանումներին եւ ձայնագրությանը:

Խմբին բացատրել են իրենց վարքի անընդունելի լինելը, որից հետո նրանք հեռացել են, սակայն քիչ անց վերադարձել, դիտել մասնակիցներին եւ ավտոմեքենաները, ապա նորից լքել տարածքը:

10 ավտոմեքենաներից կազմված շարասյան վերադարձի ճանապարհը 3 ավտոմեքենայով փակել է նույն խումբը՝ խոչընդոտելով տեղաշարժը: Խմբի անդամները հարձակվել են առաջին մի քանի ավտոմեքենայի վրա, կոտրել են մեքենաներից մեկի ապակին, որում Տիգրան Համասյանն է եղել, մյուս մեքենայի վարորդի դեմքին մի քանի հարված են հասցրել, վարորդի գլուխը մի քանի անգամ խփել ղեկանվին»,- նշված է հայտարարությունում:

Լուսանկարը՝ Cosmo Deus


Ոստիկանությանը հանցագործության մասին հաղորդում է տրվել: Եվ ինչպես Sputnik Արմենիային են տեղեկացրել ՀՀ քննչական կոմիտեից, նախաձեռնվել է քրեական վարույթ «խուլիգանություն» հոդվածով:

«Հայտնի է, որ մեքենաներից մեկը վնասվել է, տուժածների մասին տեղեկություններ այս պահին չկան։ Քննիչները այժմ աշխատում են միջադեպի մասնակից 3 անձանց հետ, ովքեր ենթադրաբար իրականացրել են հարձակումը»,- հայտնել են քննչական կոմիտեից։

Կարդալ ավելին

Quality Sign BW