×


Փարաջանովին նվիրված ֆիլմի պրեմիերան ու ծածանվող եռագույնը՝ Վենետիկում

«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով - Ս. Փարաջանով» ֆիլմը Հայաստանը ներկայացնում է Վենիտիկի 81-րդ միջազգային կինոփառատոնում. ընդգրկված է պաշտոնական ծրագրում, VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում: Այսօր ֆիլմի համաշխարհային պրեմիերան է, եւ Հայաստանի դրոշը 20 տարի անց կրկին ծածանվում է փառատոնին մասնակցող մյուս երկրների դրոշների կողքին:

Աշխարհահռչակ Փարաջանովին նվիրված ֆիլմի պատվիրակությունը պրեմիերային ընդառաջ փառատոնի տնօրինության հետ հանդիպելու առիթ է ունեցել: Ռեժիսոր Զառա Ջյանի վավերագրական ֆիլմի անդրանիկ ցուցադրությանը ներկա են ինչպես ֆիլմի հերոսները, այնպես էլ ստեղծագործական եւ պրոդյուսերական կազմը, Իտալիայում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչներ, Մխիթարյան միաբանության ներկայացուցիչներ, փառատոնի հյուրեր եւ միջազգային գործընկերներ:


Հիմնված իրական իրադարձությունների վրա՝ ֆիլմը սկսվում է հեղինակի՝ ժամանակակից ռեժիսորի որոշումից` լքել այն երկիրը, որտեղ ապրում է՝ կապված դրամատիկ իրադարձությունների բռնկման հետ, վերադառնալ հայրենի տուն՝ Հայաստան, որոնելու լուծումներ, թե ինչպես շարունակել ապրել: Փարաջանովի տուն թանգարանը դառնում է ոգեշնչման վայր։

Ընդհանուր գաղափարների, նպատակների եւ լուծումների որոնում` տարբեր բարիկադներում գտնվող հերոսներով, որոնց միավորում է Փարաջանովի նկատմամբ ունեցած սերը: Ֆիլմի պատկերի հեղինակն է կանադահայ Նորայր Կասպերը։ Ֆիլմն իրականությունից տանում է դեպի աբստրակցիա եւ հակառակը։ Նկարահանման ոճը պարունակում է ինչպես ակադեմիական, այնպես էլ` հեղինակային տեխնիկա։ Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է, որին մասնակցություն է ունեցել նաեւ Մեծ Բրիտանիան: Պրոդյուսերներն են Անի Որսկանյանը, Զառա Ջյանը։ Ֆիլմի ֆրանսիական համապրոդյուսերն է Ստեֆան Ժյուրդենը:


Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, Սերբիայում, Լատվիայում եւ Գերմանիայում. Սերբիայում նկարահանվել է հարցազրույց Էմիր Կուստուրիցայի հետ, Ռիգայում՝ Չուլպան Խամատովայի, Լորա Գուերայի հետ, Բեռլինում՝ Ատոմ Էգոյանի հետ, Երեւանում՝ Արտավազդ Փելեշյանի, Ժոել Շապրոնի, Ալի Համրաեւի, Լեւոն Աբրահամյանի հետ: 2024-ի հունվարին ֆիլմում նկարահանվելու նպատակով հատուկ ճանապարհորդությոն դեպի Երեւան կատարեց Թարսեմ Սինգհը։ Երեւանում է նկարահանվել նաեւ ֆիլմի խաղարկային մասը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW