Երեւանի կամերային թատրոնը տուն է դարձել բոլոր նրանց համար, ովքեր փորձել են իրենց կյանքում մեկ քար ավելացնել հիմնասյուներին՝ ամրապնդման ու զարգացման համար։ Սեպտեմբերի 6-ին՝ 43-րդ թատերաշրջանի մեկնարկին, թատրոնը երախտագիտություն հայտնեց իր հարկի տակ հավաքված արտիստներին։ Միջոցառման հետաքրքիր դրվագներն առանձնացրել է BRAVO.am-ը:
Երկու աստղ ընկան Կամերային թատրոնի ճեմուղում։ Առաջին երկուսը՝ նվիրված Գեորգի Ամիրաղյանին և Եվգենյա Պոդպոմոգովային, բացվել էին դեռ 2022 թ.-ին։ Այս անգամ բացվեցին Ռաֆայել Երանոսյանի եւ Լուիզա Ներսիսյանի աստղերը։
Երանոսյանը խոստովանեց՝ հուզմունքն անսահման է. «Շնորհակալ եմ Ձեզ՝ Արա Հարությունիչ, էս հրաշալի անակնկալի ու այս ամենի, ստեղծած մթնոլորտի համար: Ծառայում եմ թատրոնին»։
Ներսիսյանը եւս շփոթության մեջ էր. «Շատ բան ունեմ ասելու, բայց հիմա ոչինչ չեմ կարող ասել: Թատրոնը երկրորդ տուն է, որը ես գտել եմ: Ուղղակի երջանիկ եմ, շա՜տ երջանիկ եւ ուրախ, որ կյանքն ինձ այստեղ է բերել։ Սիրում եմ բոլորիդ»։
Դերասանուհու դուստրը՝ Լիլիթ Թոխատյանն, ինչպես միշտ, մայրիկի կողքին էր եւ ոչ պակաս երջանիկ. «Ռաֆոյին շատ-շատ եմ սիրում ու իր հույզերը որ տեսա, ինքս էլ հուզվեցի, իսկ երբ ասացին՝ մամայի աստղն էլ է բացվում, սկսեցի լացել, որովհետեւ անտանելի հպարտ եմ»։
Էվա Խաչատրյանն էլ կիսվեց՝ ուրախ է, որ իր կողքին ստեղծագործող արտիստները նման գնահատանքի են արժանանում. «Պաշտում եմ իմ թատրոնը, որովհետեւ այստեղ աշխատանքը միշտ գնահատվում է»։
Կամերային թատրոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը նշեց՝ անձրեւի ու լույսի անջատվելու պատճառով բոլորը կորցրել էին իրենց հույսը, թե կստացվի օրը։ Բայց խնդիրը լուծվեց, հույսն էլ տեղն եկավ։
«Կարեւոր ու հետաքրքիր թատերաշրջան է սպասվում, բոլորը ոգեւորված են: Կարծում եմ՝ առնվազն 2 ներկայացում անսպասելի կլինեն հանդիսատեսի համար: Մեծ հույսեր ունենք այդ ներկայացումների հետ կապված, եւս 2 ներկայացում էլի հետաքրքիր կլինեն։ Փակագծերը չեմ ուզում բացել, որովհետեւ աչքով տալու հարց կա»,- կատակում է Արա Երնջակյանը. «Ես, բարեբախտաբար, այս վերջին երկու-երեք տարին ավելի շատ դիտորդի կարգավիճակում եմ ու երջանիկ եմ դրանից»։
Թատրոնի 43 տարիներն այդքան էլ հարթ չեն անցել։ Այն ստեղծվել է 1981 թվականին, բուռն վերելք ապրել, արժանացել հանդիսատեսի ջերմ ընդունելությանը, անցել պատերազմի անկայուն ժամանակահատվածով ու շարունակել իր գործունեությունը հաղթանակած երկրում։
ՀՀ վաստակավոր դերասան Գրիգոր Բաղդասարյանը պատմեց թատրոնի կյանքի մի փոքր, բայց կարեւոր դրվագ. «1993 թ.-ի նոյեմբերի 17-ին շատ դժվար պայմաններում խաղացինք Արա Երնջակյանի «Ես իմ անուշ Հայաստանի» ներկայացումը։ Այդ թվերին Լորիս Ճգնավորյանը մեծ գործունեություն էր ծավալում։ Եկավ, ներկայացումը դիտեց եւ շատ բուռն արձագանքեց։ Նամակ էր գրել, որում ասում էր. «Ինձ թվում էր, որ թատրոնը մահացել է, բայց նայելով ձեր ներկայացումը, հասկացա, որ հայ թատրոնը հարատեւում է եւ շարունակելու է իր գործունեությունը»»։
Օրն ամփոփվեց «Երկաթ» մրցանակաբաշխությամբ։ Մրցանակներ հանձնվեցին այն արտիստներին, ովքեր նվիրվել են թատրոնին ու աջակցել նրա կայացման հարցում։
«Տարվա լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող ճանաչվեց Սոնա Մաթեւոսյանը՝ «Ի զե՛ն» ներկայացման մեջ իր դերակատարման համար, իսկ «Տարվա լավագույն դերասանը» Ներսես Մարկոսյանն է՝ «Ազնավուր. ճանապարհորդություն ժամանակի եւ երաժշտության միջով» ներկայացումով։ «Լավագույն երիտասարդ ռեժիսոր» անվանակարգում մրցանակ շնորհվեց Դավիթ Աբրահամյանին՝ «Կուլիսներում, կամ թատրոնի անատոմիա» ներկայացման համար։
«Լավագույն ներկայացում» ճանաչվեց Արա Երնջակյանի «Ծննդյան վկայականը»։ Գեղարվեստական ղեկավարն, ով այդքան էլ չի սիրում աչքի ընկնել, համեստաբար շնորհակալություն հայտնեց եւ կատակեց. «Երեկոն շատ գեղեցիկ ընթանում էր, վերջում ամեն ինչ փչացրիք»: Բոլորը ծիծաղեցին։ Երեկոն այսպես էլ ավարտվեց՝ ուրախ, լի էմոցիաներով, մի քիչ էլ թրջված։
Տեքստ՝ Անահիտ Ամիրխանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: