×


Կապույտ աչքերով վիրավոր հրեշտակը. Սթինգի եւ Թրուդի Սթայլերի անհավանական սերն ու հաղթահարած դժվարությունները

Սթինգն ու դերասանուհի Թրուդի Սթայլերը 40 տարուց ավելի է՝ երջանիկ են միասին: Նրանց համարում են շոու բիզնեսի ամենաամուր զույգերից մեկը. շատ փորձությունների եւ քննադատությունների միջով են անցել, մինչեւ կարողացել են ընտանիք կազմել:

Սթինգի առաջին կինը

Սթինգ անունով հայտնի Գորդոն Մեթյու Թոմաս Սամները 23 տարեկանում ծանոթանում է դերասանուհի Ֆրենսիս Թոմելթիի հետ, որը դառնում է իր գործակալը: Ծանոթությունից երկու տարի անց երգիչը Ֆրենսիսին ամուսնության առաջարկություն է անում: Նույն տարում՝ 1976-ին, ծնվում է նրանց առաջնեկը՝ Ջոզեֆը, իսկ դրանից մեկ տարի անց Սթինգը հիմնադրում է The Police խումբը:

Երգիչը փորձում էր համատեղել կարիերան, որը շատ բուռն կերպով էր զարգանում, եւ ընտանեկան կյանքը: Սկզբում նրան իսկապես հաջողվում էր, բայց հետագայում բարդություններ ի հայտ եկան: Սթինգը սկսեց չարաշահել ալկոհոլային խմիչքներն ու նորանոր սիրավեպեր սկսել: Բնականաբար, նման պահվածքը կնոջ սրտով չէր, հաճախ էին վիճում ու տարաձայնություններ ունենում:


Թրուդիի հետ ծանոթությունը

Սթինգի ու Թրուդի Սթայլերի առաջին հանդիպումը 1977 թվականին էր. պատահաբար են տեսել միմյանց, քանի որ հարեւաններ էին ու բնակվում էին Լոնդոնի Բեյսուոթեր թաղամասում: Սթայլերն ընկերություն էր անում Սթինգի առաջին կնոջ հետ, միասին նաեւ ներգրավված են եղել «Մակբեթ»-ի թատերական աշխատանքներում: Նշվում է, որ Սթինգն ու Թրուդին առաջին հայացքից են սիրահարվել, երգչին չի կանգնեցրել անգամ այն, որ կինն իրենց երկրորդ երեխային էր սպասում:

«Նրա աչքերը բաց կանաչ էին, իսկ ձախ այտին սպիտակ հետք կար, որը մնացել էր կենդանու ճանկից: Որքան էլ տարօրինակ է, սպին ոչ մի կերպ չէր նվազեցնում Թրուդիի գեղեցկությունը. նա ինձ վիրավոր հրեշտակ էր թվում»,- 2003 թվականին լույս տեսած իր «Կոտրված երաժշտություն» գրքում խոստովանել է երգիչը:


Նրանց հարաբերությունները բուռն կերպով էին զարգանում՝ Թրուդին Սթինգին ուղեկցում էր շրջագայության ժամանակ, իսկ 1984-ին ծնվեց նրանց դուստրը՝ Բրիջիթ Մայքլը: Հենց նույն տարում էլ Սթինգը պաշտոնապես բաժանվեց առաջին կնոջից, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց ու իսկապես սկանդալի վերածվեց:

Ընտանեկան կյանքը

Մեկ տարի անց Թրուդին ու Սթինգը երկրորդ անգամ ծնողներ դարձան՝ այս անգամ որդի ունեցան: Ու չնայած նրանց ընտանիքն արագ էր մեծանում, հասարակության համար շարունակում էին ոչ այնքան օրինակելի լինել: Դերասանուհուն մեղադրում էին ընկերուհուն դավաճանելու ու նրա ամուսնուն ընտանիքից հեռացնելու համար:

Թրուդիին թատրոնում նոր դերեր չէին տալիս ու թույլ չէին տալիս խաղալ ներկայացումներում: Նա հիանալի գիտակցում էր, որ հաջող կարիերայի մասին անգամ երազել չի կարող ու պետք է կենտրոնանա միայն ընտանիքի վրա:

«Մեզնից ոչ մեկը չի հպարտանում կատարվածով, պարզապես մեզ հետ նման բան տեղի ունեցավ»,- նշում էր Սթայլերը:


Փոխարենը նրան հաջողվեց երգչին երջանիկ դարձնել՝ հոգատար էր, նուրբ, երբեք ոչինչ չէր խնդրում կամ էլ խանդում: Սթինգը հրաժարվեց վնասակար սովորություններից՝ դադարեց խմել ու թմրանյութեր օգտագործել, սկսեց հետեւել առողջությանն ու զբաղվել հոգեւոր փորձառությամբ: Այլեւս նոր սիրավեպեր չէր փնտրում, իսկ աշխատանքից հետո շտապում էր տուն՝ սիրելիի ու երեխաների մոտ: Նրանք իսկապես մտերմացան ու առանց միմյանց կյանքը պատկերացնել չէին կարող:

Իրենց հարաբերությունների 10-րդ տարում որոշեցին պաշտոնապես ամուսնանալ: Հարսանիքը 1992 թվականին էր՝ Մեծ Բրիտանիայում: Սթայլերը Versace-ի զգեստով էր, իսկ եկեղեցի ժամանեց ձիու վրա: Հարսանիքին շատ էին հայտնի հյուրերը, սակայն այն բավական համեստ անցավ:


Հետագայում երգիչը խոստովանել է, որ իր երկրորդ հարսանիքն ասես հեքիաթ լիներ, քանի որ ամուսնանում էր մի կնոջ հետ, որն իրեն երջանկացնում է ու թույլ տալիս իսկական տղամարդ զգալ եւ ընտանիքի հենարանը լինել: Սթինգը հասկանում էր, որ նրան չի կարող հուսախաբ անել:

Դրանից մեկ տարի առաջ եւս մեկ դուստր էին ունեցելն, որին Էլիոթ Պաուլինա էին անվանել, իսկ 1995-ին ընտանիքը համալրեց Ջակոմոն:

«Չէի պատրաստվում երբեւէ հայր դառնալ: 6 անգամ պատահական եմ հայր դարձել, ահա թե որքան խելացի եմ»,- հետագայում կատակել է Սթինգը:

Ընտանեկան երջանկությանը զուգահեռ մեծանում էր նաեւ նրա հայտնիությունն ու ճանաչելիությունը: Սթինգը նոր ալբոմներ էր թողարկում, գլխավորում համաշխարհային չարտերն ու մրցանակների արժանանում: Նրան հատկապես մեծ հաջողություն բերեց «Brand New Day» ալբոմի «Desert Rose» ստեղծագործությունը, որի համար 2 «Գրեմմի»-ի արժանացավ:


Համատեղ հետաքրքրությունները

Տարիների ընթացքում Սթինգի եւ Սթայլերի հարաբերությունները չեն կորցրել իրենց գրավչությունն ու հմայքը: Երգիչը շարունակում է խենթանալ կնոջ համար ու չի դադարում հիանալ նրանով: Երբեմն նաեւ կարող է կիսվել իրենց անձնական կյանքի մանրամասներով:

Նա անկեղծացել է, որ հարաբերություններն ամուր պահելու համար պարտադիր պետք է հսկայական աշխատանք տանել. փորձում են ոչ միայն սիրելիներ լինել, այլ նաեւ՝ մտերիմ ընկերներ:

«Ամեն օր ենք աշխատում մեր հարաբերություններն ամրացնելու համար: Այնքան էլ հեշտ չէ, բայց մեր բախտը բերել է՝ իսկապես սիրում ենք իրար: Բավական է Թրուդին սենյակ մտնի, ու իմ աշխարհը կերպարանափոխվում է»,- ասել է երգիչը:

2022-ին նրանք նշել են իրենց ամուսնության 30 ու համատեղ կյանքի 40-ամյակները: Այդ ընթացքում արդեն հասցրել են տատիկ եւ պապիկ դառնալ ու շարունակել երջանիկ լինել միասին:


«Ասես հրաշք լինի, որ այսքան տարի հետո էլ սիրում ենք իրար: Սերը կիրք է ու նման բաներ: Սակայն իրականում որեւէ մեկին սիրելն ու նրա ներկայությունը վայելելը մի քիչ այլ է»,- ավելացրել է Սթինգը:

Նրանք բազմաթիվ համատեղ նախագծեր ունեն, զբաղվում են բարեգործությամբ, օգնում երիտասարդ դերասաններին ու ռեժիսորներին: Գայ Ռիչիի առաջին ֆիլմը հենց Սթինգն է ֆինանսավորել:


Դեռ 90-ականներին ամուսինները Տոսկանայում գնել են Palagio վիլլան, որն այն ժամանակ սարսափելի վիճակում էր, իսկ հիմա պարզապես ծաղկում է: Այնտեղ աճում են տարբեր մրգեր ու խաղող, որից մի քանի տեսակ գինի են արտադրում, եւ դրանք կրում են Սթինգի ստեղծագործությունների անունները:

«Երբեք չեմ մտածել, որ կիրք կզգամ միայն մեկ մարդու հանդեպ: Կյանքն անհամեմատ լավն է դառնում, երբ կա ընդամենը մեկը, որին դու սիրում ես, ու նա էլ քեզ է սիրում»,- երգչի խոսքերն են:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW