×


«Բամբիռ»-ի «Մանկական խաղերը». խմբի 12-րդ ալբոմի շնորհանդեսը նրանց ստեղծագործական տանն էր

«Բարով եք եկել մեր տուն՝ «Բամբիռ»-ի տուն: Այստեղ 2014 թվականից ալբոմներ ենք ձայնագրում: Միշտ ուզում էինք, որ մեզ մոտ շատ մարդիկ լինեն»,- կիթառահար, վոկալիստ Նարեկ Բարսեղյանը երեւանամերձ The Meeting Point ստուդիայում այսպես ողջունեց իրենց 12-րդ ալբոմի փակ շնորհանդեսի հյուրերին:

Երեկոն մեկնարկեց լրագրողների հետ անմիջական ու մտերմիկ զրույցով, որին ներկա էին խմբի բոլոր անդամները՝ Նարեկ Բարսեղյանը (վոկալ, կիթառ), Արման Քոչարյանը (բաս-կիռաթ), Վարդան Փարեմուզյանը (հարվածային գործիքներ), Արիկ Գրիգորյանը (վոկալ, ֆլեյտա): Վերջիններս ավելի քչախոս էին ու հիմնականում լսում էին իրենց գործընկերներին:


Նարեկ Բարսեղյանը պատմեց, թե ինչպես է որոշել գրել «Մանկական խաղերը»: Պարզվեց՝ պատճառը Դիանա Մալենկոյի հետ հեռուստատեսային հաղորդման նկարահանումների համար Հայաստանով շրջագայությունն է եղել:

«Այդ ամենն անգիտակցաբար իր ազդեցությունն ունեցավ ու վերապրածս վերածվեց ալբոմի: Հուլիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում գրվեցին երգերը, ապա հավաքվեցինք ու ձայնագրեցինք»,- նշեց նա:


Արման Քոչարյանն էլ ավելացրեց՝ թեեւ երգերը Նարեկի ստեղծածն են, կարծես, բոլորով են նրա հետ այդ ճանապարհն անցել ու այդ ամենը զգացել. «Ցանկացանք երաժշտության միջոցով պատմել այդ մասին: Ալբոմը շատ էմոցիոնալ է ու ասես նորը գտնելու եւ բացահայտումներ անելու մասին լինի»:

«Մանկական Խաղեր» ալբոմը, հեղինակների բնորոշմամբ, դուրս է ռոքի ավանդական պատկերացումներից. համադրելով անզուսպ անկեղծությունը եւ փորձարարական հնչյունները՝ այն ընդլայնում է ժանրի սահմանները։


Նարեկ Բարսեղյանը խոստովանեց՝ ալբոմի թողարկումը կարեւոր է, քանի որ իր մտքում եղածն ազատ է արձակել՝ այնտեղ նոր տարածություն բացելով: Ուրախ է նաեւ, որ կարողացել է իր զգացածով կիսվել մարդկանց հետ երաժշտության լեզվով. «Ամեն ինչ հնարավորինս օրգանական է ստացվել, ընթացքն էլ բավական հետաքրքիր էր: Կան նաեւ հին երգեր, որ չէինք ձայնագրել, կամ էլ ուզում էինք՝ այլ կերպ հնչեն, ու թեեւ սկզբում չէի ուզում դրանք ընդգրկել ալբոմում, քանի որ այն նոր է, հետո մտափոխվեցի»:


«Մանկական խաղերն» արդեն լսել ու իրենց կարծիքն են հայտնել հեղինակավոր հայ երաժիշտներ: Սերժ Թանկյանն իսկապես հավանել է այն ու վայելել մետալի, դասական ռոքի հիանալի դրվագները: Տիգրան Համասյանն էլ «Բամբիռ»-ի նոր ալբոմը «ցնցող» է որակել, նաեւ կարեւորել է երգերի ուղերձը:

Ալբոմի անունն ընտրել են՝ ոգեշնչված Պիտեր Բրեյգել Ավագի «Մանկական խաղեր» նկարից, որը Բարսեղյանի տանն էլ կա: Ալբոմն անդրադառնում է այն անմիտ դաժանություններին եւ տանջանքներին, որոնք չափահաս մարդիկ վերապրում են՝ չհասունանալով թե՛ իրենց, թե՛ մյուսների հանդեպ։


«Մեծերն այդպես էլ չեն մեծանում: Երեւի, մարդկության պատմության մեջ միայն մի քանի մարդ է իրեն մեծի պես պահել: Դա է վկայում աշխարհում ու նաեւ մեր երկրում իրավիճակը»,- բացատրեց Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ «Բամբիռը» սուբկուլտուրա է, այլ ոչ թե պարզապես խումբ: Միասին են արդեն երկար տարիներ ու շարունակում են իրենց ծնողների գործը, որոնք խումբը հիմնել են հեռավոր 1978 թվականին. «Մեզ թույլ ենք տվել օգտագործել մեր ծնողների խումբն ու այն արդեն մերն է դարձել: 12 ալբոմ ունենք, որոնք մեկը մյուսի հետ կապ չունեն: Ամեն մեկն իր ձեւի մեջ է ստեղծագործում: Նույնիսկ զարմանում եմ, թե ինչպես ենք այսքան տարի միասին»:


Քոչարյանն էլ կատակեց, որ նույնիսկ ամուսինները միասին այդքան երկար չեն ապրում, որքան իրենք ստեղծագործում են: Նա իրենց խմբի երկարակեցության ու համերաշխության սեփական բանաձեւն ունի. «Պիտի հանդուրժող լինես, սիրես, ընդունես, հասկանաս, որ կարողանաք միասին ստեղծագործել: Եղել է՝ 2 տարի իրար չենք էլ տեսել, բայց նրա համար չէ, որ խռովել էինք: Նույնիսկ պատահել է, որ ծեծել ենք իրար: Դե, 15 տարեկան պատանիներ էինք, հայտնվել էինք Նյու Յորքում ու մեր առաջին համերգը պետք է ունենայինք: Դրանք էլ կյանքի փուլեր են: Մեր ծնողներից, ովքեր թատրոնի մարդիկ են ու արվեստն ավելի ընդգրկուն են տեսնում, սովորել ենք, որ ոչ թե ես եմ կարեւոր, այլ՝ մենք»:


Բարսեղյանն էլ նրան լրացրեց, որ սովորաբար, ինչպես եւ ընտանիքներում, խմբերում էլ խնդիրները մանրուքներից են առաջանում, բայց պետք է բավականաչափ փորձ ու իմաստնություն ունենալ դրանք մի կողմ թողնելու համար. «Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ ոչինչ էլ աշխարհի վերջը չէ, վաղը նորից արեւ է բացվելու ու կյանքն էլի իր հունով շարունակվելու է: Նման դեպքերում ամեն ինչ նորից իր տեղն է ընկնում»:


Բոլոր հարցերին պատասխանելուց հետո «Բամբիռ»-ի երաժիշտներն իրենց ընկերների ու երկրպագուների հետ դիտեցին նոր տեսահոլովակը, ապա «Մանկական խաղեր»-ից կատարեցին «Փակ շուրջպար», «Թռնենք», «Մանկական խաղեր» եւ «Տուր ինձ» երգերը:

Առաջիկայում պլանավորում են նոր ծրագրով հանդես գալ ու անպայման շրջագայություններ ունենալ:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW