×


Անահիտ աստվածուհու բրոնզե գլուխն ու ձեռքը՝ 6 ամսով Հայաստանի պատմության թանգարանում

Անկախության օրն էր ընտրվել Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքը Հայաստանում առաջին անգամ ցուցադրելու համար: Բրիտանական թանգարանից ժամանակավոր Երեւան բերված աստվածուհին եւ Հայաստանի պատմության թանգարանի՝ մայրության խորհուրդը կրող 60-ից ավելի ցուցանմունշները 6 ամիս շարունակ ներկայանալու են «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով նախագծի շրջանակում։

«19-րդ դարի 70-ական թվականներին պատմական Հայաստանում գտնված Անահիտ դիցուհու բրոնզե արձանից պահպանված դեմքն ու ձեռքը համադրել ենք մեր թանգարանի հետաքրքիր առարկաների հետ։ Դրանց թվում են քարե դարաշրջանին վերաբերող նմուշներից մինչեւ ազգագրական, դրամագիտական եւ ընդհուպ մեր ներկայիս հանրապետության կողմից 90-ականներին թողարկված ոսկե հուշադրամ, որի վրա Անահիտ աստվածուհին է»,- նշել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:


Պողոսյանը նշել է, որ Անահիտ աստվածուհու արձանը մեր երկրից տարված տարբեր նմուշների հետ համադրությամբ Լոնդոնի Բրիտանական թանգարանում ներկայացվել է 2000-ականներին՝ Հայաստանին վերաբերվող ցուցահանդեսի շրջանակում։ Բայց առաջին անգամ է Բրիտանական թանգարանից նմանատիպ ցուցանմուշ փոխառությամբ ներկայացվում։

Դրան հասնելու համար նաեւ եւ առաջ պահպանել են Բրիտանական թանգարանի խիստ պահանջները, որոնք առաջին հերթին անվտանգությանն են վերաբերում։ Նախագիծն իրականացվել է Բրիտանական թանգարանի ցուցադրական եւ գեղարվեստական ձեւավորումների չափանիշներին համապատասխան։ Ցուցահանդեսի համար ամեն ինչ նորովի է պատրաստվել, փոխվել է նաեւ լուսավորությունը։


«Բոլոր պահանջներն ապահովել ենք, այլապես նմուշն այստեղ չէր լինի։ Որպեսզի ստանանք ամբողջովին նոր ցուցադրություն, որեւէ բան չի վերաօգտագործվել. ամեն ինչ նորովի է ստեղծվել»,- ընդգծել է Դավիթ Պողոսյանը, ապա բոլորին հրավիրել է երկրորդ հարկի ցուցասրահ, որը թեեւ իր չափերով այդքան էլ մեծ չէ, սակայն բովանդակությամբ, խորհրդով ու այնտեղ գտնվող մշակութային ժառանգությամբ հսկայական է։

Ցուցանմուշներին ու նրանց պատմությանը ծանոթանալ օգնել է թանգարանի երկարամյա աշխատակից, պատմական գիտությունների թեկնածու Արմինե Զոհրաբյանը։ Թեեւ ցուցադրության գլխավոր հերոսուհին ու գեղեցկուհին Անահիտ աստվածուհին է, սակայն մյուս նմուշներն էլ յուրահատկությամբ ու մշակությային արժեքով իրենց ուրույն տեղն ունեն։ Դրանք բազմատեսակ են՝ զարդերից մինչեւ խաչքարեր, բուրվառներից ավետարանների արծաթե կազմեր, եկեղեցական վարագույրներից՝ աղամաններ ու ոսկե դրամներ։


Ամենահին ցուցանմուշը Նեոլիթի ժամանակաշրջանի՝ մթա 6-րդ հազարամյակի կավե գեղեցկուհին է, որը խորհրդանշում է կնոջ՝ կյանքն արարելու ու շարունակելու խորհուդը։

«Մյուս նմուշներով ցույց ենք տալիս այն էվոլյուցիան, որ մայր աստվածուհին ունեցել է՝ զուտ կյանք տվողից վերածվելով տիեզերքի արարչի։ Այստեղ ցուցադրել ենք նաեւ վաղ երկաթե դարի կուռքի, որը ջրի մեջ էր ապրում, երբ նրա որովայնի մասը ջրից դուրս էր գալիս, առաջանում էր մայր հողը, եւ կենաց ծառը բարձրանալով՝ դառնում էր աշխարհի առանցքը։ Դա մեր էպոսում շատ լավ երեւում է Ծովինարի կերպարով»,- պատմել է Զոհրաբյանը։


Ապա նա անցում է կատարել Անահիտ աստվածուհուն, որին հառած էին ներկաների հայացքներն ու տեսախցիկները։ Շատերիս համար նրա հետ առաջին ծանոթությունը դպրոցական պատմության դասագրքերից էր, սակայն պատկերացնել անգամ չէինք կարող, որ մոտ տարածությունից այդքան գրավիչ ու յուրահատուկ է։

Անահիտ աստվածուհին հայկական դիցաբանության գլխավոր դեմքերից մեկն է, եղել է պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, իսկ վաղ շրջանում՝ նաեւ ռազմի աստվածուհին:

Պատմական գիտությունների թեկնածուի համար Անահիտի ցուցադրությունը Հայաստանում նշանակալի իրադարձություն է երկու առումով՝ նախ Բրիտանական թանգարանը հազվադեպ է համաձայնում իր առարկաները փոխառել այլ երկրների, իսկ այդ քայլով եւս մեկ անգամ ընդգծվում է, որ համաշխարհային հանրությունը այն հենց հայկական մշակույթի հետ է կապում։


Բանն այն է, որ աստվածուհու գլուխն ու ձեռքը Բրիտանական թանգարանում պահվում են թիվ 22՝ «Հունական եւ հռոմեական հնություններ» վերտառությամբ ցուցասրահում որպես հունական Աֆրոդիտե աստվածուհու կիսանդրի («Սատաղյան Աֆրոդիտե»)։

Դրանց հայտնաբերման մասին ծավալուն հոդված է հրապարակել Բրիտանական թանգարանի աշխատակիցներից մեկը։ Ըստ նրա՝ մինչ Բրիտանիայում հայտնվելն աստվածուհին երկար ճանապարհ է անցել։ Այն 1870-ականներին մի գյուղացի է հասցրել Կոստանդնուպոլիս, որտեղ ձեռքից ձեռք անցնելով՝ հայտնվել է Իտալիայում ու աճուրդի հանվել։ Գնորդն իտալացի հավաքորդ եւ ոսկերիչ Ալեսանդրո Կաստելանին էր, թեեւ Իտալիայի կառավարությունն ամեն ինչ արել է, որ դրանք երկրից դուրս չբերվեն, սակայն Կաստելանին արդեն պայմանավորվածություն էր ձեռք բերել Բրիտանական թանգարանի հետ։


«Անտիկ առարկաների պահպանող Նյուտոնն արձանից շատ է տպավորվել ու նշել, որ շատ թանգարաններում է նմանատիպ մշակութային արվեստի գործ որոնել, բայց չի գտել, դրա համար էլ ամեն ինչ կանի, որ դրանք Բրիտանական թանգարանում հայտնվեն։ Կաստելանիի ու Նյուտոնի միջեւ բոլոր բանակցություններում շեշտվում է, որ դրանք հայտնաբերվել են պատմական Հայաստանում՝ Փոքր Հայքում։ Սատաղը գտնվում է Եկեղյաց գավառում՝ Երիզայից կամ Երզնկայից մոտավորապես 10 կմ հեռավորւթյան վրա, որի մոտակայքում էր գտնվում աստվածուհու տաճարը։ Երբ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղեւոնդ Ալիշանն իմացել է գտածոյի մասին, միանգամից հայտարարել է, որ այն Անահիտ աստվածուհին է։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արձանն ունեցել է իր նախատիպն ու ստեղծվել հույն մեծ քանդակագործ Պրաքսիտելեսի «Լողացող Աֆրոդիտեն» քանդակի ոճով։ Դրա համար ամենուրեք, այդ թվում՝ Բրիտանական թանգարանում, հանդես է գալիս որպես Աֆրոդիտե»,- ավելացրել է Զոհրաբյանը։


Արմինե Զոհրաբյանը նաեւ շեշտել է, որ ամենակարեւոր հանգամանքն այն է, որ արվեստի գլուխգործոցը հայտնաբերվել է հայկական տարածքում։ Անկախ նրանից՝ մեր նախնիներն են արձանը պատրաստել, թե ոչ, ծանոթ են եղել ժամանակի արվեստի գործերին, գնահատել են դրանք ու տեղադրել իրենց տաճարներում եւ պալատներում. «Դա ցույց է տալիս հելլենսիտական աշխարհում առկա քաղաքակրթական այն բարձր մակարդակը, որի կրողներն էին նաեւ հայերը»,- ավելացրել է նա։

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW