×


Արթուր Գրիգորյանի «Կոմիտասը» վերադարձել է Երգի թատրոն

«Ոնց որ գար, կողքիս նստեր ու ասեր՝ անդրադարձիր ինձ. ես սեւ չեմ, ես գույն եմ ու բավական ուրախ եմ»՝ սա մեջբերում է ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի խոսքերից, երբ 10 տարի առաջ Երգի պետական թատրոնում ներկայացրեց «Կոմիտասը»: Երաժշտական ներկայացումը դարձավ թատրոնի այցեքարտերից մեկը, շրջեց աշխարհի շատ երկրներում, ավելի քան 10 հազար հանդիսատես տեսավ, վայելեց ու Կոմիտասին նորովի բացահայտեց։ Գրիգորյանն ասում էր. «Կոմիտասը գույն է, եւ շատ զգուշորեն պետք է մոտեցնենք նոր սերնդին»։

Տարիների դադարից հետո թատրոնի հիմնադրման 30-ամյակի առթիվ «Կոմիտասը»  վերաբեմադրվել ու վերադարձել է բեմ՝ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի, երգիչ Ռուսլան Էլյազյանի եւ կոմպոզիտորի դուստր Մանե Գրիգորյանի ջանքերի շնորհիվ։ Փակ դիտմանը ներկա է եղել BRAVO.am-ը։


Հրաչ Քեշիշյանն ասում է՝ պատասխանատվություն ուներ իր ընկերոջ՝ Արթուր Գրիգորյանի առաջ, ու չէր կարող մերժել Մանեի առաջարկը, նույնիսկ եթե իր   ուժերից վեր լիներ. «Նախորդ ներկայացման մեջ Արթուր Գրիգորյանն էր՝ իր նվագակցությամբ, հարմոնիաներով ու առողջ հոգեվիճակով: Սաների հետ բեմի վրա բոլոր թելերով կապված էին միմյանց: Հասկանալի է, որ բոլորովին այլ ներկայացում  էր ու չէր կարող հիմա նույնը լինել. ես փորձել եմ պատմել այդ պատմությունը»։

Ռեժիսորը նկատում է՝ նոտագրելով այս գործը՝ փորձել են վերականգնել Արթուր Գրիգորյանի ժառանգությունը. «Երաժշտական առումով ամեն ինչ նույնն է մնացել, միայն բեմադրությունն է փոփոխությունների ենթարկվել։ Իսկ Կոմիտասի ժառանգության մասին անվերջ կարելի խոսել. իր հոգեւոր ծառայությանը զուգահեռ  աշխարհիկ մի մեծ ինստիտուտի գործ կատարեց՝ ստեղծելով հայկական երաժշտության մեծագույն արժեքներ, որ մենք ունենք»։


Արթուր Գրիգորյանի դուստրը՝ Մանեն, խոստովանում է, որ վաղուց էին ցանկանում վերականգնել այս ներկայացումը, պարզապես չէին համարձակվում մոտենալ. «Դժվար էր առանց պապայի։ Չէինք գտնում այն թիմը, որն ահռելի գործ պետք է կատարեր՝ նոտագրեր, թվայնացներ ու, ամենակարեւորը, աներ այնպես, ինչպես հայրս էր տեսել տարիներ առաջ։ Բայց այս տասն ամիսների տքնաջան աշխատանքը տվեց իր արդյունքը։ Որոշեցինք թատրոնի 30-րդ թատերաշրջանը բացել ամենասիրված ներկայացումներից մեկով»։

Մանեն պատմեց, որ հայրը, տարիներ առաջ ներկայացնելով «Կոմիտաս»-ի իր մեկնաբանությունը, մեկ նպատակ ուներ. «Ցանկանում էր երիտասարդներին բերել  Կոմիտասի մոտ, պատմել նրա շատ վառ գույների մասին, որ չասոցացնեն միայն սեւ գույնի հետ»։


Անկեղծացավ՝ հոր մահվանից հետո հաճախ կորցնում է աշխատելու մոտիվացիան, հիասթափվում է, բայց այնպես է ստացվում, որ այդ պահերին միշտ հուշում է ստանում. «Երաժշտական առումով «Կոմիտասը» վերականգնել էինք, պետք է իջնեինք դահլիճ՝ բեմադրական փորձերի։ Ուզում էինք հասկանալ՝ ինչ դեկորներ են պետք, հագուստներ, նաեւ անցումային երաժշտություն էր պետք, որը եղել է բնօրինակում: Այսինքն՝ պետք է ե՛ւ Կոմիտաս լիներ, ե՛ւ Արթուր Գրիգորյան, ու չգիտեի՝ ինչ անել։ Ուզում էի բարձրանալ պապայի սենյակ, խնդրել՝ մեկ րոպե տեւողությամբ մի մեղեդի գրի: Ու շատ պատահական մի փոքրիկ տեսանյութ գտա նախկին փորձերից՝ «Չինար ես»-ի նախնական տարբերակը, որտեղ կար անհրաժեշտ մեղեդին, եւ այն օգտագործեցինք ներկայացման մեջ»։


Այս ներկայացման մեջ նախորդ կազմից ներգրավված է երգիչ Ռուսլան Էլյազյանը, որի հետ նոտագրել են ամբողջ ներկայացումը։ Երգիչը պատմեց՝ երբ Մանեն առաջարկել է վերականգնել «Կոմիտասը», երկմտել է՝ արդյո՞ք կկարողանան. «Բայց դա ընդամենը մի պահ էր: Նոտագրումն արեցինք դաշնակահար Սիմոն Սարգսյանի հետ, որ Արցախից էր եկել, իսկ բեմում թատրոնի սաներին էին, որոնք նաեւ իմ  ուսանողներն են: Ամեն երգի վրա աշխատելիս հիշում էի Գրիգորիչի դիտարկումներն  ու աշխատում այնպես անել, որ նույն շունչը տայի, նույն մտքերը փոխանցեի: Ամեն հույզ, որ այն ժամանակ զգացել եմ, փորձել եմ փոխանցել»։


Մոտ երկու ժամ հանդիսատեսը լսում էր մաքրամաքուր երաժշտություն, իսկ նրանց շարքերում այնպիսի անձինք էին, որ ներկա էին եղել նաեւ նախկին ներկայցմանը։ Այն ժամանակ դաշնամուրի մոտ Արթուր Գրիգորյանն էր, այսօր նրա պակասը զգացվում էր, բայց Հրաչ Քեշիշյանը շատ գեղեցիկ լուծումներով, անցումներով փորձել էր այն լրացնել։


«Միշտ խոսում եմ պապայի հետ ու նրա ներկայությունը մշտապես եմ զգում՝ հատկապես Երգի թատրոնի մեր դահլիճում։ Հուսով եմ՝ կհավաներ: Փորձում եմ պահպանել այն, ինչ նա կատարյալ է արել ժամանակին», - ասում է Մանեն։

Ներկայացումն ավարտվում է Արթուր Գրիգորյանի ձայնով. «Իսկ ո՞վ է ասել, որ Կոմիտասը միայն մեկինն է: Ու այս ներկայացումը հենց նրա մասին է, որ Կոմիտասը բոլորինն է, ու նրա երաժշտության մեջ կա գույն, ամեն մարդ պետք է գտնի իր գույնը,  եւ 21-րդ դարում հասկանանք Կոմիտասի վարքը»։

Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW