«Անտունի» բալետը վերադարձել է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկ: Դեռ 1969 թվականին բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանը, կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը, բեմադրող նկարիչ Մինաս Ավետիսյանն ու զգեստների հեղինակ Ռոբերտ Էլիբեկյանն այն ստեղծել էին Կոմիտասի 100-ամյակի առիթով, իսկ 55 տարի անց վերականգնել են նրանց երեխաները: Սուսաննա Մարտիրոսյանը, Նարեկ Ավետիսյանն ու Ռուբինա Հովհաննիսյանը փորձել են հավատարիմ մնալ իրենց հայրերի ստեղծած աշխատանքին, բայց նաեւ կատարել են սեփական շեշտադրումներն ու նոր լուծումներ տվել:
Բալետի հիմքում Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմն է, որը ներկայացնում է Կոմիտասի ստեղծագործական ուղին: Այն սկսվում է նախնիների երաժշտական գրերը՝ խազերը, ստեղծելու ընթացքից, հնչում է գութանի կանչն, ու Անտունին դուրս է գալիս սեփական խցի ճնշող պատերից։ Նա հմայվում է վար ու ցանք անող գյուղացիներով ու նրանց կատարմամբ հնչող հորովելից, միանում է համընդհանուր ուրախությանն ու հենց այդտեղ էլ նրան հայտնվում է մուսան՝ Խումարը, որի հետ առաջին շփումն անհպում ու եթերային է:
Հաջորդ մասում թել մանող գեղջկուհիներն են հայտնվում, որոնց Անտունին թաքուն լսում է, թելերը նրա երեւակայության մեջ երաժշտական լարեր են դառնում ու նոր ոգեշնչում տալիս կյանքին։ Սկսվում է ժողովրդական տոնախմբությունն, ու պարերն իրար են հաջորդում, սակայն ուրախությունը երկար չի տեւում. հայտնվում են կարմիր գլխարկներով դահիճները՝ սկիզբ տալով համընդհանուր տառապանքին։
Վշտից իրեն կորցրած ու խելակորույս Անտունին սկսում է հնչեցնել զանգերն ու նրան է միանում ժողովուրդը։ Նա իր կանթեղով փորձում է մարդկանց կյանք վերադարձնել, ու կրակների հսկայական շարք է առաջանում։ Խումարը նորից հայտնվում է նրա կյանքում՝ այս անգամ արդեն փորձելով ուժ եւ սփոփանք տալ ու պայքար առաջացնել նրա սրտում։
Ներկայացումն ավելի ազդեցիկ ու շքեղ են դարձրել Նարեկ Ավետիսյանի վառ ձեւավորումը, Ռուբինա Հովհաննիսյանի աչք շոյող զգեստները եւ Սուսաննա Մարտիրոսյանի հետաքրքիր լուծումները: Նա շարժում ու կերպարանք է տվել երգչախմբին եւ նրանց բեմում ձուլել պարողների հսկայական խմբին:
««Անտունի»-ն ազգային ներկայացում է ու պետք է լինի հայկական բեմում»
Բալետմայստեր Սուսաննա Մարտիրոսյանը BRAVO.am-ին պատմել է, որ բալետը վերականգնելու խոսակցություններ պարբերաբար են եղել, սակայն տարատեսակ խնդիրների պատճառով աշխատանքները մշտապես հետաձգվել են:
«Ժամանակին ներկայացումը մեծ աղմուկ է բարձրացրել եւ երկու ծնունդ ունեցել, հիմա 3-րդն է: Առաջինը 1969 թվականին էր, երբ ես դեռ չկայի: Կոմիտասի 100-ամյակն էր նշվում, ու քանի որ նա բացառիկ դեր ուներ հորս կյանքում, իր հարգանքի տուրքն այդկերպ արտահայտեց: Նա բեմադրելուց 2 տարի անց մեկնեց Մոսկվա, որտեղ պարարվեստի ակադեմիայի գեղարվեստական ղեկավար էր: Ներկայացումն անտեր մնաց ու ժամանակի ընթացքում դուրս մնաց խաղացանկից»:
Մաքսիմ Մարտիրոսյանն այն վերականգնեց 1987 թվականին՝ Մոսկվայից վերադառնալուց 17 տարի անց: Ներկայացման մեջ արդեն իր մասնակցությունն ունեցավ նաեւ դուստրը՝ Սուսաննան:
«Սա բալետային ներկայացում է, բայց յուրահատուկ բառապաշարով, որը հայրս է հորինել: Այն մոդեռն, դասական կամ էլ ազգագրական չէ՝ բոլորի սինթեզն է: Այդ լեզուն ես լավ էի ճանաչում, որովհետեւ երկրորդ առաջնախաղի ժամանակ պարել եմ: «Անտունի»-ն 1,5 տարի մնաց բեմում, ինչից հետո սկսվեց Ղարաբաղյան շարժումը, ապա եղան պատերազմն ու շրջափակումը: Եվ ահա դրանից 35 տարի անց բալետը նորից է վերադարձել: Այն «Անուշ»-ի ու «Գայանե»-ի պես ազգային ներկայացում է ու պետք է լինի հայկական բեմում: Հնչում է Կոմիտասի մաքուր, պարզ եւ զուլալ երաժշտությունը՝ Էդգար Հովհաննիսյանի չքնաղ եւ հանճարեղ մեկնաբանությամբ: Նա Կոմիտասի երաժշտությունը շատ ազդեցիկ է սիմֆոնիզացրել: Մեր մեծերի մի ամբողջ համաստեղծություն է ծնունդ տվել բալետին. լինելով մեծ անհատներ՝ նրանք միացել են Կոմիտասի շուրջն ու մի ամբողջություն դարձել»,- ընդգծել է Մարտիրոսյանը:
Անկեղծացել է, որ դժվար է եղել բոլորի ոգին պահպանել, բայց մի հետաքրքիր ու խորհրդավոր զուգադիպությամբ բալետի շուրջ հավաքվել են նրանց սերունդներով ու ստացել նոր եւ սեփական լուծումներով «Անտունի»: Քրտնաջան ու ծանր աշխատանք են տարել, ընդ որում՝ շատ սեղմ ժամկետներում: Թատրոնի խաղացանկը հագեցած է, եւ դերասանները շատ քիչ ժամանակ են ունեցել փորձերի համար:
Նա մի տարբերվող նորամուծություն է կատարել՝ պարողների հետ բեմում է ու տեղի ունեցողի անմիջական մասնակիցն է երգչախումբը. «Նախորդ առաջնախաղերի ժամանակ երգչախումբն անշարժ կանգնած էր կողքի փոքր բեմերում, բայց ես իրենց խաղարկային ազատություն եմ տվել ու բերել գլխավոր բեմ: Այնպես եմ սինթեզել, որ ընդհանուրի մասը կազմեն, բայց եւ չերեւա, որ պարող չեն»:
Մարտիրոսյանն անկեղծացել է, որ հայրը պրեմիերաներից առաջ կարողանում էր իր պարողներին ոգեւորություն փոխանցել, թեեւ ինքն էլ փորձում է, բայց նրա պես չի ստացվում:
Շեշտում է, որ թեեւ դերասանները խիտ գրաֆիկով են աշխատել ու շատ հոգնած եղել, կարողացել են պատվով ներկայանալ: Ներկայացումը հագեցած է. մասնակիցների թիվը մոտ 80 է, երգչախումբը, նվագախումբը, դեկորները, լույսերը եւ անիմացիաները ներդաշնակորեն միաձուլվել են ու մեկ ամբողջություն դարձել բեմում:
«Կոմիտասն ինձ համար մաքուր հայկականության չափանիշ է». Նարեկ Ավետիսյան
Բալետմայստերի պես պրեմիերայից առաջ անհանգիստ էր ու մեծ պատասխանատվություն էր զգում նաեւ Նարեկ Ավետիսյանը: Թեեւ մասնակցել է «Գայանե»-ի բեմադրությանը, սակայն առաջին անգամ է, որ ներկայացման նկարիչը միայն ինքն է: Ամեն ինչ արել է 55 տարի առաջ հոր ստեղծած ոճին ու ձեռագրին հավատարիմ մնալու համար:
«Որպես Մինասի զավակ՝ որոշակի ազատություն ունեմ, բացի այդ էլ, լավ գիտեմ նրա կենսագրությունն ու արվեստը, նաեւ տիրապետում եմ շատ այլ նյութերի եւ էսքիզների: Ինքս էլ լինելով ժամանակակից արվեստի ներկայացուցիչ՝ փորձեցի հետաքրքիր նորարարություններ անել: Դեկորները հարյուր տոկոսանոց Մինաս են, բայց նրա հանդեպ նոր հայացք են պարունակում: Հետագայում իր արած աշխատանքների մեջ զարմանալի դրվագներ կան, որոնք համահունչ են այս բալետին, դրանք եւս օգտագործել եմ: Նաեւ կիրառել ենք նոր տեխնոլոգիաներ՝ անիմացիա, պրոյեկցիաներ ու ձեռքով արված դասական բեմանկարչական դեկորներ: Դրանք Մինասի տեխնոլոգիայով են, եւ գունային շերտերը լույսերի փոփոխության արդյունքում տարբեր օպտիկական էֆեկտներ են առաջացնում»,- նշել է Ավետիսյանը:
Կարեն Դուրգարյանի եւ Սուսաննա Մարտիրոսյանի հետ մանրամասն քննարկել են ամեն դետալ եւ փորձել գտնել ամենահետաքրքիր, արտահայտիչ եւ ժամանակին համահունչ մոտեցումները։ Նարեկ Ավետիսյանն ամեն ինչ արել է, որ հանդիսատեսը զգա Մինասի արվեստի հետ առնչությունը, միաժամանակ՝ չթաքցնելով սեփական ձեռագիրն ու մտածողությունը:
««Անտունի»-ի թեման խոր ու հզոր է՝ կապված Կոմիտասի, հայոց պատմության ու մշակույթի հետ։ Կոմիտասն ինձ համար մաքուր հայկականության չափանիշ է, նրա հետ կապված հուզական պատմությունն անբաժան է մեր ազգից եւ պատմությունից: Բալետն առավել քան արդիական է մեզ համար, այն ներկայացրել ենք համամարդկային լեզվով ու շատ խոր ազգային տարրերով։ Դեկորներում էթնոգրաֆիա չկա, բայց փոխարենն ազգային ոգի կա։ Եթե, Աստծո կամոք, բալետը տարբեր երկրներում ներկայացնենք, մարդկանց մոտ հայկական մշակույթն ուսումնասիրելու եւ ավելի խոր ճանաչելու ցանկություն կառաջանա»,-ավելացրել է նա։
Թեեւ նման ծավալի բալետի դեկորները ստեղծելու համար ցանկալի է տրամադրության տակ առնվազն մեկ տարի ունենալ, սակայն իր թիմի հետ ամեն ինչ հասցրել են 5-6 ամսում:
«Նման ժառանգություն ստանալը հավասարազոր է երջանկությանը». Ռուբեն Մուրադյան
Բալետում Անտունու դերակատարները երկուսն են՝ Սեւակ Ավետիսյանը եւ Ռուբեն Մուրադյանը: Թատրոնի գլխավոր բալետմեյստերը կարծում է, որ յուրաքանչյուր ոք, ով Կոմիտասի մասին անգամ նվազագույնը չգիտի, հայ կոչվելու իրավունք չունի:
Մաքսիմ Մարտիրոսյանի, Էդգար Հովհաննիսյանի, Մինաս Ավետիսյանի ու Ռոբերտ Էլիբեկյանի ստեղծած գլուխգործոցում պարելը Մուրադյանը սարսափելի մեծ պատասխանատվություն է համարում: Պարողի համար խորհրդանշական է, որ բալետին նոր կյանք են հաղորդել նրանց ժառանգները:
«Հայերս շատ մեծ ուշադրություն ենք դարձնում ավանդույթներին եւ սովորույթներին։ Նման ժառանգություն ստանալը երջանկությանը հավասարազոր է»,- ասում է Մուրադյանը:
«Անտունի»-ն նախադեպը չունեցող ներկայացում է համարում, որը մեծանուն հայ վարպետներ են ստեղծել, բացի այդ էլ առաջին անգամ իրենց հետ բեմում է լինելու նաեւ նվագախումբը: Նշում է, որ ներկայացման ծավալները մեծ են, եւ Սուսաննա Մարտիրոսյանը կարողացել է պահպանել բալետի հիմքն ու հետաքրքիր նոր լուծումներ տալ: Նրա խոսքով՝ Մաքսիմ Մանուկյանը նորամուծությունների մեծ վարպետ ու սիրահար էր, չէր վախենում ռիսկի դիմել եւ դեռ 55 տարի առաջ Խորհրդային Հայաստանում նրան հաջողվել է հայկական ոգով շատ համարձակ ներկայացում ստեղծել:
«Իմ կերպարը խոր ու կլանող է: Արտիստի համար, որը չափից շատ զգացմունքային է, մի քիչ վտանգ կա՝ կարող է տրվել երաժշտությանն ու տարվել: Լրիվ ուրիշ աշխարհում ես հայտնվում եւ այլ զգացողություններ ունենում, որոնք վերահսկելը բարդանում է: Իսկ բեմում արտիստը գոնե 30 տոկոսով պիտի սթափություն պահպանի, որովհետեւ հազար ու մի բան կարող է տեղի ունենալ, մանավանդ, երբ ներկայացման առաջատարն ես»,- շեշտել է նա:
Մուրադյանն ավելացրել է, որ ժամանակի ընթացքում թատրոնի խաղացանկում «Կարապի լիճը», «Մարդուկ ջարդուկը» կամ «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումների հայտնվելը հասարակության պահանջն էր, իսկ հիմա մեկ այլ աստիճանի են բարձրացել՝ ընդգրկելով բարձրաճաշակ ու ազգային «Անտունի»-ն:
«Էդգար Հովհաննիսյանը, գուցե, շատերի համար բարդ ընկալելի է, բայց նրա կողմից Կոմիտասի մշակումը մարդկանց հոգուն եւ սրտին չի կարող չդիպչել: Բալետն ավելին է, քան միայն էսթետիկ հաճույքը, լուրջ մտորումների, ասելիքների եւ տողատակերի մասին է: Պետք է մտածենք ու եզրահանգումներ անենք, չէ՞ որ պատմությունն անընդհատ կրկնվում է, հատկապես՝ մեր դեպքում։ Մենք էլ միշտ դասեր չենք քաղում, բայց, դե, հույսով եւ հավատով ապրող ժողովուրդ ենք»,-ընդգծել է նա:
««Անտունի»-ն կդիպչի մարդկանց սրտերին ու մտորումների առիթ կտա». Անահիտ Վասիլյան
Խումարին մարմնավորող Անահիտ Վասիլյանն «Անտունի»-ն իրենց մնացած բոլոր ներկայացումներից տարբերվող է համարում, քանի որ այն ավելի շատ ժողովրդական տարրեր ու ժամանակակից շարժումներ է պարունակում։
«Խումարը Կոմիտասի մուսան է, առաջին գործողության մեջ նա եթերային է, լուսավոր ու ամաչկոտ, իսկ երկրորդում ավելի ուժեղ է դառնում եւ հուսադրում Կոմիտասին։ Նրան մարմնավորելն ինձ համար մի քիչ դժվար էր, որովհետեւ անիրական ու եթերային է, այդ ամենն արտահայտում եմ ձեռքերի միջոցով: «Անտունի»-ն դասական ու հեշտ բալետ չէ, պլաստիկան եւ շարժումները լրիվ նոր են, ձեռքերի դիրքերն էլ՝ այլ»:
Բալետի պարուհու համար ներկայացման մի մասը լինելը մեծ պատիվ է, քանի որ տարիներ առաջ իր ուսուցիչներն են այն պարել, դիտել է նրանց մասնակցությամբ տեսանյութերն ու որոշակի շարժումներ յուրացրել:
Այս անգամ պրեմիերայից առաջ այդքան էլ չի անհանգստացել, քանի որ գլխավոր գործող կերպարը Կոմիտասն է, սակայն ամեն ինչ արել է, որ Սուսաննա Մարտիրոսյանի բոլոր պահանջները կատարի ու նա գոհ մնա. «Ես բնությունից նուրբ եմ, դրա շնորհիվ կերպարն ինձ հեշտ է տրվել: Մուսայի «Ձգողականություն»-ում էլ եմ մարմնավորել, բայց այնտեղ Սեդան սիրում է աբեղային, իսկ այս ներկայացման մեջ սիրո գործոնը բացակայում է»։
Անահիտ Վասիլյանը համոզված է, որ «Անտունի»-ն կդիպչի մարդկանց սրտերին ու մտորումների առիթ կտա:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: