Իտալական «էՎենտի Վերտիկալի» թատրոնի «Խորանարդ» բացօթյա ներկայացմամբ Կասկադում երեկ մեկնարկել է «Հայ Ֆեստ» կատարողական արվեստների միջազգային թատերական 22-րդ փառատոնը եւ «Երազանքների փառատոն» խորագրով կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 8-ը:
«էՎենտի Վերտիկալի»-ն ստեղծել է իր սեփական տեսողական լեզուն, որը միավորում է կրկեսը, ակրոբատիկան, պարը, երաժշտությունը եւ նոր տեխնոլոգիաները: Թատրոնն օգտագործում է օդում կախված եռաչափ բեմ, որտեղ պարողները, լույսերն ու ստվերները միաձուլվում են կառուցվածքի գույների հետ։ Լույսերն ու գույները փոխում են խորանարդի տեսքը՝ համապատասխան դերասանների կատարման, ովքեր շարժվում են խորանարդի ներսում եւ դրսում։
Ինքնատիպ ներկայացման ռեժիսորն է Անդրեա Պիալինին։ Իտալացի արտիստները ելույթ են ունեցել Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Չինաստանում եւ այլ երկրներում, լրագրողների հետ զրույցում էլ նշեցին, որ առաջին անգամ են Հայաստանում։
«Շատ ժամանակ չունեինք այստեղ, բայց հասցրել ենք զբոսնել եւ հյուրասիրվել հայկական ավանդական ուտեստներով, որոնք հիասքանչ են։ Հիանալի է լինել այստեղ եւ տեսնել այսքան մարդկանց, ովքեր եկել են մեր շոուն դիտելու։ Կուզենք նորից գալ»,- նշել են խմբի անդամները։
Այս տարի արտասահմանյան մասնակից երկրները 18-ն են, որոնց թվում են Իտալիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Լեհաստանը, Իրանը, Բելառուսը եւ այլ երկրներ։
22-րդ «Հայ Ֆեստ»-ի շրջանակում կցուցադրվեն «Գասպար եւ պարողներ» թատրոնի «Կոստյում Լինդա» (ԱՄՆ), Գորկի + Մոսկվայի արվեստի փառատոնի թատերական նախագծի «Արթնացեք» (Ռուսաստան), Մարկոցի ժամանակակից թատրոնի «Մսագործը» (Գերմանիա), Կատանարի թատրոն «Տուն-կղզի» (Չեխիա) ներկայացումները: Բացօթյա բեմադրություններից էլ՝ «Ատարի շոու»-ն (Գերմանիա) եւ «Մեղքեր խժռողը» (Լեհաստան)։
Փառատոնի ծրագրում ընդգրկված են նաեւ հայկական թատրոնների ներկայացումներ։ Ընդհանուր մասնակիցների թիվը 100-ից ավելի է, անվանի հյուրերի թվում են Ռոման Դոլժանսկին, Արթուր Գրիգորյանցը, Տատյանա Բոբրովան, Մարիուս Իվասկեւիչուսը։
«Հայ Ֆեստ» փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր փառատոն փոխում է ոլորտը, նաեւ շնորհակալություն է հայտնել հանդիսատեսին, որոնց հետաքրքրվածության շնորհիվ էլ տարիներ շարունակ դիմակայում են մարտահրավերներին:
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: