×


Պաշտոնապես «ԿինոՄոսկվա». վերաբրենդավորված կինոթատրոնի շնորհանդեսը՝ «Ջոքեր»-ի պրեմիերայով

Ժամանակակից դիզայնը համատեղելով պատմության ու մշակույթի հետ՝ «Մոսկվա» կինոթատրոնը ներկայանում է վերափոխված անվանմամբ, վերանորոգված սրահներով, տեխնիկապես հագեցած, նոր ու վերազինված դահլիճներով։ Այսուհետ կինոթատրոնը պաշտոնապես կկոչվի «ԿինոՄոսկվա», ինչպես այցելուները միշտ նախընտրել են անվանել։ Վերաբրենդավորմանը նվիրված միջոցառումը, որին ներկա է եղել BRAVO.am-ը, շարունակվել է «Ջոքեր. խելագարություն երկուսի համար» նոր ֆիլմի դիտմամբ:


«Հաշվի առնելով «Մոսկվա» կինոթատրոնի շենքի պատմամշակութային արժեքը՝ արտաքին հարդարման եւ մաքրման աշխատանքների ժամանակ խստիվ պահպանվել է հուշարձանի ինքնատիպությունը: Երեւանի խորհրդանիշերից մեկը հանդիսացող կինոթատրոնի բոլոր սրահները համալրվել են գերժամանակակից տեսալսողական սարքերով ու կահավորանքով»,- ընդգծել է «ԿինոՄոսկվա»-ի տնօրեն Հովհաննես Ադոյանը։


«Արի կինոյի աշխարհ» կարգախոսը հրավեր է բոլորին՝ բացահայտելու կինոյի կախարդական աշխարհն ու վերագտնելու մեր մշակութային ժառանգության անբաժանելի մասը համարվող այս վայրը: Իսկ նոր տարբերանշանում կինոթատրոնի պատմական շենքն է՝ վերեւից, որը հետաքրքիր զուգադիպությամբ լատիներեն «M» տառի ձեւն ունի եւ պատկերում է շենքի բացառիկ ճարտարապետությունը


Դահլիճներն այժմ չորսն են՝ երկու մեծ եւ երկու փոքր, ինչը, «ԿինոՄոսկվա»-ի մարքեթինգի գծով փոխտնօրեն Անահիտ Խաչատրյանի խոսքով, հնարավորություն կտա այսուհետ ավելի մեծ ֆիլմացանկ ունենալ ու ավելի շատ ֆիլմեր ցուցադրել։ Շնորհանդեսի օրը ներկայացվեցին մեծ դահլիճները՝ կարմիրն ու կապույտը։ Միջոցառման հյուրերը հնարավորություն ունեին ստուգելու ձայնի, լույսի ու կադրի որակի նոր չափանիշները։


Երկու դահլիճում զուգահեռ ցուցադրվեց «ԿինոՄոսկվա»-ի պատմությանն ու զարգացմանը նվիրված կարճ ֆիլմը, որից հետո հերթը սպասված պրեմիերայինն էր։ Ի դեպ, Խոակին Ֆենիքսի եւ Լեդի Գագայի գլխավոր դերակատարմամբ նոր «Ջոքեր»-ն արդեն մեծ էկրաններին է։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW