«Անուշիկ» ֆոլկ բենդն իր գործունեությունն ազդարարեց Երգի պետական թատրոնի բեմից: Անուշիկ Ալավերդյանի համար այն յուրահատուկ նշանակություն ունի՝ այդտեղից է սկսել իր քայլերը երգարվեստում ու այդ բեմում երգելիս իրեն միշտ լավ է զգացել: Երբ եկել է համերգի անցկացման վայրի ընտրությունը, այլ տարբերակ չի էլ դիտարկել:
Մինչ համերգը սկսելը երգչուհին խոսքն ուղղել է երաժիշտներին՝ նշելով, որ մեծ պատիվ է, որ աշխատում են իր հետ: Ալավերդյանի հետ ազգային երգերին նոր շունչ ու հնչողություն են տվել Կարեն Մամիկոնյանը (ստեղնաշար), Արտյոմ Մանուկյանը (թավջութակ), Ավագ Մարգարյանը (բլուլ, պկու, դուդուկ), Արթուր Իսրայելյանը (տրոմբոն) եւ Ստեփան Տեր-Ղեւոնդյանը (հարվածային գործիքներ):
Ծանոթ ու արդեն սիրելի կատարումները՝ «Լորիկ», «Խիո-խանե», «Սոնա յար», «Կանչում եմ, արի, արի», «Աշնան գիշեր», խմբի մատուցմամբ նորովի ու բոլորովին այլ կերպ հնչեցին: Մեծ ու առանձին տեղ էր հատկացվել երաժշտությանը, որը ոչ միայն լրացնում էր բառերին, այլ սեփական լեզվով խոսում հանդիսատեսի հետ:
«Կպատկերացնեի՞ք, որ նման գործիքավորումները կարող են համատեղելի լինել ազգային երգերի հետ: Այսօր շատ եմ կատարելու Կոմիտասի ու Հայրիկ Մուրադյանի հավաքագրած երգերից: «Ամռան գիշերը» երգում էի փոքրիկիս համար, ու այդ կարճ հոլովակը մեծ տարածում գտավ ոչ միայն հայերի, այլ նաեւ այլազգիների շրջանում: Ցանկանում էին իմանալ երգի անվանումն ու լսել ամբողջական տարբերակը, շուտով այն նաեւ անակնկալ հոլովակի տեսքով կներկայացնեմ»,- նշեց երգչուհին:
View this post on Instagram
Խոստովանեց, որ «Մարտիկի երգն» ամենասիրելին է ու կատարելիս միշտ հուզվում է, եւ իսկապես երգի ավարտին չկարողացավ զսպել արցունքները:
BRAVO.am-ին երգչուհին պատմեց, որ խմբի ստեղծման գաղափարն առաջացել է դեռ քովիդի շրջանում, սկսեցին փորձեր անել, սակայն հետո կտրուկ դադար եղավ. «Խմբի շնորհիվ նորովի եմ ներկայանում: Չորս տարի է՝ ֆոլկ եմ դասավանդում: Մանկական ֆիլարհմոնիայում ազգային երգի խմբի գեղարվեստական ղեկավարն եմ, ունեմ նաեւ իմ ստուդիան, որտեղ երեխաներին բացառապես ազգային երաժշտություն եմ սովորեցնում: Սփյուռքում ապրող հայերի հետ եմ առցանց դասընթացներ անցկացնում ու էլի միայն ֆոլկ ուսուցանում: Խմբի ստեղծման նպատակներից մեկն էլ այն է, որ նաեւ Հայաստանից դուրս համերգներ ունենանք ու հայ համայնքներին ներկայացնենք մեր երգերը»:
Առաջին համերգի համար 11 կատարում էին ընտրել: Ալավերդյանն անկեղծանում է, որ երգերի պակաս չունի, նրա հայրը՝ Սարգիս Ալավերդյանը, երկար տարիներ եղել է «Ակունք» ազգագրական համույթի ղեկավարը, որոնց կատարումները լսելով էլ մեծացել է: Նշում է՝ դեռ բազմաթիվ երգեր ունի պահած, որոնք հետագայում նորովի կներկայացնի:
«Մեծ ժառանգություն եմ ստացել հայրիկիցս ու «Ակունք»-ից։ Եթե ոչ ես, ապա ո՞վ պետք է դրանք իմանար ու երգեր: Հայրս միշտ շատ լուրջ է վերաբերվում այն ամենին, ինչ ազգայինի մասին է, եւ ցանկանում է՝ ամեն ինչ կատարյալ լինի։ Նա չգիտեր, թե ինչ երգեր են հնչելու, բայց դատելով արձագանքից՝ հավանել է: Պլանավորում ենք ամսական գոնե մեկ համերգ ունենալ ու հանդիսատեսին ծանոթացնել մեր մշակումները»,- ավելացրեց երգչուհին:
Երգչուհու հագուստի եւ բեմի ձեւավորմամբ զբաղվել է Լուսիկ Ագուլեցու դուստրը՝ ոճաբան Աստղիկ Սամվելյանը: Առաջին անգամ իր օրորոցային երգերի ձայնասկավառակից «Րուրի»-ի տեսահոլովակի շրջանակում են համագործակցել: Եվ երբ եկավ արդեն «Անուշիկ» ֆոլկ խմբի աշխատանքներով զբաղվելու ժամանակը, նորից դիմեց Սամվելյանի օգնությանը:
Ալավերդյանը երկու երեխայի մայր է. որդին դեռ մեկ տարեկան էլ չկա, ու համատեղել աշխատանքը եւ կարիերան բավական դժվար է: Երգչուհին ընդգծեց, որ երբեմն նույնիսկ փորձերի ընթացքում է տուն շտապում ու երեխաների համար որեւէ բան պատրաստում, սակայն մտադիր չէ հետ կանգնել իր նպատակներից:
Երգերի գործիքավորումն արել է Կարեն Մամիկոնյանը՝ երգչուհու ամուսինը, որի հետ ստեղծագործական ուղին արդեն երկար տարիներ է ձգվում: Երաժիշտը նշեց, որ Ալավերդյանը միշտ է ցանկացել իր երգացանկում ազգային կատարումներ ընդգրկել: Նախ միասին են փորձել, ապա մյուս երաժիշտներին հրավիրել:
«Այնպես ենք գործիքավորում, որ ազգայինը գերակայող լինի, բայց զգացվի նաեւ ժամանակակից ջազ երաժշտությունը։ Ամենադժվարն ընդհանուր գաղափարին հասնելն է, այն է՝ հնչենք մեկ ամբողջության պես ու ոչ ոք առաջատար չլինի։ Քանի որ տղաների գիտելիքները եւ հնարավորությունները շատ են, պետք է կարողանալ բոլորին հավաքել նույն ասելիքի շուրջ։ Կարեւոր է, որ ներկաները հայտնվեն հեքիաթում, կտրվեն առօրյայից, հոգսերից, վայելեն եւ դրական լիցքերով վերադառնան տուն»,- շեշտեց Մամիկոնյանը։
Թավջութակահար Արտյոմ Մանուկյանն էլ ավելացրեց, որ Կարեն Մամիկոնյանն ու Անուշիկ Ալավերդյանն իր երկար տարիների ընկերներն են, վաղուց էին ցանկանում միասին ստեղծագործել, բայց ժամանակ չէին գտնում:
«Ինձ համար շատ հետաքրքիր նախագիծ է: Ֆոլկով չեմ զբաղվում, բայց սիրում եմ մասնակցություն ունենալ այսպիսի առանձնացող աշխատանքներում: Նման գործիքավորում նախկինում չի արվել, կան այս կատարումների էստրադային եւ փոփ տարբերակները, նույնիսկ՝ ջազային, բայց մենք ազգայինի ու ժամանակակից ջազի միքս ենք արել եւ ծանոթ երգերը թարմ մոտեցմամբ ու ոչ սովորական ենք ներկայացնում»,- ընդգծեց նա:
Առաջին համերգից թավջութակահարի սիրելի կատարումներն են «Մարտիկի երգը», «Աշնան գիշերն»: Իսկ «Վարդանուշ» երգին ծանոթ չի եղել ու աշխատելու ընթացքում է շատ հավանել:
Մանուկյանը հավատում է, որ իրենց խումբը երկար կյանք կունենա, ու որքան էլ ամեն մեկը զբաղված է սեփական նախագծերով, միասին էլ կկարողանան համերգներ տալ: Իր ուշադրությունը հիմա կենտրոնացած է նաեւ սեփական խմբի՝ «Երեւան քոլինգ»-ի վրա. նոյեմբերին Եվրոպա հյուրախաղերի են մեկնելու ու թողարկելու են երկար սպասված ձայնասկավառակը:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: