Երբեւէ մտածե՞լ եք, թե հեքիաթներից բացի, ինչը կարող է միավորել Հովհաննես Թումանյանին ու Հանս Քրիստիան Անդերսենին: Պատասխանը գտել են Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում՝ բարկությունը: Հենց այդ մասին էլ պատմում են իրենց նոր՝ «Բարկանո՞ւմ ես» 2 մասից բաղկացած ներկայացման մեջ: Առաջինի հիմքում մեզ շատ հայտնի ու սիրելի «Տերն ու ծառա»-ն է, իսկ երկրորդում՝ Անդերսենի «Ծերուկն իր գործը գիտի»-ն:
Երկու տարբեր միջավայրեր՝ հայկական ու դանիական, գեր ու անկուշտ հայ տերեր եւ նրանց մի լավ դաս տվող երիտասարդ ծառան, բարի ու աղքատ զույգ, որի սերն ունակ է հաղթահարել ցանկացած դժվարություն եւ բարկություն:
Ներկայացումը Համազգայինում տոն ու ընտանեկան կատակերգություն են անվանում, որը կարող են դիտել երեխաներն ու հոգով մանուկներն՝ անկախ տարիքից: Բազմափորձ Նարինե Գրիգորյանն առաջին անգամ է հեքիաթ բեմադրել: Դեռ համավարակի ժամանակ էր որոշել անդրադառնալ Թումանյանի հեքիաթին, երբ գրադարաններից մեկում երեխաների համար այն ընթերցել էր, ու միասին մի կուշտ ծիծաղել էին: Նրան ուրախացրել եւ զարմացրել էր, որ երեխաներն առանց որեւէ կախարդանքի ու թռչող մարդկանց հեքիաթ են ցանկանում տեսնել բեմում, եւ խոստացավ անպայման անդրադառնալ «Տերն ու ծառա»-ին:
«Երեխաները շատ կարեւոր են, հենց նրանք են վաղվա Հայաստանն ու կարող են վերականգնել մեր կորցրածը: Մեր հասարակությունը պատերազմից հետո անհանդուրժող է դարձել, կռիվներն ու դանակահարությունները շատացել են, ագրեսիվ ենք ու մի փոքր բանից պայթում ենք: Պատերազմից հետո մեկ տարի լուռ եմ մնացել ու ոչինչ չեմ արել, շատ դժվար էր արթնանալ այդ ամենից հետո, բայց արվեստագետը պարտավոր է մեկ ոտք շուտ ուշքի գալ: Նախ՝ բեմադրեցինք Սեւակի «Մարդն ափի մեջ»-ն ու «ապրե՜լ, ապրե՜լ, ապրե՜լ» խորհուրդը հղեցինք, ապա արեցինք Սոս Սարգսյանի «Լակոտն»-ն ու հիմա Թումանյանին ենք անդրադառնում: Մեր մեծերին բեմադրելն ու սեփական արմատներին մոտենալն ինքնըստինքյան ստացվեց»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Գրիգորյանը:
Ներկայացման նորամուծությունից մեկն էլ այն է, որ դերասանների հետ բեմում հանդես է գալիս նվագախումբը: Առաջին անգամ այդ փորձը կիրառել են «Մարդն ափի մեջ» ներկայացման ժամանակ:
«Արմեն Շահինյանի հետ լավ համագործակցություն է սկսվել ու իրար հեշտ ենք հասկանում: Արմենը հիանալի գիտակցում էր, որ ամենադժվարը մանկական երգեր գրելն է, որպեսզի դրանք պարզ լինեն, բայց նաեւ տպավորեն: Երկուսս էլ երեխաներ ունենք ու լավ գիտեինք, որ դրան հասնելը հեշտ չի լինի: Բայց հատկապես «Ծերուկն իր գործը գիտի»-ի երգը հաստատ մնալու է մեր մեջ ու դեռ երկար ենք այն կատարելու»,-խոստովանել է բեմադրիչը:
Ներկայացման ընթացում էլ զգացվում էր, թե երեխաները որքան շատ են հավանել այն ու Հայկ Պետրոսյանի հետ անկաշկանդ երգում էին: Առհասարակ, նրանք երեկոյի անբաժան մասն էին, տեղերից անդադար իրենց մասնակցությունն էին ունենում ու արձագանքում բեմում տեղի ունեցողին:
Պարզվում է՝ Նարինե Գրիգորյանը «Աստերիքսն ու Օբելիքսը» ֆիլմաշարի մեծ սիրահար է, համարում է՝ ներկայացումն էլ այդպիսին է ստացվել՝ զվարճալի, հումորով ու տոն պարգեւող: Աշխատելիս դերասանների հետ են անչափ շատ ծիծաղել եւ հաճելի պահեր ունեցել: Արդյունքում նրանց ու երաժիշտների իմպրովիզների շնորհիվ էլ այդքան յուրահատուկ ու գունեղ հեքիաթ են ստացել:
«Բարկանո՞ւմ ես»-ը նաեւ այն ստեղծողների կյանքում է որոշակի ոգեշնչում առաջացրել. «Բեմանկարիչ Վիկտորիա Ռիեդո Հովհաննիսյանը մի պահ հոգնել էր թատրոնից ու մտածում էր հեռանալու մասին, համարում էր՝ արդեն մեծացել է ու հոգնում է գիշերները կար անելիս: Բայց այս ներկայացումից հետո վերածնվել է ու հասկացել, որ հենց այդ ուժն է իրեն պահում: Այս ներկայացումը բոլորս էլ շատ ենք սիրում»:
Տիրոջը մարմնավորող Գագիկ Մադոյանը նշում է՝ բոլորի ներսում, բարեբախտաբար, Թումանյան շատ կա, դրա համար էլ հեքիաթի բեմականացումն այդքան հեշտ է ստացվել: Փորձերի ընթացքում եւս մեկ անգամ գիտակցել են Թումանյանի մեծությունն ու ուրախությամբ զգացել, որ նրան կարողանում են այդքան հեշտությամբ հասկանալ:
«Ներկայացումն իսկական տոն է: Այն ոչ միայն փոքրերի, այլ նաեւ մեծերի համար է: Իսկ գլխավոր խորհուրդն այն է, որ ուրիշին հարստահարելով չես կարող ապրել, միեւնույն է՝ քեզնից խորամանկը կհայտնվի ու քեզ կվնասի: Բարկությունն ամեն դեպքում լավ բան չէ ու ցասման պահին պետք է կարողանալ հետ նայել: «Տերն ու ծառան» փայլուն ֆիլմ կա, որտեղ Թաթիկ Սարոյանը հանճարեղ է մարմնավորում տիրոջը: Ամեն ինչ արեցի, որ հանկարծ նրա հետ որեւէ նմանություն չլինի, ու կարծում եմ՝ կերպարս ստացվել է: Հաճույքով եմ խաղում»,- ընդգծել է դերասանը:
Ներկայացման մեջ Մադոյանի ամենասիրելին ոչխարներից «որը կպատահի»-ին մորթելու պահն է, երբ բեմում իսկական իրարանցում է սկսվում, ու հերոսները հայտնվում են աննորմալ իրավիճակում. «Երեխաների համար միշտ եմ հաճույքով խաղում, քանի որ նրանք դեռ չեն ընդունել քաղաքավարության կանոններից ելնելով անկեղծ չլինելը: Երեխաները միշտ իրենց չեն զսպում ու մտածածն ասում են, դահլիճում էլ նման բան եղավ: Ներկայացման ընթացքում մի շատ կարեւոր բան նկատեցի՝ իրենց մաքուր բնության շնորհիվ վատն ու բացասականը չեն ընդունում: Այստեղ ես հասկանում Սարոյանի խոսքերը, որ աշխարհի ամենամաքուր ցեղը երեխաներն են»:
Թումանյանի հեքիաթում կնոջ կերպարը մարմնավորող Տաթեւ Ղազարյանը 10 տարի անց առաջին անգամ է նորից խաղում մանկական ներկայացման մեջ: Խոստովանում է՝ թեեւ կարոտել էր, սակայն մտավախություն էլ ուներ. «Մտածում էի՝ երեխաների համար խաղալու հաճույքն ու եռանդը չեմ ունենա, դրա համար նույնիսկ խուսափում էի: Եթե փոքրիկների համար նվիրումով չես աշխատելու, ավելի լավ է՝ չանես: Չէի ուզում երեխաներին նեղացնել ու բեմում գլուխ պահել: Բայց երբ Նարինե Գրիգորյանն է առաջարկում, մեծ սիրով եմ համաձայնում»:
Մարմնավորել նման գրոտեսկային կերպար, որի անգամ չափերն են առավելագույնի հասցված, շատ է հավանել: Առհասարակ, սիրում է այնպիսի դերեր, երբ բեմում անճանաչելի է դառնում. «Հաճույքով նետվեցի այդ օվկիանոսը: Շատ ենք մեկս մյուսի վրա բարկացած ապրում, ինչը լավ տեղ չի տանում: Ներկայացումն ուղերձ է հասարակությանը, որ ավելի սիրող, զիջող ու ներող լինենք միմյանց հանդեպ, այդ դեպքում ճիշտ ճանապարհով առաջ կգնանք»:
«Ծերուկն իր գործը» գիտի հեքիաթում Տաթեւ Ղազարյանն իր դանիացի ամուսնուն ամեն հարցում սատարող կնոջ դերում է, հանդուրժում է նրա բոլոր խենթություններն ու անհեթեթ արարքները: Իսկ ամուսնու կերպարում Սերգեյ Թովմասյանն է, որի համար հեքիաթներում խաղալը միշտ էլ հեշտ է ստացվում, քանի որ չնայած տարիքին՝ չի կորցնում ներքին չարաճճիությունը եւ խանդավառությունը:
«Հոգով երեխա մնալը շատ կարեւոր է, այդպիսիններն են փրկում աշխարհը, իսկ հոգով մեծացողները դառնում են զենք արտադրողներ ու պատերազմներ ստեղծողներ: Ծերուկը հո գիտի, որ իր պառավն ամեն ինչ ներելու է, նա առաջին անգամ չէ, որ իրեն այդպես է պահում, նախկինում էլ հաստատ մի հարյուր անգամ նման բաներ արած կլինի»,- ասում է Թովմասյանը:
Իսկ ծերուկն իրենց ապրուստի միակ միջոց ձին տարել էր տոնավաճառ, նախ փոխել կթան կովի, բրդոտ ոչխարի, փափլիկ սագի, իսկ վերջում՝ մի պարկ փտած խնձորի հետ: Բայց անգամ այդքանից հետո կինն իրեն ներում էր ու մի բան էլ՝ հետը ծիծաղում այդ իրավիճակի վրա: Սակայն էլ ինչ հեքիաթ, եթե բարի ավարտ չունենար, իսկ թե ինչով են սիրառատ ամուսինները պարգեւատրվում, կիմանաք ներկայացումը դիտելուց հետո:
«Իսկապես սիրուց մեծ բան չկա աշխարհում, մեր հերոսներն էլ դա են ցույց տալիս: Առաջին հեքիաթը բարկանալու վատ հետեւանքների մասին է՝ երբեք չմտածեք, որ մարսելու եք ինչ-որ մեկին արած վատությունը: Ինչպես բարությունն է տիեզերքով պտտվում, մեծանում ու վերադառնում քեզ, այնպես էլ վատ արարքների դեպքում է լինում: Եթե սիրում ես, թքած կովի վրա էլ, ի վերջո ամուսինդ է ավելի կարեւոր: Անդերսենը հենց այնպես չի գրել այդ հեքիաթը. շատ կանայք կան, որ ամեն ինչի վրա խոսում են, փնթփնթում, դժգոհում կյանքից ու ամուսնուց: Բայց եթե հակառակն անեն ու մի օր գովեն ամուսնուն, նրան լրիվ ուրիշ մարդ կդարձնեն, կյանքն էլ կփոխվի: Գովեստով մարդուն շատ լավ ճանապարհի վրա ես դնում: Ամեն ինչ կառուցվում է սիրո շնորհիվ ու սիրո մեջ, ինչն էլ մենք ցույց տվեցինք»,- նշել է Սերգեյ Թովմասյանը:
Այս տարվա իր մեծ պրեմիերաները Համազգայինն արդեն արել է, կպատրաստվեն Նոր տարվա ներկայացմանը, իսկ մյուս մեծ ծրագրերը 2025-ին կլինեն: Նախ իրենց մոտ կաշխատի հրավիրված ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, ապա սեփական պիեսը կբեմադրի Սիմոն Աբգարյանը, բացի այդ էլ, կտեղափոխվեն թատրոնի նոր շենք: Նարինե Գրիգորյանն էլ կբեմադրի «Սասնա ծռերը», մոնոներկայացման գլխավոր դերակատարը կլինի Արմեն Քուշկյանը:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Համազգային թատրոնի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: