×


«Ամբողջ կյանքում սիրել եմ մեկին, որի հետ այդպես էլ չեմ ամուսնացել». Անահիտ Ղուկասյան

Դերասանուհի Անահիտ Ղուկասյանը, որ 78-ամյա հասակում շարունակում է ակտիվորեն աշխատել թատրոնում եւ կինոյում, նկարահանվել հեռուստատեսային տարբեր նախագծերում, հյուրընկալվել է Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդաշարին եւ անկեղծ խոսել կյանքը սիրելու, հաճախ ճամփորդելու, անձնականում ունեցած դժվարությունների, երեխաներ չունենալու, ծանր շրջանների եւ դրանք հաղթահարելու իր բանաձեւերի մասին։

Թատրոնը, գիրքը եւ ճամփորդելը

Մինչեւ հիմա էլ ապրում եմ իմ երազելի կյանքով եւ դեռ հույս ունեմ՝ երկար եմ ապրելու (ժպտում է,- հեղ․)։ Կյանքը շատ եմ սիրում։ Բայց այդպիսի մարդ կա՞, որի բոլոր երազանքները կատարվեն։ Հնարավոր չէ։ Անկատար բաներ շատ կան, բայց դա է կյանքը։

Թատրոնից բացի, ինձ համար երկու շատ կարեւոր բան կա՝ գիրքը եւ ճամփորդելը։ Ամեն տարի որեւէ երկիր եմ գնում զբոսաշրջության, որ աչքս նոր բան տեսնի՝ նոր փողոցներ, նոր շենքեր, նոր մշակույթ։ Հետո գալիս ես քո երկիր եւ ունեցածդ ավելի շատ ես սիրում, որովհետեւ նոր աչքով ես նայում։ Իսկ ես իմ երկիրը շատ եմ սիրում։

Երեւանը բոլոր ժամանակներում եմ սիրում։ Հինն արդեն անցել է, եւ դա բնական է։ Այսօր ավելի հետաքրքիր է։ Վաղը, հավանաբար, մի ուրիշ բան է լինելու, որ ավելի է ոգեւորելու։

«Բագրատին որեւէ մեկը չփոխարինեց»

Շատ եմ գնահատել Բագրատին (ամուսինը՝ կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանը, որի հետ առաջին անգամ հանդիպել ու աշխատել են «Աշնան արեւ» ֆիլմի նկարահանումների շրջանակում,- հեղ․)։ Նա շատ տաղանդավոր, գեղեցիկ ու խելացի մարդ էր։ Չեմ ասի՝ սիրահարված եմ եղել, չէ։ Պարզապես նա շատ հետաքրքիր մարդ էր, հարգում ու գնահատում էի նրան։ Բագրատն առաջին մասնագիտությամբ անգլոամերիկյան գրականության մասնագետ էր, դասակարգեց իմ գիտելիքները։ Հետաքրքիր էր նաեւ նրանով, որ բացարձակ հումորից զուրկ էր, դա այնքան տարօրինակ էր (ծիծաղում է,- հեղ․)։ Դե, ընտանիք էր՝ իր լավ ու վատ կողմերով, այնպես չէ, որ հալած յուղի պես է եղել մեր կյանքը։ Երկուսս էլ բարդ բնավորության տեր մարդիկ էինք։ Շատ ծանր տարա նրա մահը եւ նրանից հետո որեւէ մեկին չհանդիպեցի, որ կարողանար փոխարինել, ինչ-որ չափով նրա տեղը գրավել։ Այդ ժամանակ 44 տարեկան էի, իսկ Բագրատը մեծ էր ինձնից 17 տարով։

Իմ կյանքում նաեւ սիրահարվածություն եմ ունեցել։ Ամբողջ կյանքիս ընթացքում սիրել եմ այդ մեկին, որի հետ այդպես էլ չեմ ամուսնացել։ Բազմաթիվ գործոններ կային, որ հաշվի էի առնում։ Չէի կարող թույլ տալ, որ որեւէ մեկն իրեն ավելի բարձր զգար, քան՝ ես եմ կամ հայրս... Հայրս շատ մեծ տեղ է ունեցել իմ կյանքում, շատ խելացի ու հետաքրքիր մարդ էր։ Մենք շատ կապված էինք։

«Եթե երեխա ունենայի, մենք մինչեւ վերջ էլ միասին կմնայինք»

Մինչեւ Բագրատին հանդիպելն, այո, ամուսնացած եմ եղել։ Նա ինձ շատ էր սիրում, ուղղակի ուրիշ խնդիր կար: Եթե ես երեխա ունենայի, մենք մինչեւ վերջ էլ միասին կմնայինք։ Բայց քանի որ երեխա չէի ունենում... Իսկ այդ ժամանակ չկային այն հնարավորությունները, որ կան հիմա երեխաներ ունենալու համար։ Դե, ինքն էլ ընտանիքի միակ տղան էր, եւ իրենց էլ երեխա էր պետք։ Բաժանվեցինք։ Շատ ծանր եմ տարել, շատ։ Շուն ունեի, եւ այդ շունը միայն գիտեր, թե ինչ տառապանքների միջով եմ անցնում։ Ինձ հետ հավասար ամբողջ գիշեր լաց էր լինում։ Բայց դե, անցել է։ Երեւի դա էլ պետք է լիներ իմ կյանքում։

«Մամա ասող չեմ ունեցել, բայց տատիկ ասողները բազմաթիվ են»

Այսօր երջանիկ եմ, որովհետեւ Աշոտ ունեմ, Գոռ ունեմ (եղբոր թոռները,- հեղ․)։ Էլ չեմ ասում իմ աշխատանքի մասին, որ անընդհատ այդ ընթացքի մեջ եմ։ Եղբորս երեխաները շատ ուշադիր են իմ նկատմամբ, արտակարգ։ Երեխա չեմ ունեցել, բայց նրանք այնքան հարազատ են ինձ, իրենց երեխաներն ինձ տատիկ են ասում։ Դրանից ավելի ի՞նչ կարող էր լինել (ժպտում է,- հեղ․)։ Այսինքն՝ ես մամա ասող չեմ ունեցել, բայց տատիկ ասողները բազմաթիվ են։

«Հանգիստ ընդունել եմ իմ բոլոր տարիքները»

Կյանքը բոլորի համար է։ Կինը պետք է կին մնա բոլոր տարիքներում։ Ժամանակի հետ ավելի շատ պիտի զբաղվես քեզնով։ Նախ՝ չեմ հասկանում, երբ տարիքի հետ սկսում են մռայլ գույներ հագնել, ոչ։ Առանց այն էլ ծերությունը լավ բան չէ, դրա համար ինչ-որ ձեւով պիտի փոխհատուցես։ Եվ ես ոչ մի անգամ կռիվ չեմ ունեցել ինքս ինձ հետ. հանգիստ ընդունել եմ իմ բոլոր տարիքները։

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW