×


Նանե Դավթյանը հավաքել է նախապապի գեղանկարներն ու համադրել «Տուն» ցուցահանդեսում

Շրջանակված բնապատկերներ, որ կարծես հիշողությունների առանձին դրվագներ լինեն հարազատ գյուղից՝ Սեւքարից. «Տուն» խորագրով ցուցահանդեսը ներկայացնում է Գրիգոր Վարդանյանի գեղանկարչական աշխատանքները, որոնք արվել են կյանքի վերջին տարիներին։ Նկարչի ծոռնիկը՝ Նանե Դավթյանը, ընտանեկան արխիվներից հավաքել ու յուրօրինակ կոնցեպտով ներկայացրել է նախապապի տասնյակ ստեղծագործությունները «Ալբերտ եւ Թով Բոյաջյան» ցուցասրահում:  

1915 թ.-ին ծնված Գրիգոր Վարդանյանը մասնագիտությամբ ճարտարապետ է եղել։ Նա ականատես է դարձել ուտոպիստական երկրի՝ Խորհրդային Միության հիմնմանը եւ ապա՝ փլուզմանը։ Այս մեծ փոփոխությունների բովում միայն 1990-ականներին արդեն ծեր եւ գրեթե կույր Վարդանյանը սկսել է նկարել ամեն օր եւ ամենուր։ Ոգեշնչման աղբյուր են դարձել իր գյուղի չքնաղ բնապատկերները: Նկարելն օգտագործել է իբրեւ ապրուստի ծանր պայմաններում ապրելու միջոց։


Հատկանշական է, որ մեծ ու շատ փոքր չափերի բոլոր աշխատանքները նկարիչն ինքն է շրջանակել փայտերով, բույսերով, ճյուղերով եւ անգամ լուցկու հատիկներով։ Իսկ որպես նկարչական նյութեր օգտագործել է գրեթե ամեն հնարավորը՝ գուաշ, ջրաներկ, գրիչ, մատիտ եւ այլն։ Տեխնիկապես շատ յուրօրինակ այս ստեղծագործություններն աչքի են ընկնում նաեւ հետեւի կողմում արված գրություններով, որ նույնպես նշումների ու հիշողությունների ուրույն դրվագներ են եւ անգամ ցուցահանդեսի առանձին թեմա։

«Նանեն իրականացրեց թե՛ Գրիգոր պապիկիս, եւ թե՛ իմ երազանքը, քանի որ ես էլ երկար տարիներ մտքումս խմորել եմ ցուցահանդես կազմակերպելու գաղափարը, որն այդպես էլ գործողության չի հասել։ Ուստի, այսօր անվերջ հուզիչ է դստերս գրած տեքստը. այնպես է ներկայացրել ցուցահանդեսը, որ անսահման սեր կա ամեն բառի մեջ։ Անձամբ չտեսնելով ու չճանաչելով նախապապին՝ այնպես է վերարտադրել զգացողությունները, որ ուղղակի ցնցված եմ ու հուզված»,- անկեղծացել է Վարդանյանի թոռը՝ Լիլիթ Հովհաննիսյանը։

Նանե Դավթյանը


Նանե Դավթյանն առաջին անգամ է ներկայանում որպես համադրող, վստահ է՝ այս ցուցահանդեսը կմնա իր մասնագիտական ուղու ամենակարեւոր քայլը, քանի որ ընտանիքին է վերաբերում։


Գրիգոր Վարդանյանը կենդանության օրոք ցուցահանդեսներ չի ունեցել: Դավթյանը նշում է՝ պատահական չէ, որ հենց Գեղարվեստի ակադեմիայում են կազմակերպել ցուցահանդեսը. «Իմ պապիկն ակադեմիական կրթություն չուներ, բայց իր սերնդի շնորհիվ է նաեւ, որ ես ու իմ սերնդակիցներն այսօր կարողանում ենք Ակադեմիայում կրթություն ստանալ։ Ցավոք, նրան չեմ ճանաչել, բայց այս նկարների շնորհիվ կարողանում եմ իր աչքերով նայել բնությանը, աշխարհին ու հայրենիքին՝ տուն իմաստով։ Եվ ցուցահանդեսը վերնագրել եմ «Տուն»՝ այն ընկալելով որպես զգացում, մտածելակերպ։ Այս պատկերները, կարծես, փոքրիկ պատուհաններ են, որոնցով նրա հիշողությունները, կյանքը կարողանում ենք տեսնել»։


Նանեն առաջին մասնագիտությամբ նկարիչ է, իսկ այժմ սովորում է Գեղարվեստի ակադեմիայի Արվեստաբանության բաժնի մագիստրատուրայում: Տեսնելով Գրիգոր Վարդանյանի բազմաթիվ գործերն իրենց ու մյուս բարեկամների տներում՝ որոշել է իրագործել նախապապի երազանքը. «Գուցե էլի նկարներ կան, որոնց մասին ես չգիտեմ։ Մեր տանը մի ամբողջ պատ նվիրված է նրա գործերին, բայց տարբեր անկյուններում նույնպես շատ աշխատանքներ կան կախված»։


«Տուն» ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ հոկտեմբերի 25-ը եւ կսպասի իր նոր այցելուներին՝ տանելու հայկական բնաշխարհի ջերմ, կանաչ ու ծաղկաշատ ճանապարհներով։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW