Վարդան Պետրոսյանն անդրադարձել է Գլխավոր դատախազության՝ Հայաստանի նկարիչների միության շենքը պետականացնելու նախաձեռնությանը: Դերասանի խոսքով՝ դատախազությունը փակ դատական գործընթացով ցանկանում է սեփականազրկել Նկարիչների միությանը՝ նրանից առգրավելով կադաստրով հաստատված սեփականությունը հանդիսացող Նկարիչների տունն ու այլ կառույցներ։
«Գործը վերաբերում է նաեւ գրողների, կոմպոզիտորների, ճարտարապետների միություններին։ Ցավոք, չլինելով Նկարիչների միության անդամ (1987 թվին ինձ 2 անգամ հանիրավի մերժել են՝ ոչ այնքան խորհրդամետ լինելուս համար), լավ չեմ պատկերացնում կառավարություն - ստեղծագործական միություն հարաբերությունները՝ ինչե՞ր են ապօրինաբար ծախվել, ինչե՞ր են քոռուփուչ արվել այս տարիների ընթացքում եւ ինչո՞ւ մեղավորները մինչ օրս չեն պատժվել: Բայց վստահ եմ, որ այս պարագայում կառավարությունը պետք է թույլ չտա այս ապօրինի սեփականազրկումը։ Երեւան քաղաքի մշակութային կենտրոնի ամենակենտրոնում, թատրոնի ու կինոթատրոնի կողքին մեծ պատիվ է ունենալ այսպիսի ընտիր, մեծ մշակութային անցյալ ու ավանդույթներ ունեցող գործող ցուցասրահ։ Յուրաքանչյուր մեծ քաղաք կհպարտանար այսպիսի հնարավորությամբ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Պետրոսյանը:
Նա նաեւ հետաքրքիր դեպք է հիշել, որն իր հետ տեղի է ունեցել 1968 թվականին, երբ 9 տարեկանում առաջին անգամ հոր հետ Նկարիչների տուն է գնացել՝ Մինաս Ավետիսյանի անհատական ցուցահանդեսին:
«Իմ առաջին ցնցումը արվեստից։ Մոտիկից տեսա Մինասին, շատ մոտիկից։ Աստված իմ, ինչ գեղեցիկ տղամարդ էր… Իմ մանկական պատկերացումներով՝ նկարչի իդեալական կերպար՝ մորուքով, բերետով, պակասում էին միայն շարֆն ու ծխամորճը։ Մինասը բացել էր եռոտանի ներկապնակն ու արտանկարում էր իր իսկ նկարը, որ ցուցադրված էր պատին։ «Խաչելությունն» էր, որն իր հրդեհված արվեստանոցում այրվեց մյուս նկարների հետ: Պապանձված, քարացած կանգնել էի իր հետեւում ու ակնապիշ նայում էի, թե ոնց է նկարում։ Մեկ էլ հանկարծ վեր կացավ, մոտեցավ պատից կախված իրական նկարին ու սկսեց նրա վրա նկարել։ Սա ես երբեք չեմ մոռանա: Այնքան լավ եմ հիշում, որ անգամ այդ կտավի փրկված լուսանկարի վրա կարող եմ ցույց տալ, թե որ մասն է դա։ Իմ առաջին ցնցումն էր մեծ արվեստից՝ Նկարիչների տանը»,- պատմել է դերասանը:
Վարդան Պետրոսյանը նաեւ հիշել է, թե ինչպես է դարձել Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի ուսանող եւ շաբաթը մեկ անգամ այցելել Նկարիչների տուն, որտեղ ոչ մի ցուցահանդես բաց չէր թողնում. «Մոտիկից ուսումնասիրում էինք կտավները, վրձնահարվածները, հիանում նկարիչներով, նրանց կանգնելու, ծխելու, խոսելու ձեւով ու մտածում. «Մենք կմեծանանք ու ձեզ կանցնենք»։ Մոտիկից տեսել եմ Երվանդ Քոչարին Նկարիչների տանը՝ մեզ համար այդ սրբավայրում»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: