×


«Լռության ճիչը». Փարիզի Մադլեն եկեղեցում հնչել է հայկական երաժշտություն

«Լռության ճիչը․ երաժշտությունն ընդդեմ պատերազմի եւ հանուն երեխաների»՝ այս խորագրի ներքո էին միավորվել տարբեր ազգության երաժիշտներ՝ ֆրանկո-լիբանանցի երգչուհի, խմբավար Ռիմա Թավիլի ղեկավարությամբ, Փարիզի ամենաազդեցիկ եկեղեցիներից մեկի՝ Մադլենի պատերի ներքո։ Բարեգործական համերգը նվիրված էր Լիբանանի եւ Հայաստանի պատերազմներից տուժած երեխաներին։

Լիբանանում ծնված լինելով՝ Ռիմա Թավիլը լիովին գիտակցում է, թե ինչ դժվար իրադրության մեջ են պատերազմական իրավիճակներում գտնվող երեխաները եւ դեռահասները, այդ իսկ պատճառով էլ ցանկացել է կանգնել նրանց կողքին՝ արվեստով հակադարձելով հակամարտություններին։ Այս նախաձեռնությունը նաեւ երախտագիտություն էր իր հայ ուսուցչուհուն։


Մադլեն հայտնի եկեղեցում հնչեցին Բիզեի, Բեռլիոզի, Կոմիտասի եւ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Մեծանուն կոմպոզիտորների գործերի կողքին Թավիլը ցանկացել էր ներկայացնել նաեւ ժամանակակից երաժիշտների ստեղծագործություններ՝ առաջին անգամ նվագախմբային եւ երգչախմբային տարբերակով կատարվեց ֆրանսիաբնակ երգահան, դաշնակահար Մարինե Գյուլումյանի «Ես քո զավակն եմ, Հայաստան» ստեղծագործությունը։

Երկար տարիներ տարբեր երգիչների կատարած այս երգը հնչեց նորովի եւ նոր շունչ ստացավ Փարիզի եկեղեցում՝ դասական ոճում։ BRAVO.am-ի հետ զրույցում երգահանը պատմեց, թե ինչ մեծ նշանակություն ունի իր համար այս ստեղծագործությունը եւ թե ինչ ոգեւորությամբ է պատրաստվել համերգին։ Նրա հետ նաեւ փորձեցինք բացահայտել երգի հաջողության գաղտնիքը։

«Իսկապես մեծ իրադարձություն էր ինձ համար, տպավորություններս անկրկնելի են. իմ կարիերայի ընթացքում հատուկենտ իրադարձություններ կան, որ այսպես տպվում են հիշողությանս մեջ եւ ապրում ինձ հետ ամբողջ կյանքում։ Երբեք չեմ մոռանա՝ ինչպես «Ես քո զավակն եմ, Հայաստան» երգն առաջին մրցանակ ստացավ. 2001 թ.-ին այն հատուկ գրեցի «Սայաթ-Նովա» փառատոնի համար, հնչեց Անահիտ Մանուկյանի կատարմամբ, Արա Թորոսյանի գործիքավորմամբ։ Նույն երգի համար մրցանակ եմ ստացել 2017-ին՝ Փարիզում, որպես լավագույն ֆրանսահայ կոմպոզիտոր։ Հետաքրքիր է, որ այդ մի երգն իմ կյանքում «կարմիր թելով» շարունակում է զարգանալ»,- նշեց Մարինե Գյուլումյանը։


Ըստ արվեստագետի՝ երգը հաջողություն է վայելում մի քանի պատճառով. «Նախ այն հայրենասիրական շունչ ունի: Երիտասարդ տարիքում եմ գրել, երբ հայրենիքում էի ապրում, հայրենի հողից էի սնվում: Գիշեր-ցերեկ ստեղծագործում էի, բուռն տարիներ էին, ուսման ծարավ էի։ «Սայաթ-Նովա» մրցույթի համար էլ մտածում էի՝ եթե նախորդ տարի Ռոբերտ Ամիրխանյանն է հաղթել, եւ ես ուզում եմ մասնակցել, երգը որքան հզոր պետք է լինի, որ կարողանամ հաղթել. ամբողջ ուժերս ներդրել եմ՝ գումարած երիտասարդությունը, ոգեւորվածությունը: 17 տարի է՝ հայրենիքից հեռու եմ ապրում եւ իմ մեջ միշտ ինչ-որ բան պակաս է, չի հերիքում, որպես ստեղծագործող երբեք հանգիստ չեմ քնում։ Եթե գոնե տարին մեկ կամ երկու անգամ չգնամ հայրենիք եւ «չսնվեմ», չլիցքավորվեմ այնտեղի էներգիայով, չեմ կարող շարունակել ստեղծագործել։»։

Վերածնված երգի մասին

«Երբ հայկական արմատներ չունեցող երգչուհին ինձ ասում է, որ ուզում է հայերեն երգել, պատկերացրեք՝ ինչպիսի զգացողություններ կունենամ այդ պահին։ Երկու-երեք ամիս մանրակրկտորեն աշխատել եմ պարտիտուրայի վրա, որովհետեւ ուզում էի նորածնվեր այս երգը, քանի որ առիթն էլ շատ հուզիչ է, նաեւ որ օտարազգի այսքան երաժիշտ իմ երգը պիտի հնչեցներ հայերենով։ Դա հենց այն խթանիչ ուժն էր, որ ինձ ոգեւորեց. վերջին մի քանի շաբաթն արթնացել եմ առավոտյան ժամը 4-ին եւ գրել եմ պարտիտուրաները, որպեսզի հասցնեմ ճիշտ ժամանակին։ Այս ժանրում առաջին անգամ հնչեց, ավելի փառահեղ էր, եւ երբեք չեմ մոռանա ծափահարությունները։ Ռիմա Թավիլի հետ ծանոթացանք պատահաբար, նրան բացահայտեցի եւ ապշած էի ոչ միայն աստվածային ձայնով, այլեւ՝ պրոդյուսերական աշխատանքով. ամբողջն ինքն է արել միայնակ։ Իրեն շնորհակալ եմ, որ այս հրաշալի առիթով գործիքավորեցի իմ երգն ու այն վերածնվեց»,- պատմել է երաժիշտը։


Գյուլումյանը նաեւ հավելել է. «Մենք ցավ ապրեցինք եւ լռությունը սպանեց, թուլացրեց մեզ, բայց դրսում ապրող արտիստները պիտի խոսեն եւ բարձրաձայնեն իրականության մասին: Մադլեն պատմական եկեղեցում նորից հնչեց Հայաստան անունը, խոսվեց պատերազմի մասին: Նման միջոցառումների շնորհիվ կրկին խոսվում է այդ անարդարությունների մասին»։

Քանի որ այս միջոցառումը երեխաներին էր նվիրված, իսկ Մարինե Գյուլումյանը մշտապես աշխատում է թե՛ իր, թե՛ այլ երեխաների հետ, հետաքրքրվեցինք՝ ինչ խորհուրդ կտար հենց այն երեխաներին, ովքեր, ցավոք, դժվար իրադրություններում են մեծանում։

Մարինե Գյուլումյանը՝ դուստրերի հետ


«Հայաստանում մի գերբնական ուժ ունենք, եւ միայն այնտեղ ապրած մարդը կհասկանա՝ ինչի մասին է խոսքը, չնայած՝ մեր երկիր այցելողները եւս զգում են այդ մթնոլորտը. այնտեղ աստվածային ուժ կա, գերբնական ուժ, որ հսկում է մեր երկիրը: Եթե չմտածեմ, որ Հայաստանի համար լավ է լինելու, կխելագարվեմ: Հայ երեխաները թող իմանան, որ ունեն առավելություն մեծ աշխարհ գրավելու»,- նշել է նա:

Իսկ երաժիշտ երեխաների մասին խոսելիս Մարինե Գյուլումյանն այսպիսի դիտարկում արեց. «Իմ աշակերտների ծնողներին էլ եմ ասում, որ պետք է երեխան ուզի, այլ ոչ՝ ծնողը։ Բնատուր տաղանդով երեխաների մասին է խոսքը։ Կան երեխաներ, որ ծնված են երաժիշտ լինելու ձիրքով, ստիպողական չպետք է լինի։ Իհարկե, այն երաժիշտն է հասնում հաջողության, ով գիշեր-ցերեկ աշխատում է»։

Տեքստը՝ Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանի/BRAVO.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները՝ Մելքոն Աջամյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW