×


«Եթե Վաչեի մասնակցությամբ ֆիլմը Կաննում գլխավոր մրցանակ չստանար, չէինք վերսկսի «Կասկածելի երեկո»-ն». Ռոբերտ Մարտիրոսյան

Սո՞ւտ, թե՞ ճիշտ՝ այս հարցն ամենաշատն էր հնչում շուրջ 10 տարի առաջ ցուցադրվող «Կասկածելի երեկո»-ի ընթացքում: Տարիների դադարից հետո շոուն այս անգամ վերադառանում է «Արմենիա» հեռուստաընկերության եթեր։ Համահեղինակներն ու հաղորդավարները կրկին Ռոբերտ Մարտիրոսյանը եւ Գարիկ Պապոյանն են:

«Այն ժամանակ «Վիտամին» ակումբին զուգահեռ ցանկանում էինք այլ հաղորդում եւս անել. ես եւ Գարիկը ուզում էինք առանձնանալ, ավելի աչքի ընկնել, իսկ ինչո՞ւ պետք է Արամը, Վաչեն եւ մնացածը ավելի հայտնի լինեին մեզնից։ Վաչեն հետո, այսպես ասած, տվեց անցավ մեզ՝ նկարահանվելով ֆիլմում, որն արժանացավ Կաննի փառատոնի գլխավոր՝ «Ոսկե արմավենի» մրցանակին։ Ի դեպ, եթե Վաչեի մասնակցությամբ ֆիլմը չարժանանար այդ մրցանակին, մենք չէինք վերսկսի այս հաղորդումը։ «Կասկածելի երեկո»-ն մյուս տարի ներկայացնելու ենք Վենետիկի կինոփառատոնում, որ մենք էլ հասնենք Վաչեին, քանի որ ամեն ինչի հիմքում մրցակցությունն է»,- BRAVO.am-ի հետ զրույցում կատակել է Ռոբերտ Մարտիրոսյանը:


Նա լրջորեն հավելել է. «Մենք այս հաղորդման շրջանակում այն ենք, ինչ կանք, անկեղծ ենք հեռուստադիտողի եւ հանդիսատեսի հետ, այնպիսին ենք, ինչպիսին ընկերական շրջապատում: Գուցե դա է պատճառը, որ ստացվել էր եւ սիրվել»։

Հաղորդման շրջանակում մասնակիցները եւ հանդիսատեսը փորձում են գուշակել՝ ներկայացված պատմությունները սո՞ւտ են, թե՞ ճիշտ։ Միայն երկրորդ փուլում կա որոշակի փոփոխություն՝  ներկայացվում են հատվածներ տարբեր դիալոգներից։


Գարիկ Պապոյանի խոսքով՝ վայելել են առաջին նկարահանման ընթացքը. «Մեր բոլոր աշխատանքներից այս նախագիծն այն յուրահատուկն է, որի դադարի ամբողջ ընթացքում դրա հանդեպ հետաքրքրությունը չի նվազել։ Երբ արդեն շատ-շատ սկսեցին պահանջել վերադարձը, որոշեցինք պահպանել «Կասկածելի երեկո»-ն, չէ՞ որ ինքներս էլ յուրահատուկ տեղ ենք տվել այս հաղորդմանը»։

«Կասկածելի երեկո»-ն եթերում կլինի հոկտեմբերի 25-ից:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ «Արմենիա» հեռուստաընկերության

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW