×


«Հոսք»-ով Երեւանում բացվել է 16-րդ «ՌեԱ» փառատոնը

Գունեղ ու ստեղծագործ պատկերաշարերով, հայկական ու արտասահմանյան լավագույն անիմացիաներով, վարպետության դասերով ու պրեմիերաներով Երեւանում մեկնարկել է «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի միջազգային 16-րդ փառատոնը։ Այս տարի այն անցկացվելու է հոկտեմբերի 20-ից 26-ը. մեկ շաբաթ շարունակ կարճամետրաժ եւ լիամետրաժ ֆիլմերի ցուցադրություններ են լինելու մրցութային ու արտամրցութային հագեցած ծրագրերում։

Փառատոնի բացման միջոցառումը Կինոյի տանն էր, որտեղ ներկայացվեցին այս տարվա նորությունները, տարբեր ծրագրերում ընդգրկված 250-ից ավելի ֆիլմերը, ժյուրիի անդամները, որոնց թվում անվանի կինոգործիչներ են, ինչպես նաեւ ցուցադրվեց լատվիացի կինոռեժիսոր Գինթս Զիլբալոդիսի «Հոսք»-ը (Flow), որի պրեմիերան տեղի է ունեցել Կաննի միջազգային կինոփառատոնում։


«ՌեԱ»-ի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին իր ելույթում առանձնահատուկ ներկայացրեց 16-րդ «ՌեԱ»-ի պաստառը, որի հեղինակը շվեյցարացի 80-ամյա անիմատոր, իլյուստրատոր, ռեժիսոր Ջորջ Շվիզգեբելն է: Կաննի, Բեռլինի, Անսիի միջազգային կինոփառատոների դափնեկիրն արդեն երկրորդ անգամ է հյուրընկալվում փառատոնին. առաջին անգամ Երեւան եկել է տասը տարի առաջ:

«Մենք նրան նյութեր ուղարկեցինք, լուսանկարներ, նա այդպես ծանոթացավ տեղին, թեմային եւ իր տեսածը համադրելով հիշողությունների հետ՝ ստացավ շատ հետաքրքիր մի պաստառ, որ կարծես մի քիչ Մինաս է, մի քիչ Սարյան: Մեր պաստառների շարքում ամենակարեւոր տեղերից մեկն է գրավում»,- նշել է Վրեժ Քասունին՝ բեմ հրավիրելով Շվիզգեբելին եւ նրան հանձնելով փառատոնի հատուկ մրցանակը՝ անիմացիայի ոլորտում ունեցած ներդրման համար։


Քասունին ներկայացրել է նաեւ «ՄարԱնի» արտադրական հարթակը, որի շրջանակում տեղի են ունենում տարբեր աշխատարաններ ու հանդիպումներ հայ եւ միջազգային պրոդյուսերների, անիմատորների եւ այլ կինոպրոֆեսիոնալների հետ։ Նրանք կկիսվեն մասնագիտական կարեւոր գաղտնիքներով, գիտելիքներով ու փորձով, մասնակիցների հետ կքննարկեն զարգացման արդի միտումներն ու հնարավորությունները։ Այսպիսով փառատոնն իրեն դիրքավորում է ոչ միայն որպես մշակութային, այլեւ կրթական հարթակ։


««ՌեԱ»-ի նպատակը Հայաստանում, տարածաշրջանում եւ անդին անիմացիոն արտիստների եւ պրոդյուսերների կենսունակ համայնք ձեւավորելն է եւ նրանց գործը, ֆիմերը հանրահռչակելը»,- ընդգծել է փառատոնի տնօրենը:

16-րդ «ՌեԱ»-ի ֆիլմացանկին կարող եք ծանոթանալ այստեղ:  

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW