Հայաստանի պատվիրակ Լեոյի «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Cosmic Friend» երգում նա պատմում է իր եւ այլմոլորակայինի արտասովոր ընկերության մասին, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը:
«Երաժշտությունը չունի սահմաններ, եւ Լեոն տիեզերքի բոլոր բնակիչներին միավորում է իր երգի շուրջ՝ պարելու, ուրախանալու եւ մասին լավ ժամանակ անցկացնելու։ Մնում է մի հարց. ո՞վ է նրա այլմոլորակային ընկերը: Հաջորդ կայարանը՝ Մադրիդ, գուցե թռչող ափսեո՞վ»,- նշված է մամուլի հաղորդագրությունում:
Մարտին Մկրտչյանի եւ Հռիփսիմե Հակոբյանի որդին նշել է, որ տեսահոլովակի նկարահանումներն ուրախ են անցել. «Կարծես իմ երազանքների նկարահանումը լիներ: Սա իմ առաջին տեսահոլովակն է, եւ արդյունքն ինձ շատ է դուր գալիս»։
«Cosmic Friend» երգի երաժշտության հեղինակը tokionine-ն է (Դավիթ Բադալյան), խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը եւ Մալենան: Երգի տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, իսկ հագուստների հեղինակը` Արմեն Գալյանը:
Տեսահոլովակի ռեժիսոր Արթուր Մանուկյանը նշում է. «Հատկանշական է, որ Լեոյի առաջին բեմելը եղել է Dolby թատրոնում, երբ նա դեռ 3 տարեկան էր, եւ այդ համերգի ռեժիսորը, հետեւաբար, նաեւ Լեոյի կյանքում առաջին ռեժիսորը ես եմ եղել: Նրա հետ շատ զգույշ եմ աշխատում, որպեսզի չկորցնենք բնատուր խարիզման, եւ հանդիսատեսին ճանաչելի լինի Լեոյի իրական տեսակը: Երգի թեմատիկային համապատասխան՝ տեսահոլովակը հագեցած է բազմերանգ տեսարաններով, պարային եւ դինամիկ շեշտադրումներով։ Օգտագործել ենք ֆուտուրիստական դեկոր, որը մեզ մտովի կտանի տիեզերք: Տեսահոլովակում Լեոն երգում է միջմոլորակային տարածության մեջ։ Երգն ու տեսահոլովակն ունեն հաղթական էներգիա, որն ուղղել ենք տիեզերք, որպեսզի այն Լեոյի՝ յուրահատուկ բեմադրությամբ ուղեկցվող ելույթի ժամանակ հետ վերադառնա Մադրիդի բեմ»։
Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանն էլ ասել է, որ երգը կրկին վստահել են Դավիթ Բադալյանին, որը Մալենայի հաղթական երգի հեղինակն է. «Նախապատրաստական աշխատանքների ակտիվ փուլում ենք։ Շուտով ուղեւորվելու ենք Մադրիդ՝ մեր առաջին փորձին»:
«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթն անցկացվելու է Մադրիդում՝ նոյեմբերի 16-ին՝ «Ծաղկենք» խորագրով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: