Բանաստեղծ, գրականագետ Հենրիկ Էդոյանն «Էպիգրաֆ»-ում ընթերցասերների հետ հանդիպմանը կիսվել է իր մտորումներով, գրականության, արվեստի, մարդկության ներկայիս հարցերի, զարգացման միտումների ու խնդիրների մասին իր մոտեցումներով։ BRAVO.am-ն առանձնացրել է զրույցի ուշագրավ դրվագները։
Գրականությունը հասարակական մտքի ու կյանքի վրա այսօր ազդեցություն չի ունենում ամբողջ աշխարհում, հասկանո՞ւմ եք։ Ի՞նչ պիտի գրես, որ պետությունը կամ հասարակությունը քեզնից վախենան, ազդվեն։ Բայց երբ ասում եմ՝ մեծ ազդեցություն չունի, դեռ չի նշանակում, որ այն ավելորդ է։ Գրականությունը հիմա, երեւի, ավելի մեծ գործառույթ է կատարում, քան՝ առաջ։ Այդ մոդելը հիմա անհատական պլանով է աշխատում, ոչ թե բազմության հետ հարաբերության մեջ։ Եթե ընթերցողը պատրաստ է, գրականությունը կհայտնվի։
Ամենախայտառակ բանը մարդու համար այն է, երբ կյանքն իմաստ չունի։ Լավ գրողը, արվեստագետը նա է, որ ոչ թե քո ազատ ժամերին քեզ զբաղեցնում է, այլ քո ուղեղում նոր տարածություն է բացում, հենման կետ է տալիս։ Արվեստը պարտավոր է մարդու հոգեւոր աշխարհն արթնացնել։ Գրականությունը հիմա մարդուն պիտի օգնի գտնել իր տեղն աշխարհում։
Հենրիկ Էդոյանը
Ամբողջ տիեզերքի գաղտնիքը ոչ թե աստղերի մեջ է, սեւ խոռոչների ու ահռելի մյուս բաների, որ նայելիս փշաքաղվում ես, այլ մարդու մեջ է դրված։ Մեր կյանքում երկու աշխարհ կա՝ հոգեմտավոր եւ արտաքին աշխարհը, որտեղ ապրում ենք։ Կա բնություն՝ իրերի աշխարհը, եւ հաճախ կարելի է լսել, թե մարդը բնությունն է։ Բայց դրանից ավելի սխալ խոսք չկա։ Մարդն ապրում է բնության մեջ, բայց բնություն չէ։ Բնության մեջ ինչ որ կա, մեր մեջ էլ կա, բայց մեր մեջ բաներ կան, որ բնության մեջ չկան, հասկանո՞ւմ եք։ Դրա համար մենք ձգտում ենք մարդկային հասարակության, մարդը մարդուն է ձգտում։ Մարդը բնությունից վեր է, որովհետեւ մտածող է։
Սատանան նախանձում է մարդուն, որովհետեւ մարդը շարժվում է, զարգանում, կարող է ավելի լավը դառնալ, իսկ սատանան չի կարող։ Ուրեմն՝ մեր նպատակը ո՞րը պետք է լինի՝ ինչքան հնարավոր է բարձրանալ դեպի վերեւ։ Հիմա արվեստը, գրականությունը մեզ պետք է օգնեն, ազդակներ տան, որ մենք ավելի բարձր լինենք, կողմնորոշվենք։
Զգացմունքը մտավոր ոլորտն է, ինտելեկտուալ։ Իհարկե, միտքը չէ, այլ այն վայրն է, որտեղ քո ներքին աշխարհը եւ վերեւի լույսը հանդիպում են իրար։ Զգացմունքի մեջ պիտի ինտելեկտ լինի, առանց դրա զգացմունք չկա։ Հիմար մարդը զգացմունքներ չունի, հավատացեք ինձ։ Վայրենությունը կամ բնազդները զգացմունքների հետ կապ չունեն։ Զգացմունքը շատ մեծ բան է։
Հենրիկ Էդոյանը
Բանաստեղծները շատանում են, բանաստեղծությունը պակասում է։ Բայց միայն դա չէ, այլ բաներ էլ են պակասում՝ լավ երաժշտությունը, նկարչությունը... Բայց կան լավ բանաստեղծներ, թեեւ շատ չեն։ Բանաստեղծների առատությունը դեռ չի խոսում տվյալ ժողովրդի զարգացածության ու բարձր մակարդակի մասին։ Ընդհակառակը։
Մարդը պիտի ճաշակ ունենա, դա շատ կարեւոր բան է։ Ի՞նչ է ճաշակը, մարդու՝ գեղեցկությունը տեսնելու, ընկալելու եւ գնահատելու անձնական հնարավորությունն է, կարողությունը։ Չպետք է սահմանափակ լինել, դա է նշանակում ճաշակով մարդ լինել։ Ճաշակ չունենալը շատ դժվար բան է, անճաշակ մարդուց ավելի վատ բան չկա (ժպտում է,- հեղ․)։ Քրիստոսը մեռած շանը նայելիս ասում է՝ «Նայեք՝ ինչ սիրուն ատամներ ունի», մարդիկ կան, ասում են՝ «Լեշ է ընկած»։
Էլ ի՞նչ բանականություն, եթե արհեստական է։ Ճարը մեկն է՝ պիտի ավելի լավ գրես։ ԱԲ-ից պիտի ճիշտ օգտվես ու չթողնես՝ քեզ էլ արհեստական մարդ դարձնի։ Տեսեք, կա Աստված, կա սատանա։ Սատանան հիմա մեր մեջ էլ է շրջում, հուզում է մեր մտքերը, նա կրկնողն է, չի ստեղծում, նա արարիչ չէ. նայում է քեզ, կրկնում է։ Բայց գրականության, արվեստի մեջ մի բան կա, որ սատանան չի կարող կրկնել, արհեստական բանաստեղծությունը չի կարող ստեղծել՝ մարդկային ճակատագրի արտահայտությունը։ Դոստոեւսկու պատմվածքը կարդում ես, հասկանում ես՝ ճակատագիր է դրել մեջը։ Մի ներքին ձայն է պետք՝ կողմնորոշվելու, ճիշտ հասկանալու համար։ Դրա համար ես այդպիսի բաների մասին չեմ մտածում, չեմ անհանգստանում. հակաթույնն ունեմ։ (ժպտում է,- հեղ․):
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: