Նոյեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Յուրի Շեւչուկի եւ «ԴԴՏ» լեգենդար ռոք-խմբի համերգը, որի կազմակերպիչն արդեն մի քանի տարի Երեւանում բնակություն հաստատած կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Երեւան» կինոակումբի հիմնադիր Սերգեյ Ցելիկովն է: Նա BRAVO.am-ի հետ զրուցում պատմել է առաջիկա համերգի եւ իր մեծ նախագծերի մասին:
Ռուսական կուլտային խումբը 2020 թվականից հետո մեծ համերգներով հանդես չի եկել, Երեւանում համաձայնել է ելույթ ունենալ մեկ տարուց ավելի տեւած բանակցություններից հետո:
«Մի քանի անգամ ժամանել են Երեւան ու ծանոթացել համերգի վայրի հետ: Խոստացել ենք ամեն ինչ լավ կազմակերպել, եւ արդյունքում համաձայնել են: Իսկապես ջանք ու եռանդ չենք խնայում, որ համերգն անմոռանալի լինի։ Մեծ ու ոչ սովորական համերգ է սպասվում, որն ուրիշ է լինելու իր էներգետիկայով, ծրագրով, լուսային եւ ձայնային ձեւավորմամբ, շոուի մակարդակով ու փոխանցելիք տպավորություններով»,- անկեղծացել է նա:
Ցելիկովի խոսքով՝ «ԴԴՏ»-ն խստապահանջ է ձայնի եւ լույսի որակի հարցում, դրա համար էլ իրենց ինժեներները մի քանի անգամ եղել են Մարզահամերգային համալիրում, ուսումնասիրել տարածքն ու մանրակրկիտ ծանոթացել պայմաններին. «Անհրաժեշտ տեխնիկան այստեղ չենք գտել, դրա համար էլ 20 տոննա կշռող սարքավորումները բեռնատարով կբերվեն Հայաստան: Տեխնիկական անձնակազմի 50 անդամ էլ կգա, որպեսզի այդ ամենը տեղադրի: Եվրոպական մակարդակի մեծ ու զիլ շոու է լինելու»:
Լուսանկարը՝ facebook.com/s.a.tselikov Սերգեյ Ցելիկովը
Կինոռեժիսորը Երեւանում հաստատվել է 2022 թվականի մարտին ու մի քանի ամիս անց արդեն սկսել է մշակութային գործունեություն ծավալել: Ազատ ժամանակը լցնելու համար նախ իր ֆիլմերն է սկսել ցուցադրել, ապա՝ ընկերների: Հետագայում դրանք սկսել են կոմերցիոն բնույթ կրել: Կազմակերպել է Անդրեյ Տարկովսկու, Ալեքսանդր Սոկուրովի եւ Անդրեյ Զվյագինցեւի հետահայաց ցուցադրությունները:
«Հասկացա, որ մարդիկ մշակութային միջոցառումների կարիք ունեն, այդպես իրականացրինք «Արտդոկֆեստ» փառատոնը եւ «Ճամպրուկ» ներկայացումը։ Իսկ շուտով Լիա Ախեջակովայի մասնակցությամբ եւս մեկ մեծ ու կարեւոր ներկայացում է սպասվում: Դեկորներն ու հագուստները Երեւանում ենք պատրաստում, համաշխարհային պրեմիերան այստեղ կանենք, ապա այն հյուրախաղերով կլինի Եվրոպայում ու ԱՄՆ-ում»,- նշել է Սերգեյ Ցելիկովը:
Նրա կարծիքով՝ Երեւանում մշակութային կյանքը բավական հագեցած է, ինչում ինքն էլ մասնակցություն ունի: Մինչ այս կազմակերպած 100-ից ավելի միջոցառումներից միայն մի քանի ֆիլմի ցուցադրություններն իր սրտով չեն եղել, քանի որ դրանք նախապես դիտելու հնարավորություն չի ունեցել: Հիմնականում կյանքի է կոչում այնպիսի նախագծեր, որոնք հավանում է:
«Դեռ չեմ կարող ասել, որ լիովին հասկանում եմ հայ հանդիսատեսին, բայց կան նրբություններ, որ նկատել եմ: Եթե ներկայացման մեջ հայ դերասան է ներգրավված կամ ստեղծագործության հեղինակը հայ է, ինչպես «Ճամպրուկ»-ի դեպքում Դովլաթովն է, մարդկանց գրավում է: Բայց առավել խորքային գիտելիքներ հայերի նախասիրությունների մասին դեռ չունեմ»,- ընդգծել է պրոդյուսերը:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: