Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարողներից Րաֆֆի Գալստյանը աշխատանքի հրավեր է ստացել Ֆրանսիայի «Ֆրանս Կոնցերտ» բալետային ընկերությունից եւ 8 ամիս կբացակայի Հայաստանից: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է նոր մարտահրավերի եւ Եվրոպայում ելույթների մասին:
Բալետի պարողը «Ֆրանս Կոնցերտ»-ի հետ նախկինում էլ ելույթ է ունեցել, իսկ նոր առաջարկը ստանալուց հետո մոտ մեկ տարի մտածել է ու ամեն ինչ մանրակրկիտ ծանրութեթեւ արել:
Լուսանկարը՝ «Ֆրանս Կոնցերտ»-ի ֆեյսբուքյան էջից
«Մտերիմ ընկերներս էլ կփաստեն՝ ինչպիսի ապրումների մեջ էի: Մտածում էի՝ արդյոք ուզում եմ մեկնել: Մեր թատրոնում 6 տարի աշխատել եմ, ունեմ իմ ներկայացումները, դերերն ու հանդիսատեսը, որոնց պետք է թողնեի ու լրիվ անծանոթ միջավայրում ամեն ինչ զրոյից սկսեի: Բայց անձնական հանգամանքներ ու Փարիզի հետ կապված հույզեր էլ կային, որոնք ինձ ստիպեցին համաձայնել. պարտավոր ես գնալ քո երազանքների հետեւից»,- խոստովանել է Գալստյանը:
Նա արդեն սկսել է շրջագայել մոտ 10 տարի իր գործունեությունը ծավալող «Ֆրանս Կոնցերտ»-ի հետ, որը բալետային ներկայացումներով է հանդես գալիս Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Բելգիայում, Շվեյցարիայում ու եվրոպական այլ երկրներում. «Նախ՝ 3,5 ամիս պարելու ենք «Մարդուկ-ջարդուկը», հետո ներկայացնելու ենք «Կարապի լիճը»: Որպես առաջատար մենապարող եմ միացել թիմին ու փոխարինող ունեմ, որի հետ հաջորդաբար ենք հանդես գալիս, մյուսների ելույթներն ամեն օր են»:
Գալստյանն անկեղծանում է, որ Եվրոպայում պարելը մեծ փորձառություն է, խիտ գրաֆիկով ելույթ ունենալու եւ օտար երկրում ապրելու շնորհիվ ամրանում է ֆիզիկապես ու հոգեպես: Մեկ այլ հանգամանք էլ կա. «Ես այստեղ եմ նաեւ ֆինանսապես ամրապնդվելու համար: Իհարկե, հեշտ չէ. ամեն օր նույն բաների միջով ենք անցնում՝ ճանապարհ, հյուրանոց, թատրոն, դահլիճներն էլ շատ մեծ են՝ 3000-ից մինչեւ 9000 հանդիսատես կարող են տեղավորել, ու միշտ լեփ-լեցուն են լինում»:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնից մեծ դժվարությամբ է բաժանվել: Վերջին ներկայացման՝ «Դիմակահանդես»-ի ժամանակ շատ է հուզվել. «Մեծ նվիրումով եմ ծառայել իմ հարազատ թատրոնին: Խոնարհման ժամանակ հուզվեցի... Պտտվեցի եւ շնորհակալություն ասացի թատերախմբին, իմ գործընկերներին ու ընկերներին: Հուզառատ օր ստացվեց. պարում էի այնպես, ինչպես վերջին անգամ կանեի: Մեր թատրոնն է ինձ օգնել աճել ու դառնալ այսպիսին, ինքս էլ նվիրվել ու ոչինչ չեմ խնայել, քանի որ ամեն ինչ փոխադարձ պիտի լինի: 8 ամսից անպայման վերադառնալու եմ ու նորից եմ հանդիպելու մեր հանդիսատեսին: Փետրվարին գրաֆիկը մի քիչ ազատ է, եւ Երեւանում պարելու եմ, բայցի այդ էլ, դեկտեմբերին Իտալիայում մեկ օրով միանալու եմ մեր թատրոնին, որը գալու է հյուրախաղերի»:
Նոր մարտահրավերը նրա վրա միայն դրական ազդեցություն է թողել եւ կոփել է: Անհետաքրքիր է համարում, երբ կյանքում ամեն ինչ հարթ է ու դժվարություններ չեն լինում: Եվրոպայում իրեն օտարության մեջ չի զգում, քանի որ ընկերներ ու հարազատ մարդիկ ունի, բացի այդ էլ, թատերախմբում բոլորն իրար հետ ջերմ են ու հարգալից. «Ուրախ եմ, որ հաճախ ենք հանդես գալու սիրո քաղաք Փարիզում, որտեղ ինձ երջանիկ եմ զգում»:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: