×


«Հայ ռեժիսորները վախենում են ինձ հետ աշխատել». Նարե Հայկազյան

Դերասանուհի, նկարչուհի Նարե Հայկազյանին տեսնելիս առաջինը մտածում ես՝ ի՜նչ գունեղ ու խարիզմայով կին է։ Հետո սկսում ես զրուցել ու հասկանում, որ ունի մի քանի շերտ։ Իսկ արդեն հարցազրույցի ավարտին ուզում ես անունը գրել ոչ թե Նարե, այլ՝ Նարէ։

- Գունեղ եք ոչ միայն էությամբ, այլեւ աչքերի գույնով, ո՞ւմից եք ժառանգել:

- Գունեղի դեպքում ազատ զրույց է։ Աչքերս շատ փոփոխական են. երբ ագրեսիվ եմ, խստապահանջ, վերագտնում եմ հորս, երբեմն բարությամբ եմ լցվում, սիրո արտահայտություն է, եւ մորս եմ նմանվում։ Երկուսի սինթեզն ունեմ։

- Իսկ ո՞րն է ավելի շատ Ձերը:

- Ես փակ աչքերն եմ նախընտրում. սիրում եմ մտածել, լռել փակ աչքերով։

- Երբեմն լռությունն ավելի խոսուն է:

- Վստահաբար, լռությունը ֆանտաստիկ նվեր է: Պետք է կարողանալ դա կլանել, իրապես լռել, ոչ թե մերժման լռություններ ապրել։ Խոսքը պետք է օգնության հասնի, երբեմն՝ հաստատման։ Խոսքը հզոր ուժ ունի, բայց լռելուց հետո ես խոսում։

- Հա՞շտ եք Ձեզ հետ։

- Ամենուր իմ սիրելի գործը գտնում եմ։ Շնորհակալ եմ Տիրոջը, որ ինձ ընձեռել է իմ տարածության մեջ պարուրվելու, ստեղծելու եւ նկարելու հատկություն: Կարողանում եմ փոքրիկ բաներով ինձ ուրախացնել։ Ուր էլ լինեմ՝ Հայաստանում, թե օվկիանոսի հակառակ կողմում, ինչ-որ բան կգտնեմ, որ կերպս բավեմ։ Բայց միեւնույն է՝ որոնող մարդը, եթե անգամ ինքն իրեն գտել է, պիտի բախումներ ունենա իր էության հետ: Կյանքը բախման արտացոլանքն է:

Նարե Հայկազյանը


- Դերասանուհի եք, նկարչուհի եւ ռեժիսոր, հե՞շտ է համատեղել:

- Դեռ էլի կան բաներ... Ինձ շատ են ասել՝ եթե մի քանի տեղում ես, բոլորը կիսատ են: Միֆ է: Ես շատ եմ սիրում մեծահասակ մանուկներին։ Նա որսում է, գտնում, մի բանի վրա չի կենտրոնանում, ինչը սիրեց, զարգացնում է, հարատեւ փնտրում է: Եթե նկարում եմ, անխոս, լռության մեջ է տեղի ունենում. ուրիշ աշխարհ է։ Չխաղալուս անբավությունը վերագտնում եմ նկարչության մեջ, իսկ երբ հագենում եմ ու մարդկանց հետ շփվել ուզում, գնում եմ մարդկանց մոտ՝ ինչպես մաուգլին։ Պիտի ունենաս փակվելու եւ բացման շրջան, ինչպես մեր աչքերը փակվում են ու, փառք Աստծո, բացվում։ Գիտե՞ս՝ ոնց եմ ուրախանում, որ ամեն օր աչքերս բացվում են: Բազում կորուստներ եմ ունեցել. չեմ հասցրել վայելել նրանց, հեռացել են, դրա համար գնահատում եմ կյանքի նվերն՝ ամեն վայրկյանը։

- 10 տարի առաջ ֆիլմ նկարահանեցիք՝ «Թակոցը», ու այլեւս կինոյում Ձեզ չտեսանք, ինչո՞ւ։

- Իմ մտքերի դեգերումներն եմ արտահայտել. ուղղակի շնորհակալությունս հայտնեցի: Մայրս ինձ համար քայլող լեգենդ է: Նա արդեն 22 տարի անտես քայլում է։ Ֆիլմը մի լուսավոր ասուպիկ էր. նկարահանվել է մեկ օրում՝ մեկ շնչով, հենքն իմպրովիզացիոն լուծումներն են: Ուր էլ գնաս, տուն վերադարձի կանչը միշտ սրտումդ է, իսկ կորսվածի եւ գտնվածի դուռը մեկ թակոցի մեջ է: Ի դեպ, մայրս ինձ տեսնում էր Նարէ, իսկ ես երբեմն, երբ կորչում եմ, «ե»-ով եմ։

- Ձեր հայրը՝ քանդակագործ-անիմալիստ Աշոտ Հայկազյանը, այլ աշխարհ է Ձեզ համար։ Ներե՞լ եք նրան:

- Նրան չէի տեսել 35 տարի։ Երբ հանդիպեցինք, ներսումս սեր էր ամբողջությամբ։ Ցավ ապրեցի, որ առանց իրեն եմ այս կյանքը տոգորել։ Եվ ինքն էլ ոռնոց ուներ ներսում, ափսոսանք։ Դե, ինչ եղավ, եղավ։ Փոքր ժամանակ գուցե անհեթեթ բողոքներ ունեի, բայց երբ նրան տեսա, գրկեցի, ամեն ինչ ավարտվեց։ Հայրս արարող արվեստագետ, որոնող հոգի, խենթ տղամարդ էր իր բոլոր պատմություններում։ Նման ենք իրար ծիծաղով ու մեր արտահայտչամիջոցներով. ինձ միշտ ասում են՝ ձեռքերով շատ եմ խոսում, եւ երբ հորս հանդիպեցի, հասկացա՝ ումից եմ ժառանգել:

Նարե Հայկազյանը


- Հաճա՞խ եք հիշում նրանց:

- Շա՜տ: Հորս հետ առանձին զրույցների մեջ եմ, մորս կարիքն այլ զգացումներով ունեմ։ Մորս հետ հարաբերությունները շատ արվեստային էին՝ ամեն ինչ պտտվում էր ստեղծագործության շուրջ։ Հորս հետ կյանքի խաչմերուկների մասին էի խոսում, եւ մի օր ասաց. «Հրեշտակի աչքեր ունեիր, ապշում եմ՝ ինչպիսին ես դու հիմա»։

- Նարե, քանի՞ տեսակի կին է ապրում Ձեր մեջ:

- Ա՜, երբ սկսեցիք գույներից խոսել, հասկացա, որ լավ եք տեսնում։ Մի քանիսն են. ինձ ավելի մոտ է փխրուն Նարեն՝ ստեղծագործող եւ անվախ։ Երբ անապահովության զգացում եմ ապրում, որը հատուկ է արվեստի մարդկանց, սկսում եմ բարկանալ ինձ վրա։ Անապահովություն ասելով՝ նյութականը նկատի չունեմ, այլ՝ հոգեւորը:

- Ձեր նկարներն ամբողջովին գույն են, բայց ասում են՝ Լոս Անջելեսում այդ գույները չկան:

- Պարզապես փորձում եմ իմ լինելիությունն այնտեղ արդարացնել։ Իսկ Հայաստանից չեմ հեռացել՝ բոլոր իրավիճակներում անտես ներկա եմ։ Իմ ներսի լույսերն եմ ուղարկել, կառուցողական եղել, աղոթել:

Նարե Հայկազյանը


- Գիտեմ, որ դասական ձեւաչափից դուրս փոքրիկ բեմադրություններ եք արել՝ զոհված տղաներին նվիրված։ Այդ դեպքում լռությո՞ւնն է ավելի խոսուն, ինչպես զրույցի սկզբում նշեցիք, թե՞, այնուամենայնիվ, կտավներն ու ներկայացումները։

- Չեմ առանձնացնում խոսքը, լռությունը, շարժումը, պատկերը: Դրանք այնքան համահունչ են ձուլված։ Չեմ կարողանում տարանջատել։ Երբեմն լուռ, չքնաղ, մեղմ շարժումներից հետո ուզում եմ գոռալ։ Ես լսում եմ ինձ, գուցե, շատերի համար անհարիր, անհասկանալի։ Ռիսկային աշխարհ է:

- Այդքան շատ սեր եք տալիս, պատասխան սեր ստացե՞լ եք անձնական տիրույթում:

- Պակաս չեմ զգացել, բայց վստահ կարող եմ ասել՝ լրացված չէ։ Փակագծերից դուրս մնացած բաներ կան: Ընտանիքն ու երեխան ինձ համար մեծ նշանակություն են ունեցել: Մինչ 30-ը սպասում էի այդ ծաղկունքին՝ ընտանիք, երեխաներ... Դատարկ տեղեր կան, որ այդպես էլ դատարկ կմնան: Դրա համար սիրում եմ խզբզել ու այդ դատարկությունը լցնել նկարչությամբ ու խաղով:

- Դերասանուհի Նարեն եւ նկարչուհի Նարեն ընդհանրություննե՞ր ունեն։

- Տարբեր են: Երբ մասնակցում եմ նկարչական սիմպոզիումների, սիրում եմ բոլորին խառնել, խմորել ու կպցնել իրար. բոլորը պետք է հաղորդակցվեն: Իսկ բեմում այլ կերպարով եմ, ֆլիրտն ավելի շատ է։ Իհարկե, հիմա չեմ խաղում այդքան. վախենում են հրավիրել։ Այդ վախը շարունակական է եւ ժառանգական: Բեմի մարդկանց կոալիցիաները չեն փոխվել։ Ես, օրինակ, շատ եմ փոխվել։ Օտարության ճամփեքին խաչելություններ անցած մարդը, վստահ, մեծ փոփոխությունների է ենթարկվել։ Վախենում են նոր գույնի հետ աշխատել:

Նարե Հայկազյանը


- Ժամանակ առ ժամանակ թղթին եք հանձնում Ձեր մտքերը, բայց այդ մասին շատ չեք բարձրաձայնում:

- Ինձ հետ մի հսկա էր ապրում՝ արձակագիր, ռեժիսոր Ջուլիետ Մատինյանը, որը ծնվեց գրչով ու գրչով հեռացավ: Մայրս իր թղթերն ինձ ժառանգություն է թողել։ Ժամանակին տպագրում էր իմ գործերն ու ասում էր՝ հետաքրքիր մտածողություն ունեմ։ Պատմվածքների մի ամբողջ շարան ունեմ, բայց այդքանով փակեցի այդ դուռը։ Թեեւ տարիներ հետո գուցե մի սպիտակ էջ վերցնեմ ու սկսեմ էլի խզբզել։

- Շատ խիստ եք Ձեր նկատմամբ։

- Հա՜։ Մայրս միշտ ասում էր՝ պետք չէ այդքան ինքնաքննադատ լինել։ Բայց իրապես ես ունենում եմ անլիարժեքության զգացում, ինքնահեգնանք՝ նույնպես. ինքս ինձ կարող եմ ծաղրել: Երբ վստահությունս կորցնում եմ, վերանում եմ տարածությունից։ Մարդիկ դրան դեպրեսիա են ասում կամ այլ բան, ես չունեմ նման անուններ, ուղղակի փակվում եմ։

- Տանն ինչպիսի՞ն եք։

- Սիրում եմ պատրաստել: Ընկերներս գալիս են, ու համեղ բաներ եմ հյուրասիրում: Բայց չեմ սիրում մեծ սեղաններ, նախընտրում եմ պատառ-պատառ կերակրել մարդկանց, եւ այդ ամենի մեջ էլ արվեստ կա։ Եվ իմ ընկերներն ընդունում են ինձ հենց այսպիսին:

Նարե Հայկազյանը


- Էմոցիոնալ մարդ եք, հնարավո՞ր է համակերպվել Արցախի կորստի, ստեղծված իրավիճակի հետ:

- Խեղդվում եմ։ Ստեփանակերտը, Հադրութը, Շուշին... Այնտեղի օդը ոչ թե հիշում եմ, այլ զգում եմ. բույր կար Արցախի օդում։ Դժվար է, իսկապես։ Իմ ներկայացման կտավը մի մեծ հողակտոր էր, ու սավանի վրա զոհերի սպիտակ կոշիկներն էին. ամեն հեռացող իր հետքն է թողում։ Ես հանեցի իմ կոշիկն ու դրեցի մանկան կոշիկի մեջ, այսինքն՝ կյանք տվեցի։

- Նարե, շատ անտարբեր ենք դարձել ամեն ինչի ու ամենքի նկատմամբ։

- Զրկանքներից է. հաղթանակը քո ափի մեջ էր, բայց այն, ինչ քեզ էր պատկանում, տարան քեզնից։ Վստահ եմ՝ չեն մարսելու, դա իրենցը չէ։

Նարե Հայկազյանը


- Ձեզ հետ կատարված դեպք, որ կուզեիք ջնջել Ձեր կյանքից:

– Ասում են՝ լավ չէ, որ եղավ, բաց լավ է, որ եղավ։ Թեկուզ այդ դեպքերը ճակատագրական շեղումներ են բերել իմ կյանք, բայց այսօր այն եմ, ինչ կամ:

- Ձեր թույլ կողմերը:

- Հուզական եմ ու դեռեւս հիմարաբար վստահում եմ մարդուն։ Փորձում եմ վարվել այնպես, ինչպես կուզեի՝ ինձ հետ վարվեն, սա սկզբունքորեն ինձ հետ քայլող «հաց» է՝ Տիրոջից տրված, որին անվերապահորեն հավատում եմ: Աստված է արվեստի անփոփոխ աղբյուրը:

- Իսկ ո՞րն է Ձեր ուժեղ կողմը:

– Ըմբոստ եմ։ Եթե անգամ ճանապարհս մթնշաղով, գայլերով լեցուն է ու անորոշ, ես կգնամ դեպի իմ հանգրվանակետը:

Զրուցեց Արմինե Գեւորգյանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW