«Բաժանում չի լինում» խորագրով համերգային երեկոն նոյեմբերի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համախմբել էր չկրկնվող ձայնով եւ ուրույն ձեռագրով լուսահոգի երգիչ Արա Մարտիրոսյանի ընկերներին եւ նրա արվեստի սիրահարներին:
Հաղորդավարներն Ավետ Բարսեղյանը եւ Նազենի Հովհանիսյանն էին: Վերջինիս խոսքով՝ Մարտիրոսյանն ամեն վայրկյան ժայթքող հրաբխի էր նման. «Հենց այդպես էլ հեռացավ՝ մի ակնթարթում, երեւի, իր որոշմամբ։ Շատ սիրում էի նրա հախուռն տղամարդկային էությունը, հենց այդպիսին էլ բեմում էր։ Նրա ո՛չ ձայնն էր շփոթեցնող, ո՛չ էլ արտաքինը, իր յուրահատկությամբ անկրկնելի էր, եւ այսպես եմ ասում ոչ թե նրա համար, որ իմ ընկերն էր, կամ որ հիմա չկա, այլ իրապես այդպիսին էր»։
«Полу я» կոչվող իրենց սիրված զուգերգը կատարելուց առաջ Իվետա Մուկուչյանը խոստովանեց՝ ապավինելով մասնագիտական հմտություններին՝ կփորձի հուզմունքը զսպել. «Գիտեմ՝ նա վերեւից նայում է մեզ։ Օրինակ, երբ ինձ ասում էին՝ փակ հագնվիր բեմում, Արան իրեն բնորոշ ձեւով կասեր՝ ինչ ուզում եմ, հագնեմ։ Կուզեր, որ այսօր մենք ուրախ լինեինք։ Գիտե՞ք, իր հետ խոսում եմ մեկ-մեկ, անգամ այսօրվա երգի մասին եմ խոսել. այլ երգ կար, որը եւս կուզեի կատարել, բայց մտովի իր հետ քննարկելիս, կարծես, ասաց՝ «Դե, լավ, այդ երգն էլ հետո կերգես»»։
Երգչուհին նշում է՝ Մարտիրոսյանն իրեն անսահման տպավորել է առաջին հերթին «Մի գնա» երգով. «Այդ երգով եմ Արային ամենաշատը սիրել, քանի որ այդքան ուժեղ տղամարդն ուղիղ կարող է չասեր՝ մի գնա, բայց հոգու խորքում ուներ այդ նուրբ շերտը, որը ես գիտեմ»։
Սոնան հանդես եկավ իրենց «40 градусов» զուգերգով: Երգչուհին ասաց՝ շնորհակալ է Աստծուն, որ համագործակցել են, կարծում է՝ շատ նման էին իրար. «Կարոտն օր օրի ավելանում է, ուզում ես ուղղակի գրկելու հնարավորություն ունենալ... Ավետը հիանալի է ասել՝ նա չէր դարձել, այլ ծնվել էր երաժիշտ, ուներ էներգիա, որը եւս բնատուր է: Մեզ համար շատ պատասխանատու համերգ է, քանի որ նախ՝ Արայի ձայնից չկա, երկրորդը՝ Արայի տեսակից էլ չկա»:
Արկադի Դումիկյանը Արա Մարտիրոսյանի հետ ծանոթացել էր մի քանի տարի առաջ, բայց հասցրել էին ընկերանալ։ Նա կատարեց երգչի «Սեր կա» երգը․ «Շատ էր տարբերվում իր երգերով, կյանքում էլ առանձնահատուկ էր: Միասին ճամփորդել ենք, ու կասեմ՝ ամուր բնավորությամբ տղամարդ էր: Նրա անժամանակ մահը մեծ կորուստ է բոլորիս համար»։
Համերգի խորագիրը դարձած «Բաժանում չի լինում» երգը կատարեց Սիրուշոն։ Խոստովանեց՝ այս համերգին ապրումները զսպելը դժվար է. «Նման դեպքերում բեմում փորձում ես նախ հաղթահարել այն զգացողությունը, որ ուզում ես լսել երգը հենց արտիստի կատարմամբ, հետո հաղթահարում ես զգացումը, որ ընկեր ես կորցրել։ Հայկոյին նվիրված համերգին էլ այդպես էր: Բառեր գտնելն էլ է բարդ։ Ինչքան էլ թվում է՝ մեզ պինդ ենք պահում, բայց բեմից դուրս ենք գալիս ու հուզվում՝ հասկանալով, որ մեր փոխարեն այդտեղ պետք է կանգնած լիներ նա։ Ե՛վ Արան, ե՛ւ Հայկոն այն երաժիշտներն էին, որոնց ուղարկում էինք մեր նոր երգերը՝ կարծիք լսելու համար: Հիմա այդ շփումներն ինձ շատ են պակասում»։
Սոֆի Մխեյանը կատարեց «Карусели» երգը, իսկ «Մի գնա»-ն շատ զգացմունքային ներկայացրեց Սոնա Ռուբենյանը։ Արա Մարտիրոսյանի մյուս գործերը հնչեցրին Մաշա Մնջոյանը, Արեւոն, Հռիփսիմե Հակոբյանը, Սարգիս Մանուկյանը, Ռազմիկ Ամյանը, Արամ MP3-ն, Մարտին Մկրտչյանը եւ ուրիշներ։
Դե, իսկ վերջում հանդիսատեսն ունկնդրեց երկու ընկերոջ՝ Հայկոյի եւ Արա Մարտիրոսյանի զուգերգը։ Համերգի ռեժիսորը Լուսինե Մարտիրոսյանն էր, երաժշտական պրոդյուսերները՝ Կարենը եւ Սեւակը, ովքեր երգիչներին նվագակցել են ամբողջ համերգի ընթացքում:
Համերգը կազմակերպվել էր «Արա Մարտիրոսյան» մշակութային հիմնադրամի ջանքերով, որի հիմնադիրը արտիստի քույրն է՝ Արաքսյա Մարտիրոսյանը: BRAVO.am-ի հետ զրույցում նա նշեց, որ նորաստեղծ հիմնադրամի նպատակը երգչի կիսատ թողած գործերն ավարտին հասցնելն է։
«Միգուցե շատերը չգիտեն, բայց Արան շատ երգերի երաժշտության հեղինակ է։ Փորձելու ենք ամենը ներկայացնել իր սիրելի հանդիսատեսին, որպեսզի գոնե այդպես մեղմենք այն անասելի կարոտը, որ կա բոլորիս սրտերում։ Այս տարի լրացավ նրա ստեղծագործական կյանքի 25 տարին։ Ցավոք, չհասցրեց այն նշել։ Այլ աշխատանքներ էլ կան, որոնք կիսատ մնացին, եւ իմ ցանկությունն ու նպատակն է դրանք ավարտին հասցնել։ Առաջիկայում նրա հիշատակին նվիրված համերգ կիրականացնենք նաեւ Մոսկվայում: Չեմ մոռանում՝ ինչպես էր ասում. «Միշտ ձեր՝ Արա Մարտիրոսյան»»,- նշել է Արաքսյա Մարտիրոսյանը:
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: