×


«Երեք ընկեր». Ավետիսյանի երազելի դերը, Խաչիկյանի եթերային Պատրիցիան եւ Քեշիշյանի վերադարձը

Երեւան են եկել Ռեմարկի «Երեք ընկերները»: Այս անգամ նրանց կհանդիպեք Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Ընկերներին բեմ բարձրացնելու գաղափարը Հրաչ Քեշիշյանինն է: Ռեժիսրոն այդ նպատակով միավորել է Անի Խաչիկյանին (Պատրիցիա), Ներսես Ավետիսյանին (Ռոբերտ), Լեւոն Հախվերդյանին (Գոթֆրիդ) ու Վիլեն Սարգսյանին (Օտտո)։

Ռեմարկի այս ստեղծագործությունն ամենաշատ բեմադրվածներից մեկն է. ամենատարբեր թատրոններում բազմաթիվ ռեժիսորներ են անդրադարձել վեպին։ Սյուժեի հիմքում պատերազմն է, բայց ոչ անմիջականորեն, այլ դրա հետեւանքները: Մարդիկ հազիվ են բուժել իրենց վերքերն ու վերադառնում են կյանք՝ փորձելով ապրելու նոր իմաստներ գտնել: Երեք ընկերն իրենց ավտոարհեստանոցն ունեն, որտեղ աշխատում են ու միմյանց նեցուկ լինում կյանքի տարբեր իրավիճակներում: Պատրիցիայի ու Ռոբերտի սիրավեպը ներկայացման առանցքն է դառնում ու անդրադառնում բոլորի հարաբերությունների վրա՝ ցույց տալով, որ անկախ բարդ ժամանակներից՝ սերն ու ընկերությունն ամենակարեւորն են, եւ պետք է կարողանալ դրանք լիաթոք վայելել:


«Երեք ընկեր» ֆիլմը նկարելուց շատ տարիներ անց Քեշիշյանը նորից է վերադարձել Ռեմարկի ստեղծագործությանը եւ ստացել 1920-ականներին հատուկ գեղեցիկ ու էսթետիկ հագուստներով երաժշտական եւ պարային ներկայացում:

Հրաչ Քեշիշյան. «Ինչքան հին պատերազմները չես հիշում, նորերը մոտենում են»

BRAVO.am-ին նա պատմել է, որ այս գործին անդրադառնալու մտադրություն չի ունեցել, ընկերներն են ստիպել, իսկ արդեն աշխատելու ընթացքում հասկացել է, որ այն արդիական է եւ մարդիկ հարյուր տարվա ճշտությամբ պատմական նույն իրադարձությունների ականատեսն են դարձել։


«Մենք ռեմարկյան պատմության ապրումների, հույզերի եւ տրամադրությունների կրողն ենք։ Ուզում եմ՝ ներկայացումը հատկապես երիտասարդները դիտեն, որովհետեւ այն պատերազմը վերապրած ու դրանից ուշքի գալու փորձեր անող սերնդի մասին է։ Որեւէ լուծում կամ պատասխան չունենք, բայց գուցե հուշումներ գտնեն, բռնեն երջանկության ձեռքն ու այն ամուր պահեն, որովհետեւ կյանքը շատ կարճ է ու պատերազմների միջակայքում է։ Երբ արհավիրքը գալիս է, ամեն ինչ կործանվում է, ինչը չի նշանակում, որ կյանքը պետք է ընդհատվի, բայց իրավունք էլ չունենք մոռանալու նախորդ արհավիրքը, որովհետեւ ինչքան հին պատերազմները չես հիշում, նորերը մոտենում են»,- նշել է Հրաչ Քեշիշյանը։

Խոստովանել է, որ ներկայացումը կայացել է իր ընկերների ու կարեւոր հենասյուների օգնությամբ։ Նրանք են բեմանկարիչ Դավիթ Մինասյանը, որը պիեսի համար յուրահատուկ ու տարբերվող աշխարհ է ստեղծել. բեմն անդադար շարժման մեջ է ու հերոսների կյանքի բոլոր իրադարձությունների ուղեկիցը: Մյուսը, Քեշիշյանի խոսքով, թարմ ու հետաքրքիր երաժշտության հեղինակ Արթուր Ալեքն է, իսկ պարերը բեմադրել է Ալեքսեյ Նարուտոն։ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի առաջատար պարողների հետ էլ աշխատել է ու գեղեցիկ լուծումներ ստացել ռեժիսորի կինը՝ Լուսինե Սահակովան։

«Մեծ շնորհակալություն գլխավոր բալետմայստեր Ռուբեն Մուրադյանին, ով իրենց խիտ գրաֆիկի պայմաններում մեզ համար ստեղծեց այս պարային խումբը։ Բոլոր լավ գործերը չեն կայանա, եթե կողքիդ չլինեն ընկերներ։ Մեծագույն շնորհակալություն Դրամատիկական թատրոնին, որովհետեւ ես ոչ թե հրավիրված ռեժիսոր եմ, այլ ինքս եմ առաջարկով եկել։ Սիրելի օջախն ամեն ինչ արեց, որ ներկայացումը կայանա»,- ընդգծել է ռեժիսորը։


Քեշիշյանը ոչ միայն եկել է թատրոն, այլ նաեւ իր հետ բերել է դերասաններ Ներսես Ավետիսյանին, որի հետ նախկինում էլ աշխատել է, եւ Անի Խաչիկյանին։ Քեշիշյանի ու Խաչիկյանի առաջին համագործակցությունն է։ Պիեսը գրելու ընթացքում տարբեր ներկայացումներ է դիտել ու հենց նրան ընտրել գլխավոր հերոսուհու՝ Պատրիցիայի դերի համար:
 
«Շատ երկար դիտարկումների արդյունքում եմ ընտրել Անիին, իսկ հետագայում նրա  խոր, գեղեցիկ ու նուրբ մտքերը իմ մտքում նրան ձեւավորեցին որպես Պատրիցիայի։ Ներսեսը լրիվ Ռոբ է իր ապրելակերպով, խառնվածքով ու կյանքը սիրելու կերպով։ Լեւոնին շատ եմ սիրում՝ ունիվերսալ դերասաններից է, որ կարող է ամեն ինչ կերտել։ Վիլենն ինձ համար բացահայտում էր. նա մեզ ուշ միացավ, բայց դա արեց կայծակնային արագությամբ։ Նրա զսպվածությունը եւ ներքին պայծառությունն ամեն ինչ արժեն։ Մյուս տղաներն էլ հիանալի էին, թեկուզ էպիզոդիկ դերեր ունեին, բայց կարողանում էին մոտիվացված լինել, ինչը թանկ արժե, ու նրանց եւս շնորհակալ եմ»,- նշել է ռեժիսորը:

Իսկ թե ինչու է Հրաշ Քեշիշյանին դուր գալիս թատրոնում աշխատանքը, հումորով է պատասխանում. «Աթոռ ունես ու նստած ես, քամիները եւ ձյունը չեն փչում դեմքիդ։ Թեեւ թատրոնում թվացյալ ավելի հարմարավետ է, բայց միեւնույն է՝ աշխատանքը նույնն է»։


Ներսես Ավետիսյան. «Ռոբերտն իմ խաղացած կերպարներց ամենաբարդն է»

Պարզվում է՝ Ռեմարկը Ներսես Ավետիսյանի ամենասիրելի գրողներից է ու պատանեկության տարիներին շատ է տպավորվել նրա «Երեք ընկեր» եւ «Հաղթական կամար» վեպերով։ Տարիներ շարունակ տարված է եղել Ռոբի ու Պատրիցիայի սիրային պատմությամբ եւ իրեն պատկերացրել հերոսի դերում։

«Իմ սիրելի խմիչքը ռոմն էր, որովհետեւ Ռոբն էր այն խմում, ես էլ իմ Պատրիցիային էի փնտրում՝ եթերային մի աղջկա։ Ու դրանից տասը տարի անց Ռոբին մարմնավորելու առաջարկը ստանալուց հետո ուրախությանս չափ չկար։ Հուսամ՝ մարդիկ մեզ կհասկանան ու կապրումակցեն, որովհետեւ պատմում ենք շատ այսօրական պատմություն, թեեւ դեպքերը տեղի են ունեցել հարյուր տարի առաջ, բայց մենք էլ դարձանք այն սերունդը, որն ապրում է պատերազմների միջակայքում, որի վերսկսվելու վտանգը միշտ կա»,- ասել է դերասանը։


Ռեմարկի գիրքը Ավետիսյանը վերընթերցել է պատերազմից հետո ու լրիվ այլ ապրումներ ունեցել։ Իսկ Քեշիշյանի նկարահանած ֆիլմը դիտել է 12 տարի առաջ եւ դերին պատրաստվելու ընթացում չի վերանայել, որպեսզի սեփական Ռոբին ստեղծելու ընթացքում իրեն չխանգարի ու կաղապարների մեջ չդնի։ Համարում է՝ կարողացել են պատմությունը նորովի ներկայացնել։

Դերասանն ուրախ է, որ բեմում աշխատելու հնարավորություն է ունեցել իր մտերիմ ընկերների՝ Անի Խաչիկյանի ու Լեւոն Հախվերդյանի հետ, իսկ ահա Վիլեն Սարգսյանի հետ աշխատելու ընթացքում է ծանոթացել. «Շատ շնորհակալ եմ նրան, որ այդքան գրկաբաց էր, ու չորսով այդքան արագ կարողացանք քիմիա ստանալ։ Քառյակը շատ հեշտ ձեւավորվեց. եթե կապը միայն երկու հոգու մեջ լիներ, ամեն ինչ կփլուզվեր։ Ինձ այս ներկայացման մեջ դուր է գալիս այն, որ Քեշիշյանի թույլտվությամբ եւ ուղեկցությամբ առավելագույնս հողին կպած ենք մնացել. ստացվել է շատ բարդ բանի մասին պատմել առանց ավելորդ պաթետիզմի»։


Ներսես Ավետիսյանի խոսքով՝ Ռոբերտն իր խաղացած կերպարներից ամենաբարդն է: Մտածել էր՝ իր «Ցուրտ օր դժոխքում» մոնոներկայացումից հետո երկար ժամանակ կպահանջվի, որ նոր մարտահրավերի հանդիպի, բայց այն չուշացավ. «Այս դերն ավելի բարդ տրվեց, որովհետեւ երեւույթներն ու գույները, որոնք պետք է գիտակցեմ ու ապրեմ, ավելի շատ են, խոր ու խիտ»։

Խաչիկյան. «Պատրիցիայի հետ նույնականացումն ամենահուզականներից մեկն էր»

Անի Խաչիկյանի համար ներկայացման ստեղծագործական ողջ ընթացքն անչափ հետաքրքիր ու հաճելի է եղել։ Ռեժիսորի հետ բազմաշերտ աշխատանք են կատարել ձայնի, լուսավորության ու պլաստիկայի առումով, սովորել ներդաշնակ ու հարմարավետ զգալ անդադար տրանսֆորմացիայի ենթարկվող բեմում:

«Տեսարանից տեսարան ու վիճակից վիճակ արագ անցումները որոշ չափով կինոմոնտաժ էին հիշեցնում, ինչը նոր փորձառություն էր։ Պարոն Քեշիշյանի հետ առաջին համագործակցությունն է, ինչի համար անչափ շնորհակալ եմ եւ ուրախ այս հնարավորության համար»,- ընդգծել է դերասանուհին։


Խաչիկյանը նախընտրելի հեղինակներ ու կերպարներ չունի, քանի որ դերասանի կարեւոր առաքելությունը կերպարանափոխություններն է համարում, այլ ոչ թե բեմում կլիշեավորված պատկեր ստանալու ձգտումը։ Նրա խոսքով՝ պետք է բաց ու ճկուն լինել անցումների եւ նոր փորձարկումների համար։

«Պարզապես տարիների ընթացքում բարդ է դարձել մարմնավորել դրական հերոսուհիների, որովհետեւ նրանք որոշակի նմանություններ, իրենց հատուկ եթերայնություն ու բարություն ունեն, եւ ամեն անգամ հերոսուհուն նոր գույն տալը հեշտ չէ։ Բայց այս դեպքում Ռեմարկի Պատրիցիան է, որը վեպում իր տեսակն ու դրաման, մեղքերն ու արատներն ունի, որոնք այդ իրականության ու ժամանակի մեջ նաեւ իրենց արդարացումներն ունեն։ Պատրիցիայի հետ նույնականացումն ամենահուզականներից մեկն էր, որովհետեւ նա հետպատերազմյան կորսված սերնդի, երազանքների եւ կոտրված իրականության զոհ է։ Մեծ հաշվով բոլորս էլ ապրում ենք այդ իրականությունը, եւ այդ նույնականացումն էմոցիոնալ առումով բարդ է դարձրել ստեղծագործական ընթացքը»,- ավելացրել է Անի Խաչիկյանը։


Ներկայացման ամբողջ ասելիքը դերասանուհու համար խտանում է իր ու Ներսես Ավետիսյանի վերջին երկխոսության մեջ, երբ Ռոբն ասում է. «Մենք կարող ենք ավելի լավ աշխարհ ստեղծել, չէ՞, սիրելիս», իսկ Պատրիցիան պատասխանում է. «Մենք նման բաներ թույլ չէինք տա, բայց այն, ինչ ունենք, ավելի լավը չէր կարող դառնալ»։ Խաչիկյանի կարծիքով՝ պետք է փորձել բոլոր ժամանակներում էլ իսկապես ապրել, որովհետեւ դա յուրաքանչյուրին տրված լավագույն հնարավորությունն է։

«Իմ սրտին այս ներկայացումը մոտ ու հարազատ է նրանով, որ բեմում ընկերներիս՝ Լեւոնի ու Ներսեսի հետ եմ։ Ու ընկերների բոլոր տեքստերը, որ Ալֆոնսի մոտ հավաքվելիս խմում են, քննարկում, խոսում, անիծում իրենց բախտն ու ինչ-որ տեղ հեգնում այն, մենք էլ նույնն ենք արել՝ խմել ենք, խոսել, քննարկել, անիծել մեր բախտն ու ծիծաղել, եւ այդ միջակայքում ապրել եւ իսկական ընկերություն ունեցել»,- եզրափակել է դերասանուհին:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները ՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW