×


«Ծնողներս թույլ չէին տալիս Արմենի հետ շփվել, ես էլ ասացի՝ կփախչեմ»․ Աննա Էլբակյան

Դերասանուհի Աննա Էլբակյանը «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակում անկեղծորեն խոսել է ընտանիքի, ամուսնու հետ ծանոթության ու երկարամյա հարաբերությունների, թատրոնի, Աստծո հետ իր կապի եւ որդու մասին։

«Խորեն Աբրահամյանն ասաց՝ «Գնա բեմ»»

Սունդուկյանի անվան թատրոնին կից ստուդիան էր, ընդունելության ժամանակ Խորեն Աբրահամյանն էլ էր դահլիճում, իսկ մենք՝ ստուդիայի երեխեքով, նայում էինք փորձը։ Եվ հանկարծ նա ինձ ասաց՝ «Դու գնա բեմ»։ Գնացի, ու վերջ, էլ բեմից չեմ իջնում։ Շատ եմ սիրում հանդիսատեսին, տալիս եմ իմ սիրտը։ Մեր բեմը մի քիչ մեծ է, եւ հանդիսատեսը հեռու է, գուցե բոլորը չէ, որ տեսնում են քո աչքերը, բայց հոգին բոլորը զգում են։

«Երբ Արմենին առաջին անգամ տեսա, մտածեցի՝ իմ ամուսինն է»

Ընդունվեցի եւ Արմենին առաջին անգամ տեսա ճաշարանում, իր այդ աչքե՜րը․․․ Ու նա նայեց, ես նայեցի եւ մտքումս ասացի՝ իմ ամուսինն է։ Բայց նա մեծ էր, արդեն ճաղատացել էր (ժպտում է,- հեղ․)։ Եվ հետո մեկ էլ տեսա՝ իմ դասախոսն է ստուդիայում։ Մի օր նրան առաջարկեցի, որ ինձ գիրք փոխանցի, ու, երեւի, ես էլ նրան էի դուր եկել։

Շատ բաց եմ այդ իմաստով եւ չեմ ամաչում ասել այն, ինչ մտածում եմ։ Հետո նա ինձ առաջարկեց գնալ ռեստորան, ես էլ զանգեցի մամային, ասացի՝ «Գիտես, ես մի քիչ կուշանամ․ մեր դասախոսի հետ բան պիտի խոսենք»։ Գնացինք «Քաջ Նազար» ռեստորան, պատվիրեցինք կակաո եւ երկար նայում էինք իրար։ Մինչ այդ կակաոյի սերը սառեց ու ճմրթվեց, եւ այլեւս խմելու չէր (ժպտում է,- հեղ․)։ Շատ երկար նայում էինք ու ոչինչ չէինք խոսում։

Պարզ է, որ տանը թույլ չէին տալիս շփվել․ իրենց փոքրն էի։ Կիրթ մարդիկ էին, չէին ուզում՝ 17 տարեկանում ամուսնանամ։ Ես էլ ասացի՝ կփախչեմ (ծիծաղում է,- հեղ․)։ Արմենը եկավ, ծնողներիս ասաց՝ երկու անգամ ավելի շատ կգա ձեռքս խնդրելու, քան Պուշկինն է գնացել իր սիրելիի համար։ Եվ հայրս ընկավ մտածմունքների մեջ։ Չփախա, չէ՜․ շատ լավ, շատ թատերային, համեստ հարսանիք արեցինք։ Ի դեպ, իմ հարսանեկան զգեստը կարել էր Արմենի հորաքույրը։

43 տարվա ամուսնությունն ու բաժանում-վերամիավորումները

Մաքսիմալիստ եմ մինչեւ հիմա էլ եւ ունեմ ընտանիքի իմ մոդելը։ Իսկ Արմենը խենթ արվեստագետ էր, եւ մինչեւ մենք կարողացանք հասկանալ, որ ընտանիքն առանձին բան չէ, այլ ամենուրեք է, անընդհատ է, մինչեւ սահմանեցինք կարեւոր արժեքներն՝ ընտանիք, հետո նոր՝ մասնագիտություն, ես փոխվեցի ու փոխվեց իմ շուրջ ամեն բան։ Ուզեցի լավ ընտանիք, բայց չունեի մոդելը. ինքներս պիտի ստեղծեինք։ Եվ դեռ ընթացքի մեջ է. չգիտեմ, թե մեծահասակ Արմեն եւ Աննա Էլբակյաններն ինչպես կապրեն իրար հետ։

«Հասկացա՝ կարելի է Աստծո հետ ընկերություն անել»

Եղավ մի պահ, երբ իմ կյանքում ամենաառաջինը դարձավ Աստված։ Եթե մարդ ուզում է ինքն իրեն գտնել եւ ճշմարտությունը գտնել, Աստված հանկարծ դառնում է անձ, ընկեր, զրուցակից։ Եվ հայտնաբերում ես, որ քրիտոնեությունն ապրելակերպ է, գրված սկզբունքների շարան չէ, որին պիտի հետեւես։ Ու հասկացա, որ կարելի է նրա հետ ընկերություն անել, կարելի է կյանքում շատ բաներ փոխել։

«Արմենն աղաղակեց՝ «Եթե դու կաս ու տղաս քեզ մոտ է, նշան տուր»

Հիշում եմ, որ դեպքից մի շաբաթ առաջ, կասես, պատրաստվելու շրջան էր թե՛ Էդգարի համար, թե՛ ինձ։ Անընդհատ խոսում էր երկնքի մասին՝ կա՞ այդ հավիտենությունը, ո՞նց է այնտեղ... Ասես, անընդհատ պատրաստվեր այդ թռիչքին դեպի երկինք։ Արմենը մի հատկություն ունի, որ իր վրա է վերցնում ամեն մի դժվարություն եւ բոլոր անլուծելի հարցերին ինքն է լուծում տալիս։ Բայց այդ ժամանակ մոտեցավ ինձ ու ասաց՝ «Ես անզոր եմ»։

Այն ժամանակ սգո սրահներ չկային, 2000 թիվն էր։ Արմենը դուրս եկավ տան բակ տղաների հետ, նայեց վերեւ ու աղաղակեց` «Աննան ասում է, որ դու կաս։ Եթե դու կաս ու իմ տղան հիմա քեզ մոտ է, նշան տուր»։ Օգոստոսն էր, չոր էր, բայց հանկարծ երկինքը որոտաց, եւ մեծ կաթիլներով անձրեւ սկսեց թափվել հենց իրենց վրա։ Արմենի հորեղբայրը վազելով եկել է ու ասել՝ «Արմեն, այ, Արմեն, նայիր՝ ոչ մի տեղ անձրեւ չի գալիս, միայն այսքան տեղն է»։ Իրեն պետք էր այդ նշանը, իսկ ինձ պետք էր իմ ներքին որոշումը՝ ես կանգնեմ, որ Արմենը չփլվի, մաման չփլվի։ Ու ես էլի եմ ասում՝ իմ ուժերով չեմ արել, իմ սիրելի Տերն է օգնել․ նա ուզում է մեզ հետ զրուցել։

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW