×


«Տարվա երգ 2024»-ի հյուրերը, պրեմիերաներն ու հարգանքի տուրքն Արա Մարտիրոսյանի հիշատակին

«Տարվա երգ» մրցանակաբաշխությունն արդեն երկրորդ անգամ իրականացվում է Երեւանում՝ համախմբելով հայ արտիստներին աշխարհի տարբեր անկյուններից: Երաժշտական իրադարձությունը, որը կցուցադրի «Արմենիա TV»-ն, տեղի ունեցավ Մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 1-ին։

Մրցանակ ստացան տարվա ընթացքում ստեղծագործական ակտիվությամբ աչքի ընկած եւ YouTube-ում ամենաշատ դիտումներ գրանցած կատարողները։ Երեկոյի հաղորդավարական զույգը Նազենի Հովհաննիսյանը եւ Տարոն Իսպիրյանն էին։


Սոֆի Մխեյանը ներկայացավ իր նոր «Մատանի»-ով, որը համացանցում արդեն լայն տարածում է գտել։ Խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունը՝ Նիկ Էգիբյանի:

«Ավետը հետաքրքիր կոդ է դրել երգի մեջ՝ աղջկական հեքիաթի եւ մատանու։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր աղջիկ շատ ուզում է եւ գուցե երազում է, որ իր ձեռքին շողա այդ մատանին։ Երգում ազնվություն կա, շատ իսկական է»,- նշեց երգչուհին եւ հավելեց. «Նման համերգներն արտիստների համար մեծ երջանկություն են: Վերջին տարիներին հասկանալի պատճառներով կատարողների եւ հանդիսատեսի հանդիպումները շատ են պակասել»։


Արամ Ասատրյանի «Փաթիլներ» երգը ներկաները ունկնդրեցին Սոնա Ռուբենյանի ուրույն մեկնաբանությամբ: «Շատ կուրախանամ, եթե շատերի համար ավանդույթ դառնա ամեն տարվա ձյան հետ լսել այս երգը։ Հաճելի է, որ նման միջոցառումների ժամանակ գնահատվում է աշխատանքդ: Նաեւ գործընկերներին հանդիպելու հաճելի առիթ է», - ասաց Ռուբենյանը:


«Տարվա երգն» առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հայկական ժողովրդական երգերի տարածմանը, ինչի առիթով իր ուրախությունը հայտնեց հատուկ հյուրերից Վարդան Բադալյանը. «Հաճելի է, երբ մեր աշխատանքը գնահատում են։ Այսօր «Նարեկացի» նվագախմբի հետ ներկայացնում եմ Սայաթ-Նովայի «Պատկիրքդ` ղալամով քաշած» երգը՝ «Լուսե» պարախմբի ուղեկցությամբ»։


Մեծ երգչախմբի հետ «Արարատ» երգով հանդես եկավ հաջորդ հատուկ հյուր Արտո Թունջբոյաջյանը, որը մեզ հետ զրույցում նշեց․ «Գիտեմ, հիմա շատ տաղանդավոր երաժիշտներ եւ երգիչներ կան, կուզեմ մի մտքով կիսվել իրենց հետ՝ երգերով թող համընդհանուր բաներին անդրադառնան, ոչ թե՝ շատ մասնավոր։ Կարեւոր է, որ իրենք իրենց տաղանդը ճիշտ ձեւով օգտագործեն եւ առողջ ձեւով ներկայացնեն»:


Այս տարվա հատուկ հյուրերից էր նաեւ Մոսկվայից այս համերգի համար Երեւան ժամանած Միխայիլ Գալուստյանը, որը իր անհատական ելույթից բացի, Արկադի Դումիկյանի հետ կատարեց «Հեյ ջան, Երեւան» երգը:


Նախորդ տարվա հատուկ հյուրերից Ալեքսանդրոս Ցոպոզիդիսը, որը հայերեն կատարումով զարմացրել էր ներկաներին, BRAVO.am-ին էլ պատմել իր հայկական արմատների մասին, այս անգամ եւս մեծ ուրախությամբ էր եկել համերգին մասնակցելու. «Երեւանում միշտ ունեմ հիանալի տրամադրություն եւ հատկապես՝ այս համերգներին իմ ելույթների ժամանակ: Այսօր հունական երգ եմ կատարելու, որի հեղինակը ես եմ: Առաջին անգամ է հնչելու: Դե, իսկ կատարման ավարտին հայ հանդիսատեսի հետ, իհարկե, հայերեն էլ փոքր-ինչ կերգեմ»։


«Տարվա երգ 2023» մրցանակաբաշխության ժամանակ վերջին անգամ երեւանյան բեմում հանդես էր եկել երջանկահիշատակ երգիչ Արա Մարտիրոսյանը: Կազմակերպիչները նրա կատարումներից հատվածներով եւս մեկ անգամ ապահովեցին երգչի հավերժ ներկայությունը բեմում։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW