Գինի, մոմեր ու երաժշտություն, հանդիսատեսն էլ ոչ թե դահլիճում է, այլ բեմում՝ արտիստի հետ կողք կողքի։ Կամերային թատրոնում պրեմիերա է. «Ես անուն չունեմ» մոնոներկայացումը ստեղծել են 4 կանայք։ Անուշ Ասլիբեկյանը գրել է պիեսը՝ Սոնա Վանի ստեղծագործությունների հիման վրա, բեմադրել է Լուսինե Երնջակյանը, իսկ բեմում Քեթրին Մանասյանն է։ Նրանց օգնել են նաեւ տղամարդիկ՝ երկրորդ ռեժիսորը Ժորա Մարտիրոսյանն է, երաժշտությունը գրել է Վահան Արծրունին:
«Շատ էի ցանկանում, որ հանդիսատեսը լիարժեք զգա ներկայացման բաց ներվն ու ապրի դերասանուհու փոխանցած հույզերը, ինչի համար էլ փորձել ենք ստեղծել ավելի ինտիմ մթնոլորտ»,- նշել է Լուսինե Երնջակյանը:
Լուսինե Երնջակյանը եւ Քեթրին Մանասյանը
Մոնոներկայացումը կնոջ մասին է, որը պատերազմում կորցնում է սիրելի տղամարդկանց։ Նա որեւէ երկրի քաղաքացի չէ ու խոսում է մի բանի մասին, որն ազգություն չի ճանաչում։ Ներքին բախումների, վախերի, ելքեր որոնելու ճանապարհին նա, ի վերջո, գտնում է սեփական ճշմարտության բանաձեւը, որով եւ դիմում է աշխարհի կանանց:
Սոնա Վանի ստեղծագործությունները դուրս են պոեզիայի ձեւաչափից, հետեւաբար, շատ հեշտ են վերածվում բեմականացված տարբերակի։ Ներկայացումը դիտելիս բոլորովին չի զգացվում, որ այն ստեղծվել է բանաստեղծությունների հիման վրա։
«Յուրաքանչյուր կին իրեն կգտնի հերոսուհու մեջ, քանի որ բոլորս այդ ցավով ապրում ենք, արտահայտվելու անհրաժեշտություն ու ցանկություն ունենք։ Ոմանք համակարծիք կլինեն Քեթրինի հետ, մյուսները մտովի կվիճեն, բայց ինչ-որ կետերում, միանշանակ, դերասանուհին կդիպչի հանդիսատեսի սրտին ու, ամենակարեւորը, հույզեր կառաջացնի»,- ասում է ռեժիսոր Լուսինե Երնջակյանը։
Քեթրին Մանասյանը Սոնա Վանի ստեղծագործություններին վաղուց է ծանոթ, իր խոսքով՝ պարբերաբար վերընթերցում է, իսկ ներկայացումը ստեղծագործությունների փունջ է։
«Մենք խոսում ենք աշխարհի կնոջ, մոր տեսանկյունից: Գուցե պատերազմներ չլինելու երազանքն ուտոպիստական է հնչում, բայց ներկայացման մեջ կան ռեալիստական ուղերձներ։ Ռեժիսոր Լուսինե Երնջակյանն իր լուծումներով ստացել է ժամանակակից ներկայացում»,- նշել է Քեթրին Մանասյանը:
Դերասանուհու խոսքով՝ հետաքրքիր փորձառություն է բեմում լինել հանդիսատեսի հետ. «Դու ուղղակի բաց ես նրա առաջ, զրուցում ես հետը, նայում աչքերին ու դարձնում քո խաղընկերը»:
«Ես անուն չունեմ»-ը ներկայացվել է «Արմմոնո» թատերական միջազգային փառատոնի շրջանակում:
Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: