×


Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացումը՝ բազմաթիվ աստղերի ներկայությամբ

Անցած հանգստյան օրերը պատմական էին Ֆրանսիայի համար․ ավերիչ հրդեհից հինգ տարի անց վերաբացվեց Փարիզի Աստվածամոր տաճարը եւ պատրաստ է կրկին ընդունելու բազմահազար հավատավորների եւ զբոսաշրջիկների։

Բացառիկ եւ տիտանական աշխատանքի ավարտից հետո վերականգնվեց Փարիզի գլխավոր խորհրդանիշերից մեկը: Տաճարը պաշտոնապես վերաբացվեց շաբաթ օրը՝ դեկտեմբերի 7-ին: Վերաբացման արարողությունը տեղի ունեցավ տաճարի ներսում՝ ուժեղ քամու և հորդառատ անձրևի պատճառով։


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Նոտր Դամ հրապարակում ողջունեց աշխարհի չորս տասնյակ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների, հանրահայտ մարդկանց․ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը, ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը եւ Իլոն Մասկը եկել էին նշելու այս պատմական իրադարձությունը։ Բազմահազար հյուրեր, քաղաքական դեմքեր, հանրաճանաչ մարդիկ հավաքվել էին հոգեւոր այս կառույցի վերածնունդը նշելու։

Փարիզի արքեպիսկոպոս Լորան Ուլրիխը երեք անգամ խորհրդանշական հարվածեց տաճարի դռներին, այնուհետեւ բացվեցին դռները, իսկ այդ ընթացքում սաղմոսներ էին երգում Աստվածամոր տաճարի երգչախմբերը:


Էմանուել Մակրոնն իր ելույթում «ֆրանսիացի ազգի երախտագիտությունը» հայտնեց «բոլոր նրանց, ովքեր փրկել են Փարիզի Աստվածամոր տաճարը։ «Նոտր Դամի զանգերը կրկին ղողանջում են»,-ուրախությամբ հայտարարեց Ֆրանսիայի նախագահը։

Վերաօծվեց նաեւ Փարիզի Աստվածամոր տաճարի մեծ երգեհոնը՝ամբողջական վերականգնումից հետո: Փարիզի արքեպիսկոպոսը օրհնեց գործիքը, որն առաջին անգամ հնչեց հրդեհից հետո:

Արարողության ժամանակ իրենց մեծ ջանքերի համար հատուկ շնորհակալություն հայտնեցին Փարիզի հրշեջներին՝ հոտնկայս ծափահարություններով։


Կիրակի առավոտյան տեղի ունեցավ Սուրբ պատարագ, իսկ այսօրվանից ֆրանսիացի հավատավորները, մայրաքաղաքի զբոսաշրջիկները կարող են այցելել տաճար, սակայն հոծ բազմությունից խուսափելու համար մուտքն առայժմ ամրագրումով է, բայց անվճար։

Տաճարի բացումից առաջ Ֆրանսիայում քննարկվում էր, թե արդյոք պե՞տք է մուտքը վճարովի դարձնել, ինչպես մի շարք երկրների հայտնի տաճարների դեպքում է, սակայն լայնածավալ քննարկումներից հետո որոշվեց՝ հոգեւոր վայրը բաց կլինի բոլորի առաջ՝ առանց վճարի։ Վճարովի կլինի միայն թանգարանային մասը՝ ինչպես նախկինում։
 
Փարիզի գլխավոր հոգեւոր խորհրդանիշ այս տաճարը Ֆրանսիայի ամենաշատ այցելուներ ունեցող անվճար տեսարժան վայրն է, հրդեհից առաջ տաճարի այցելուների թիվը տարեկան կազմում էր մոտ 14 միլիոն։

Պատրաստեց Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը
/BRAVO.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW