Տեղի է ունեցել մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Jamais» («Երբեք») երգի և տեսահոլովակի փակ նախադիտումը: Այն իրականացվել է մաեստրոյի հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում:
Երգի խոսքերի հեղինակը Բատիստ Ֆոմերն է, երաժշտության հեղինակը՝ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը: Նախագծում ընդգրկված են 10 հայտնի արտիստներ Ֆրանսիայից և Հայաստանից՝ Հելեն Սեգարա, Ժուլիեն Դասեն, Ջուլիանա Գրիգորյան, Սոնա Ռուբենյան, Գևորգ Հակոբյան, Մաշա Մնջոյան, Աննա Խաչատրյան, Արամ MP3, Հովհաննես Այվազյան և Էրիկ Կարապետյան:
Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը ներկայացրել է երգի ստեղծման պատմությունը՝ նշելով, որ այն գրվել է Շառլ Ազնավուրի մահից մի քանի ամիս անց, երբ կոմպոզիտորը կարդացել էր նրա պատմություններից մեկը: «Այդ պատմությունն ինձ խորապես ոգեշնչեց, և ես հասկացա, որ այն կարող է միշտ ոգեշնչման ու չհանձնվելու աղբյուր լինել արվեստագետների համար: Այստեղից էլ ծնվեց «Jamais» երգը»,- ասել է Շուշան Սարգսյանը:
«Ամեն ինչ պետք է լիներ լայն և ընդգրկուն՝ ինչպես Շառլ Ազնավուրի արվեստն ու փիլիսոփայությունը: Այս երգը չէր կարող սահմանափակվել մեկ երգչի կատարմամբ: Այստեղ խտացված է իմ ողջ սերն ու ակնածանքը նրա արվեստի, կերպարի ու մեծության հանդեպ՝ հարգանքի տուրք տալով իրական հայի ազնվագույն տեսակին»,- շեշտեց նա:
Երգի գործիքավորումն իրականացվել է Ֆրանսիայում, իսկ ձայնագրման և նկարահանման աշխատանքները՝ Հայաստանում և Ֆրանսիայում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: