Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիան հրապարակել է «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության հավակնորդների անունները:
Յութուբյան ալիքով տեղի ունեցած ուղիղ եթերի ժամանակ Լոս Անջելեսից նրանց անունները ներկայացրել են դերասաններ Մինդի Քեյլինգն ու Մորիս Չեստնատը: Ամենաշատ՝ 10 անվանակարգերում ներկայացվել է օրեր առաջ Եվրոպական կինոակադեմիայի մրցանակին արժանացած «Էմիլիա Պերես» ֆիլմը:
«Ոսկե Գլոբուս» 82-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է հունվարի 5-ին, միջոցառման հաղորդավարն է լինելու սթենդ ափ կատակերգու Նիկի Գլեյզերը: Դերասանուհի Վիոլա Դեւիսն արժանանալու է Սեսիլ Բլաունտ դե Միլլի անվան պատվավոր «Ոսկե Գլոբուս»-ի: Այն 1952 թվականից տրվում է կինեմատոգրաֆում ունեցած մեծ ավանդի համար:
«Անորա» ֆիլմը, որում իրենց մասնակցությունն են ունեցել երկու հայ դերակատարներ՝ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը, ներկայացված է «Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգում: Մրցանակի համար պայքարելու են նաեւ «Էմիլիա Պերես», «Չարը. Արեւմուտքի կախարդի հեքիաթը», «Իսկական ցավ», «Հավակնորդները» եւ «Սուբստանցիա» ֆիլմերը:
«Լավագույն ռեժիսոր»-ի ցանկում ընդգրկվել են Շոն Բեյքերը («Անորա»), Էդվարդ Բերգերը («Կոնկլավ»), Բրեդի Քորբեթը («The Brutalist»), Ժակ Օդիարը («Էմիլիա Պերես»). Պայալ Կապադիա («Այն ամենը, ինչ մեզ լույս է թվում»), Կորալի Ֆարժան («Սուբստանցիա»):
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում են ընդգրկվել Յուրի Բորիսովը («Անորա»), Քիրան Կալկինը («Իսկական ցավ»), Էդվարդ Նորթոնը («Լրիվ անհայտ»), Գայ Փիրսը («The Brutalist»), Ջերեմի Սթրոնգը («Աշակերտը») եւ Դենզել Վաշինգթոնը («Գլադիատոր 2»):
Իզաբելա Ռոսսելինին («Կոնկլավ»), Մարգարեթ Քուոլին («Սուբստանցիա»), Արիանա Գրանդեն («Չարը. Արեւմուտքի կախարդի հեքիաթը»), Զոի Սալդանան («Էմիլիա Պերես»), Ֆելիսիթի Ջոնսը («The Brutalist») եւ Սելենա Գոմեսը («Էմիլիա Պերես») կպայքարեն «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու» մրցանակի համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: