×


«Մեր սիրելի հայր»․ պրոֆեսիոնալ ներկայացում՝ ոչ պրոֆեսիոնալ դերասաններով

Նոյեմբերի 16-ին և 17-ին Կանադայի Բրիթիշ Քոլոբիայի Հայ մշակութային միության վարչության աջակցությամբ տեղի ունեցավ «Մեր սիրելի հայր» ներկայացման պրեմիերան։ Այս ներկայացման դերասանները այլ մասնագիտություններ ունեն՝ մեկը հաշվապահ է, մեկը՝ ինժեներ, մյուսը՝ ծրագրավորմամբ է զբաղվում։ Այս մարդկանց եկեղեցին է կապել։ Ինչպես սցենարի հեղինակ Արշամ հայրիկի դերակատար՝ Հագոփ Աթթարմիգիրյանն է ասում՝ իրենց 80%-ը «վետերաններ» են․ դեռ 1985թ․-ից է գործում այս նախաձեռնությունը և 15 ներկայացում է բեմադրվել այդ ժամանակից ի վեր։ Այս սցենարը երկու տարում է ստեղծվել, իսկ փորձերը՝ գրեթե ութ ամիս։ Ներկայացման մեջ ներգրավված մարդիկ այլ խանդավառությամբ են խոսում այս մասին։

Ներկայացումը հայ ընտանիքի մասին էր՝ համեմված նուրբ կատակերգությամբ։ Նոր աղախնի փնտրտուքներով զբաղված են բոլորը։ Ընտանիքի հայրը՝ պարոն Արշամը կծծի մարդ է։ Միշտ դժգոհում է, թե ընտանիքի ծախսերը շատ են, գումարն անտեղի վատնվում է։


Վերջապես երկար փնտրտուքներից հետո գտնվում է այդ «իդեալական» կերպարը։ Տան բոլոր տղամարդիկ իրենց խելքը թռցնում են, երբ տեսնում են այդ ռուս «բաքլավային բես» աղջկան՝ Անուշկային։ Իսկ պարոն Արշամն այնքան է հավանում նրան, որ աչքերը փակում է այն փաստի վրա, որ այս աղջիկը ոչինչ անել էլ չգիտի, և չնայած գումար չունենալուն՝ աշխատանքի է վերցնում նրան «very cheap», շա՜տ էժան՝ ամսական 5000 դոլարով։

 Երիտասարդներից Տիգրան Ամիրխանյանը պատմում է խմբի հետ ծանոթության մասին․
«Եկեղեցուն կից սրահ կա, որտեղ հավաքվում ենք կիրակնօրյա պատարագից հետո, զրուցում։ Մի անգամ ականջս ծակեց մի խոսակցություն, թե մարդ ենք փնտրում, ում կարելի է ասել… և այլն։ Մոտեցա, հարց ու փորձ արեցի, պարզվեց՝ ներկայացում են ուզում բեմադրել, մի կերպար է մնացել կազմը ամբողջացնելու համար։ Սկզբում ասացին, որ արևմտահայերենով է տեքստը, եթե դժվարանամ, կօգնեն, բայց սկզբից էլ սահուն էր ամեն ինչ, զարմացել էին»։

Տիգրանը դերասանական կրթություն ունի, որի մասին ուղղակի չէր ասել խմբին, հետո Տեր Գեղարդն է ասել այդ մասին։

Ալիս Լազարյանը


Ռիտա Մանուկյանն ու Սաքո Արզումանյանը, ովքեր ամուսինների դերում են՝ Արշո և Ափիգ, իրար մոտ են ապրում, հարևաններ են։ Պատմում են, որ իրենց համար ավելի հեշտ է եղել կերպարը կերտել, որովհետև պատուհանից բարև անելիս էլ իրենց կերպարի մեջ են եղել։

 Բոլորին էլ հետաքրքիր է եղել իրենց տեսնել մեկ այլ միջավայրում, փորձել կարողություններն ու, ինչո՞ւ ոչ, հետաքրքիր ժամանակ անցկացնել։ Թատրոնն ու բեմը մտերմացնում են մարդկանց, մանավանդ, երբ բոլորը համախմբվում են մեկ գաղափարի շուրջ։ Այս մարդիկ չեն ուզում մոռացության մատնել այն, ինչ ունեն, այն, ինչ կոչվում է ազգային դիմագիծ։

Դահլիճում մարդիկ գոհ էին, շատերը՝ զարմածած։ Բոլորը բոլորին ճանաչում են։ Հատկապես զարմացել էին Պատրիսիա Զելվեյանի՝ Ազատուհու համարձակ կերպարի, Բերջ Համիյանի՝ Արտոյի հայերեն խոսելու վրա։ Պատրիսիան սովորաբար քչախոս է, ամաչկոտ, իսկ Բերջը այս ներկայացման շնորհիվ սովորել է հայերեն։ Իսկ Արքա Մովեսսյանի՝ Ավետիսի դերակատարի հարազատներն ընդհանրապես չէին սպասում իրեն բեմում տեսնել, այն էլ՝ երգելիս։ Նա ոչ ոքի ոչինչ չէր ասել ներկայացման մեջ իր ներգրավվածության մասին։

Արքա Մովեսսյանը


Շահին Սոհեիլինն էլ պարոն Արդարյանի դերում էր, ներկայացման փորձերին ուշադիր էր ու իր կողմից շտկումներ էր առաջարկում որևէ դրվագի առնչությամբ: Իսկ այ Անուշկան՝ Անի Խուդիյանը, ներկայացման ընթացքում կաշկանդվել էր Տեր Հորը նկատելուց հետո. նա ռուս ոչ այնքան բարոյական աղջկա կերպարում էր։

«Սիռու՜ն դղա, քեզի շա՜դ եմ սիռում․․․»

Էլո Աթթարմիգիրյանը, չնայած այն փաստին, որ հինգ երեխա և երեք թոռնիկ ունի, դպրոցական աղջկա՝ Անիի կերպարում էր․ ասում է՝ ուրախ է իրեն նորից փոքր աղջնակ զգալ․ «Հարստությունը միայն դրամ չէ, հարստությունը՝ ընտանեկան առողջություն, ուրախություն եւ սիրած գործով զբաղվելու մեջ է»։

Ալիս Լազարյանը երկու կերպարում էր՝ Անգինե և Անժել։ Նրա աջակցությամբ է, որ կարողացել են վարձակալել Jack and Darlene Poole թատրոնն ու անցկացնել պրեմիերան։ Ասում է՝ դերի առաջարկը Էլոյից է ստացել, իրար վաղուց են ճանաչում, որոշել է գործավարությանը զուգահեռ դերասանական արվեստն էլ բացահայտել։

Բերջ Համիյանը և Անի Խուդիյանը


Այս մարդկանց մասին շատ բան կա պատմելու, ամենքն առանձնահատուկ են իրենց երանգներով։ Չեմ կարող չհիշել տիկին Հասմիկ Իսբեքերյանին՝ Արաքսիի դերում․ փորձի ընթացքում, երբ դռնից ներս է մտնում՝ ներկայանալով, թե 70 տարվա  փորձ ունի և դեռ տակավին օրիորդ է, սկսում է ծիծաղել։ Մինչև ներկայացումն սկսելն էլ անհանգիստ էր, կարծում էր՝ էլի պիտի չկարողանա զսպել ծիծաղը։

Ներկայացումն ավարտվում է այն դրվագով, երբ հայր Արշամն իրեն խաբված է զգում և որոշում է նախապես իր ունեցվածքը պաշտպանել։ Պարզվում է, որ ճիշտ որոշում է կայացնում, քանի որ իր հարազատներն էլ փորձում են իրենցով անել ողջ կարողությունը։ Որոշ մասն ստացվում է, որոշ մասը՝ ոչ․ պարոն Արշամը, պարզվում է, որ բավականին մեծ կարողության տեր է, և ոչ-ոք չի իմանում իրական հարստության մասին։ Վերջում նա իր ողջ կարողությունը նվիրաբերում է Հայաստանի կրթական հաստատություններին և ասում․

«Ես ձեզ շատ սիրում եմ և ես ձեր շատ սիրելի հայրն եմ»։

Տեքստը և լուսանկարները՝ Անահիտ Ամիրխանյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW